Հյուսիսային համալսարանը թևակոխում է զարգացման նոր փուլ

Ամեն տարի հուլիսի սկզբին Հյուսիսային համալսարանը նշում է համալսարանի օրը՝ ամփոփելով ուսումնական տարին, ի մի բերելով կատարած աշխատանքները, առանձնացնելով ձեռքբերումներն ու անպայման պարգևատրելով այն դասախոսներին ու ուսանողներին, ովքեր իրենց աշխատանքով և ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը: Այս անգամ հուլիսի 8-ին բուհի մեծ դահլիճում հավաքվել էին ուսանողներ, դասախոսական կազմն ու բազմաթիվ հյուրեր՝ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ՀՀ պատգամավոր Մհեր Շահգելդյանը և այլք:

Ինչպես նշեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, 2014/15 ուսումնական տարին աննախադեպ էր մի շարք առումներով, իսկ առաջիկայում նախատեսված անելիքները պահանջում են առավել մեծ ջանքեր ու համախմբվածություն: «Նախ բուհն այս ուսումնական տարում հսկայական աշխատանքներ ծավալեց Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը հավուր պատշաճի նշելու համար:
Գիտխորհրդի ժամանակ ընդունվեց 19 կետից բաղկացած միջոցառումների մի պլան, որն արդեն ամբողջովին իրականացվել է: Դրանցից հիշատակության են արժանի միջազգային գիտաժողովը «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները» վերտառությամբ, միջոցառումներ հայոց բանակի զինվորների, սպայական կազմի համար, բուհի ուսանողների մասնակցությունը «Հայ Ասպետ» մրցախաղին ու նրանց հաղթանակը կիսաեզրափակիչ փուլում և այլն»: Միջոցառման ժամանակ ամփոփվեցին բուհում անցկացվող մի շարք մրցումների արդյունքներ՝ «Լավագույն շրջանավարտ», «Լավագույն ուսանող», «Լավագույն վարչական աշխատող», «Լավագույն ամբիոնի վարիչ», «Լավագույն հետազոտող»: Հաղթողները պարգևատրվեցին հուշագրերով: Ավանդաբար բուհի ղեկավարությունը անվանական կրթաթոշակներ է հատկացնում նաև լավագույն ուսանողներին: Այս տարի «Վազգեն Սարգսյանի», «Անդրանիկ Մարգարյանի», «Թումանյանի» անվան կրթաթոշակների արժանացան ուսման բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողները: Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ բուհում սահմանվել է նոր՝ Սողոմոն Թեհլերյանի անվան կրթաթոշակ, որը տրվեց հասարակական բարձր ակտիվություն և ազգանպաստ գործունեություն ծավալած ուսանողին: Միաժամանակ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողները ստացան կարմիր դիպլոմներ: 

Միջոցառման ժամանակ Հյուսիսային համալսարանի ամենակարևոր ու ազգանպաստ մի նախաձեռնության մասին Բորիս Մակիչյանը խոսեց առանձնակի հպարտությամբ՝ այն անվանելով նոր ու յուրօրինակ էջ բուհի պատմության մեջ: Համալսարանը Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի հետ համատեղ ստեղծում է “Մարդասիրությունն ընդդեմ ցեղասպանության” միջազգային բուհական կենտրոն, որն իր շուրջը կհամախմբի Ցեղասպանությունը ճանաչած երկրների հասարակական ու քաղաքական ուժերին: Համալսարանի պատմության մեջ առանձնահատուկ նախաձեռնություն է սա, ոըով համալսարանի ղեկավարությունը իրավունք է վերապահում շարունակելու Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված իր գործունեությունը:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նկարներն այստեղ

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: