Գլխավոր Մեր մասին Մասնաճյուղեր

Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ

Մարզերում բուհերի մասնաճյուղ բացելով ոչ միայն մայրաքաղաքից հեռու բնակվողների ուսումնառության խնդիրն է լուծվում, այլեւ արտագաղթը կանխելու նախադրյալներ են ստեղծվում: Իսկ հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Ալավերդի քաղաքում, Հյուսիսային համալսարանի մասնաճյուղի ստեղծումն կրկնակի նպատակահարմար է, քանի որ այն հնարավորություն կտա Վրաստանի հայաբնակ երիտասարդներին ևս ներգրավվել ուսումնական գործընթացում: Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքն ու մասնաճյուղը հիմնադրվել է 1996 թվին: 10 տարի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ բուհի առջև դրված խնդիրների մեծ մասն իրագործվել են` լուծվել են կադրային, շենքային, տեխնիկական, ֆինանսական խնդիրները, հստակեցվել են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այժմ շեշտը դրվել է ուսումնական գործընթացը կատարելագործելու, ուսման որակը բարձրացնելու վրա: Այն, որ Հյուսիսային համալսարանը բարձր կարգավիճակ ու հեղինակություն է ձեռք բերել, իրենց համեստ ներդրումն ունեն նաեւ համալսարանի «Թումանյան» մասնաճյուղն ու նրա ուսանողնորը:

Այժմ մեր մասնաճյուղում սովորում են շուրջ 300 ուսանողներ, որոնք Ալավերդի են հասնում անգամ հարևան Տավուշի մարզից, Գուգարքի, Ստեպանավանի բնակավայրերից, Վրաստանի հայաբնակ գյուղերից, Ջավախքից: Մասնաճյուղում դասավանդում են ոչ միայն տեղացի, այլև Վանաձորից՚ Երևանից հրավիրված 31 մասնագետներ: Նրանցից 9-ը ունեն գիտական կոչումներ` 3-ը պրոֆեսոր, 7-ը դոցենտ: Ալավերդու մասնաճյուղին 97 շրջանավարտներից 64 աշխատում են հանրապետության տարբեր հիմնարկներում ու ձեռնարկություններում` Ալեքսանդր Գրիգորյանը Գյուլագարակի գյուղապետն է, Սաթիկ Թանյանը` Ջիլիզա գյուղի դպրոցի տնօրենն է, Գարեգին Անտաշյանը արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզի Թումանյանի ստորաբաժանման պետն է, Լաուրա Կիրակոսյանը Աքորու միյնակարգ դպրոցում դասվար է, Ալեքսանդր Ծատուրյանն ու Աննա Թամազյանը դասախոսում են «Թումանյան» մասնաճյուղում, Վահե Սարգսյանը, Սամվել Դավթյանը, Կարեն Քառյանը, Մարիաննա Օնանյանը «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի պատասխանատու աշխատակիցներ են, Աննա Մակարյանն աշխատում է Ալավերդու քաղաքապետարանում, բոլորին հնարավոր չէ թվարկել: 1997-ից մեր մասնաճյուղի կազմում գործում է նաև բժշկական քոլեջ, որի քույրական և ատամնատեխնիկական ֆակուլտետներում սովորում են շուրջ 60 ուսանողներ: Մեր ուսանողներն իրենց պրակտիկան անցկացնում են Ալավերդու հիվանդանոցում, պոլիկլինիկայում: «Թումանյան» մասնաճյուղն ունի ուսանողական խորհուրդ, մշակութայնի, գրական, մարզական խմբակներ, կազմակերպում ենք ուսանողական նստաշրյաններ, ցերեկույթներ, ուխտագնացություններ, մարզական տարբեր միջոցառումներ: 2001-ին, օրինակ, կազմակերպեցինք «Ալավերդին բրոմզե դարից մինչև մեր օրերը» գիտագործնական կոնֆերանսը` նվիրված պղնձաձուլական գործարանի հիմնադրման 230 ամյակին, կազմակերպել ենք միջոցառումներ` նվիրված Թումանյանի ծննդյան 135 ամյակին:

Այսօր հանգիստ խղճով կարող ենք արձանագրել, որ Հյուսիսային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղը կայացել է` այն հաջողությամն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության կադրեր է պատրաստում Ալավերդու եւ տարածաշրջանի համար: Մասնաճյուղն աստիճանաբար վերածվում է Լոռու մարզում կրթական, մշակութային, գիտական կենտրոնի, որը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: