Ավանդույթ դարձող ուխտագնացություն

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հյուսիսային համալսարանի աշխատակիցները՝ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի նախաձեռնությամբ, Քրիստոսի հրաշափառ Հարության օրը մեկնում են ուխտագնացության Երևանից Էջմիածին: Թվում է, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, որովհետև այդ օրը ազգովի ենք եկեղեցի հաճախում: Սակայն այս պարագայում հատկանշականն այն է, որ ուխտագնացությունը սկսվում է առավոտյան ժամը վեցին, որպեսզի ուխտավորները ոտքով 5 ժամ ճանապարհ անցնեն և հասնեն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Անշուշտ, այդ ճանապարհը շատ ավելի դժվար կլիներ, եթե հաղթահարվեր միայնակ: Սակայն համալսարանի կոլեկտիվով առավոտ կանուխ 5 ժամ ոտքով քայլելը կարծես 5 րոպե տևեց, քանի որ այն լեցուն էր բազմաթիվ հաճելի պահերով ու անակնկալներով: Ուխտագնացության մասնակիցները դատարկ ձեռքերով չէին եկել: Ոմանք ներկած ձու էին բերել, ոմանք՝ թերմոսով տաք սուրճ, քաղցրավենիք, որը ճանապարհին հաճույքով համտեսում էին ուխտավորները սուրճի կարճատև ընդմիջումների ժամանակ: Բոլորը հատկապես սրտատրոփ սպասում էին, թե ում կընկնի գաթայի այն կտորը, որի մեջ մանրադրամ կար թաքցված:
Իր հերթին համալսարանի ուսանողությունն էլ ադեն երկրորդ անգամ հաճելի անակնկալ էր մատուցում ուխտավոր աշխատակիցներին՝ Էջմիածին քաղաքի մատույցներում դիմավորելով ու հանկարծակիի բերելով պրոֆեսորադասախոսական անձնակազմին զատկական երգերով ու պարով, որից հետո բոլորը մտան եկեղեցի և մասնակցեցին կիրակնօրյա պատարագին:
Մի խոսքով, Մեծ ԶԱՏԿԻ ուխտագնացությունը աստիճանաբար ավանդույթի է վերածվում Հյուսիսային համալսարանում, որի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է:

Նկարներն այստեղ

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: