Երվանդ Զախարյան

Երվանդ Վազգենի Զախարյանը ծնվել է 1944 թվականի մայիսի 14-ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: 1968 թվականին Զախարյանն ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-1988թթ. նա սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում, տնտեսագիտության թեկնածու է: 1962-1983 թվականներին Զախարյանը մասնագիտական ու ղեկավար աշխատանքներ է զբաղեցրել Հայաստանի պետական տարբեր կազմակերպություններում:

Աղվան Հովսեփյան

Աղվան Հովսեփյանը ծնվել է 1953թ. սեպտեմբերի 1-ին, Երեւանում: 1974 թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ: 1978-1986թթ. աշխատել է որպես ԼՂԻՄ դատախազության ավագ քննիչ, դատախազի օգնական, այնուհետեւ՝ քննական բաժնի պետ: 1986-ին տեղափոխվել է Հայաստան եւ մինչեւ 1989-ը աշխատել որպես Արթիկի շրջանի դատախազության քննիչ: 1989-ին Ա. Հովսեփյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, իսկ 1998-ին՝ ՀՀ դատախազության քննչական մասի պետ: 1998-1999թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: 1972-1974-ին ծառայել է խորհրդային բանակում: 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1971-ից աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում ՝ որպես հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ: 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1989-1990 թթ. ընտրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Սեյրան Ավագյան

Սեյրան Ավագյանը ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Նա աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ: 1990-2003թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի առաջին, երկրորդ, երրորդ գումարումների պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական, ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1979թ. ավարտել է Հայկական ԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնարանը: Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1983-1988թթ., նա ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988թ.-ին Ս. Օհանյանը տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտի 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի վաշտի հրամանատար, 1989-ին՝ նույն գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, 1990թ.-ին` գումարտակի հրամանատար:

Հենրիկ Քոչինյան

Հենրիկ Քոչինյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 7-ին, Լոռու մարզի Շնող գյուղում: Նա 1966 թվականին արծաթե մեդալով ավարտել է Շնողի միջնակարգ դպրոցը: 1971թ. գերազանցությամբ ավարտլ է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը` ավտոմոբիլների եւ տրակտորների գծով՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: 1971-1974թթ. նա աշխատել է ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյում՝ որպես կոնստրուկտոր, առաջատար կոնստրուկտոր, այնուհետեւ` առաջատար ինժեներ: