Հյուսիսային համալսարանի դասախոս Հարություն Խալաթյանը՝ «ERASMUS+ KA107»՝ դասախոսների շարժունության ծրագրի մասնակից
Երևանի Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում ապրիլի 9-ին Լեհաստանի վերոնշյալ հաստատությունում մեկնարկել է 3-րդ միջազգային «ERASMUS+ KA107» ծրագրի դասախոսների շարժունության շաբաթը:Այս տարի համալսարանը հյուրակալել է երկու դասախոսի Ղազախստանի Ատիարուսկի նավթի և գազի համալսարանից, մեկ դասախոսի Սեմիպալատինսկի Շաքարիմի անվան պետական համալսարանից, երեք դասախոսի Ուկրաինայի Ումանի պետական մանկավարժական համալսարանից և մեկ դասախոսի Հայաստանի Հյուսիսային համալսարանից: Մեր երկրից ութժամյա դասախոսություններով հանդես է գալու Հարություն Խալաթյանը, ով ուսանողների հետ զրուցելու է «Տնտեսական աշխարհագրություն» թեմայի շրջանակներում:
Ամբողջ շաբաթվա ընթացքում միջազգային 7 մասնակիցները դասախոսություններ են կարդալու ուսանողների համար, ինչպես նաև մասնակցելու են երկակի դիպլոմ շնորհելու վերաբերյալ տարբեր քննարկումների, կիսելու են իրենց աշխատանքային փորձը:
Առաջին օրը մեկնարկել է ծրագրի ներածական հատվածը: Հյուրերի համար կազմակերպվել է ներհամալսարանական էքսկուրսիա, հանդիպում ռեկտորի հետ, այցելություն համալսարանի լաբորատորիաներ, ինչպես նաև զբոսանք Հին քաղաքում, որը Լեշնոյի ամենահայտնի տուրիստական տեսարժան վայրերից մեկն է:
Հաջորդիվ մասնակիցներին սպասվում է դասախոսություններով լի օր: