Լավագույնը լինելու «ծանրությունը»


Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում բուհում ամփոփվում են ՙԼավագույնները՚ մրցույթի արդյունքները: Նախ ռեկտորի հրամանով ձևավորված հանձնաժողովը ընտրում է լավագույն աշխատակիցներին ու շրջանավարտ-մասնագետներին, այնուհետև ՙընտրյալներին՚ հաստատում է ռեկտորատը: Գուցե այլ հաստատություններում նման մրցույթները ձևական բնույթ են կրում, բայց մեր բուհում դա բացառվում է: Բավական էր հետևել այս տարվա հանձնաժողովի աշխատանքներին և պարզ կդառնար, թե որքան բծախնդիր կերպով կատարվեց ընտրությունը: Հանձնաժողովի նախագահ, պրոռեկտոր Գրիգոր Ասատրյանը հենց սկզբից ձևակերպեց ընտրության իրենց սկզբունքը. ՙՈրևէ լավ աշխատակից և ուսանող չպետք է անտեսվի: Դրանով է պայմանավորված նաև աշխատանքի և ուսման որակը բուհում: Լավագույններին խրախոսելով՝ մենք ոչ միայն կմղենք նրանց հետագայում ավելի լավ աշխատելու, այլև մյուսներին էլ կդրդենք ավելիին ձգտելու՚: Լավագույն շրջանավարտ-մասնագետներին ընտրելիս հանձնաժողովը կարևորեց ուսման բարձր առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, բուհի առօրյային նրանց մասնակցությունն ու նախաձեռնողականությունը: Դասախոսական և վարչական կազմից ընտրվեցին ամենօրյա նվիրված աշխատանքով համալսարանի նախանշած  ծրագրերի իրականացմանը նպաստած աշխատակիցները

Հետևելով այս ընտրությանը՝ մտածում էի՝ ամեն դեպքում ծանր բան է լավագույնը լինելը: Նախ պետք է արդարացնես այս վստահությունը ամեն պահ, բոլոր հանգամանքներում, առողջ, թե տկար, ուրախ, թե տխուր: Փորձես լինել ավելին՝ ավելի լավ ՙլավագույն վարչական աշխատող՚, ավելի լավ ՙլավագույն դասախոս՚, ավելի լավ ՙլավագույն հետազոտող՚ և, անկախ նրանից, թե որ անվանակարգում ես հաղթել, պարտադիր լինես  ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԴ՚…

Ուստի շնորհավորում եմ բոլոր հաղթողներին՝ մաղթելով մեծ եռանդ ու տոկունություն՝ լավագույնի ծանրությունը արժանապատվորեն ու համբերատար կրելու համար…


 1.1 

 dsc 1026  

dsc 1043

 

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: