Հյուսիսային համալսարանում նշել են Գիտելիքի և դպրության օրը

 

 

september-1.1

Հյուսիսային համալսարանում առանձնահատուկ վերաբերմունք կա տոների նկատմամբ: Յուրաքանչյուր տոնի, իրադարձության կամ հիշատակի օրվա առթիվ պատրաստվում են ամենայն բծախնդրությամբ ու նշում շուքով: Դա նաև ուսանողությանը կյանքի ռիթմի մեջ պահելու, ազգային արժեքներին հաղորդակից դարձնելու լավագույն տարբերակն է, հայ քաղաքացի լինելու զգացողությունը ներարկելու միջոց:

Սեպտեմբերի մեկը՝ Գիտելիքի ու դպրության օրը, բուհում այս տարի առանձնահատուկ կերպով նշվեց: Լեփ-լեցուն դահլիճը հատկապես առաջին կուրսի ուսանողների համար էր զարդարվել ու տոնական տեսք ստացել: Ողջույնի խոսքում բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց. <<Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Համոզված ենք, որ մեր համալսարանն իսկապես ձեզ համար լինելու է օգտակար գիտելիքներ ձեռք բերելու լավագույն կրթօջախը, ինչի համար մենք ջանք չենք խնայել՝ կահավորելով մի շարք նոր լսարաններ, ավելի հարմարավետ դարձնելով ուսանողական միջավայրը: Նման համախմբվածություն ու ոգևորություն ակնկալում ենք տեսնել ուսումնառության ողջ ընթացքում: Հատկապես առաջին կուրսեցիներին ենք շնորհավորում, թող Հյուսիսային համալսարանը արդարացնի ձեր հույսերը, երազանքներին հասնելուհնարավորություն ընձեռի բոլորիդ>>: Բորիս Մակիչյանն իր ելույթում անդրադարձավ նաև այն հիշարժան օրերին ու տոներին, որոնք տեղի են ունեցել օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տարբեր տարիների ընթացքում: <<Առերևույթ,- նշեց հարգարժան ռեկտորը,-գուցե ընդհանուր քիչ բան կա այս բոլոր իրադարձությունների ու Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, սակայն, մեր համոզմամբ, այդ բոլոր իրադարձություններն ու պատմական իրողությունները մեծապես նպաստեցին մեր երկրի ու մասնավորապես կրթական համակարգի զարգացմանը: Դրանցից հիշատակելի են 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, ԼՂՀ Անկախության հռչակագիրը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, 1997 թվականի օգոստոսի 27-ին ընդունված հայ-ռուսական բարեկամության պատմական պայմանագիրը: Իսկ 1996 թվականին հիմնադրված Հյուսիսային համալսարանի գերակա խնդիրներից էր հայ-ռուսական կրթամշակութային կապերի ամրապնդումը, որին հետամուտ ենք եղել մեր գործունեության ողջ ընթացքում: Պատմական վերոնշյալ իրադարձությունները,- ամփոփեց խոսքը Բորիս Մակիչյանը,- գիտության ու կրթության զարգացման լուրջ երաշխիք են>>:

Միջոցառմանը ելույթ ունեցան դասախոսներ, ուսանողներ ու հյուրեր: Մասնակիցներին ողջունեց սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը, որը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ է ավարտել Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Հյուսիսային համալսարանի

 լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


september-1.2september-1.3



Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: