Գլխավոր Ուսանող Ուսանողական կյանք

Ուսխորհրդի կանոնակարգ

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Երևանի Հյուսիսային համալսարանի Ուսանողական խորհուրդը / այսուհետ` ԵՀՀ ՈւԽ/ Հյուսիսային համալսարանի ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:
1.2 ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:
1.3 ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
1.4 ՈւԽ-ն իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ գործող օրենսդրությանը, Հյուսիսային համալսարանի Կանոնադրության և սույն Կանոնադրությանը համապատասխան:
1.5 ՈւԽ-ն ունի անկյունային դրոշմ, պաշտոնաթուղթ և իր գործունեությամբ ու նվիրատվությամբ ձեռք բերած ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունք:
1.6 ՈՒԽ-ի լրիվ անվանումն է` հայերեն` Հյուսիսային համալսարանի Ուսանողական Խորհուրդ, ռուսերեն` անգլերեն`
1.7 ՈւԽ-ի հասցեն է` ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա, Հյուսիսային համալսարան:

2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 ՈւԽ-ի նպատակն է`

ա/ ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
բ/ համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
գ/ մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
դ/ պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
ե/ միավորել համալսարանի ուսանղական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը` նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
զ/ կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, աջակցել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը,
է/ մասնակցել համալսարանի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:

2.2 ՈւԽ-ն իր գործունեությունը ծավալում է` ելնելով նշված նպատակներից ու խնդիրներից: Այն համագործակցում է ՀՀ-ում և արտերկրում գործող բուհական, ուսանողական, երիտասարդական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր անձանց հետ` փոխհարաբերությունները կառուցելով պայմանագրային և համագործակցության ու փոխշահավետության հիմունքներով:
2.3 ՈւԽ-ն սահմանված կարգով կարող է իրականացնել հրատարակչության:

3. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

3.1 ՈւԽ բարձրագույն մարմինը ՈւԽ համագումարն է : Այն ձևավորվում է տարին մեկ անգամ պատվիրակներից, որոնք ընտրվում են յուրաքանչյուր կուրսից / 25 ուսանողից մեկ պատվիրակ/, ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահներից, ՈւԳԸ նախագահից:
3.2 Համագումարը հրավիրվում է ուսումնական կիսամյակում մեկ անգամ` ՈւԽ նախագահության կողմից: Արտահերթ համագումար կարող է գումարվել ՈւԽ նախագահության 2/3 պահանջով:
3.3 Համագումարը`

ա/ քնարկում է ՈւԽ կանոնադրությունը, կանոնադրությունում կատարվող փոփոխությունները և լրացումները,
բ/ լսում և հաստատում է ՈւԽ նախագահության տարեկան հաշվետվությունը,
գ/ քննարկում և սահմանում է Ուխ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները,
դ/ որոշում է կայացնում ՈւԽ-ի լուծարման և վերակազմավորման վերաբերյալ,
ե/ ընտրում է մասնակիցներ Հյուսիսային համալսարանի Գիտական Խորհրդին մասնակցելու համար,
զ/ համագումարը իրավազոր է, եթե ներկա են պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին,
է/ սահմանված հարցերը քննարկելիս որոշումները ընդունվում են համագումարի պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

4. ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

4.1 Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՈւԽ աշխատանքները ղեկավարում է ՈւԽ նախագահությունը, որը ՈւԽ ղեկավար մարմինն է, որի կազմի մեջ մտնում են ՈւԽ նախագահը, նախագահի տեղակալը, պատասխանատու քարտուղարը, հանձնախմբերի պատասխանատուները և ֆակուլտետային խորհուրդների նախագահները:
4.2 ՈւԽ նախագահը, տեղակալը, պատասխանատու քարտուղարը և հանձնախմբերի պատասխանատուները ընտրվում են ՈւԽ համագումարի կողմից:
4.3 Նախագահությունը միջոցներ է ձեռնարկում ՈւԽ համագումարի որոշումներն իրականացնելու համար:
4.4 Հաստատում է ՈւԽ նախագահության և հանձնաժողովների աշխատակարգը:
4.5 Կարող է լսել և լուծել ցանկացած հարց, բացառությամբ համագումարի իրավասությանը վերապահվածներից:
4.6 Վավերացնում է նախագահի կնքած պայմանագրերն ու համաձայնագրերը,
4.7 Լսում է զեկուցումներ հանձնաժողովներում և ֆակուլտետների ՈւԽ-ներում կատարվող աշխատանքի մասին,
4.8 ՈւԽ նախագահը, որը հանդիսանում է նաև ՈւԽ նախագահության նախագահ, ներկայացնում է ՈւԽ-ն ՀՀ և արտերկրի բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, մասնավոր անձանց մոտ, տալիս է լիազորագրեր` գործելով սույն կանոնադրությամբ ՈւԽ-ին վերապահված հարցերի շրջանակում,
4.9 Համալսարանից հեռանալու դեպքում ՈւԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները: Հայտարարվում են նոր ընտրություններ,
4.10 ՈւԽ նախագահի տեղակալը նախագահի բացակայությամբ լրիվ ծավալով կատարում է նախագահի պարտականությունները,
4.11 Պատասխանատու քարտուղարը ղեկավարում է քարտուղարության աշխատանքները,
4.12 ՈւԽ նախագահությունում կարող են գործել հանձնաժողովներ,
4.13 Նախագահության նիստեր է գումարվում ամիսը առնվազն մեկ անգամ, որտեղ քնարկվում են ՈւԽ գործունեության ընթացիկ հարցեր,
4.14 ՈւԽ նախագահության արտահերթ նիստ կարող է գումարվել ՈւԽ նախագահի, նախագահության անդամների 1/3 պահանջով,
4.15 Նախագահության նիստը իրավազոր է, եթե ներկա է անդամների կեսից ավելին, որոշումները ընդունվում են ներկաների պարզ մեծամասնությամբ:

5. ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

5.1 Ֆակուլտետի ուսանողության ինքնակառավարման մարմինը ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն է,
5.2 Այն ձևավորվում է կուրսերից ուղղակի ընտրովիության կարգով,
5.3 Ֆակուլտետի ՈւԽ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ, իր կազմից ընտրում է ֆակուլտետի ՈւԽ նախագահ, քարտուղար, որոնք հաշվետու են ֆակուլտետի ՈւԽ-ին և համալսարանի ՈւԽ նախագահությանը,
5.4 Ֆակուլտետի ՈւԽ նախագահը հանդիսանում է համալսարանի ՈւԽ նախագահության անդամ,
5.5 Ֆակուլտետի ՈւԽ նախագահը և քարտուղարը վայր են դնում իրենց լիազորությունները ֆակուլտետային ՈւԽ կամ համալսարանի ՈւԽ նախագահության որոշմամբ,
5.6 Ֆակուլտետի ՈւԽ-ն նիստ է գումարում առնվազն ամիսը մեկ անգամ, արտահերթ նիստ գումարվում է ֆակուլտետի ՈւԽ անդամների 1/3-ի պահանջով կամ համալսարանի ՈւԽ նախագահության որոշմամբ: Նիստն իրավազոր է, եթե նրան մասնակցում են ֆակուլտետային ՈւԽ անդամների կեսից ավելին, որոշումները ընդունվում են ներկաների թվի ձայների պարզ մեծամասնությամբ,
5.7 Ֆակուլտետի ՈւԽ նախագահությունը կազմակերպում է ֆակուլտետի ՈւԽ-ի աշխատանքները` համալսարանի ՈւԽ-ի նպատակներին և գործունեության հիմնադրույթներին համապատասխան,
5.8 Սույն Կանոնադրությամբ չնախատեսված դեպքերում ֆակուլտետի ՈւԽ-ն գործում է համալսարանի ՈւԽ նախագահության որոշումների համաձայն:

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

6.1 ՈւԽ ֆինանսական միջոցները գոյանում են համալսարանի հատկացումներից, հանգանակություններից, նվիրատվություններից և Հյուսիսային համալսարանի կանոնադրությանը, սույն կանոնադրությանը չհակասող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

7. ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

7.1 Վերստուգիչ հանձնաժողովը իրականացնում է ՈւԽ որոշումների կանոնակարգային համապատասխանության և ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:
7.2 Հանձնաժողովի կազմը /ընդհանուր թվով 3 հոգի/ ընտրվում են ՈւԽ համագումարի կողմից` 1 տարի ժամկետով` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովը իր կազմից ընտրում է նախագահ:
7.3 Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է միայն Համագումարին:

8. ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

8.1 ՈւԽ լուծարվում և վերակազմավորվում է ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
8.2 Լուծարման կապակցությամբ ստեղծվում է լուծարքային հանձնաժողով, որը կազմում է վերջնահաշիվ: Լուծարված ՈւԽ-ի գույքը համարվում է Հյուսիսային համալսարանի սեփականությունը:

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: