Տյառնընդառաջի տոնը Հյուսիսային համալսարանում

Փետրվարի 14-ին Հյուսիսային համալսարանի ուսանողները նշեցին Տյառնընդառաջի տոնը: Անչափ հետաքրքիր ու յուրահատուկ էր այս անգամ նշվում խորհրդանշական այդ օրը: Նախ՝ բակում խարույկի վրայով թռան բոլորը, այնուհետև սկսվեց դիսկոտեկան, որի ժամանակ ոչ միայն ինքնամոռաց պարեցին բուհի սիրահարված և սիրահարվել ցանկացող ուսանողներն ու դասախոսները, այլև մասնակցեցին տարբեր խաղերի: Ամենահետաքրքիրը վերջում էր, երբ բացվեց փոստարկղը, որի մեջ նամակներ էին՝ սիրո խոստովանություններով: Նամակներում անկեղծ ու ջերմ սիրո տողեր էին՝ ուղղված սիրելի ու թանկ մարդկանց:

Հ.Գ. Բոլորովին չզարմացա, երբ կարդացի, որ Գերմանիայում Սուրբ Վալենտինը ոչ թե սիրահարների պաշտպանն է համարվում, այլ հոգեկան հիվանդների: Իսկապես էլ, ինչո՞վ ենք մենք՝ ինքնամոռաց սիրահարվածներս, տարբերվում խենթերից: Ոչնչով: Ասեմ ավելին՝ սիրահարվածության մի աստիճան կա, որ ավելի մոտ է ապուշությանը. իրերն ու երևույթները ընկալում ես չափազանցված կերպով, ինչպես հոգեկան հիվանդը իրեն Նապոլեոն կամ Ալեքսանդր Մակեդոնացի երևակայելիս: Դրան գումարած էլ, եթե հոգեբուժարանի քաղաքացին երևակայությամբ միայն իրեն է երևելի անձ համարում, սիրահարները իրենց սիրո առարկային են հասցնում երկինք, տեղավորում բոլոր սրբերի կողքին, թագադրում, խնկարկում, զոհեր մատուցում: Կրկնակի սարսափ: Պատկերացնո՞ւմ եք՝ հասարակության համար ինչ վտանգ է սիրահարված խենթերի միությունը, և քանի-քանի Վալենտին է պետք նրանց պաշտպանելու համար: Ամեն դեպքում, կեցցե սերը, որի շնորհիվ մենք բոլորս արքաներ ու թագուհիներ ենք:

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: