Ուսանողների միջազգային օր

Ուսանողների միջազգային համերաշխության օրը Հյուսիսային համալսարանում

«Օրացուցային» տոներ կան, որոնք Հյուսիսային համալսարանում վաղուց արդեն ավանդույթ են դարձել: Նման տոներն իսկապես դառնում են սպասված իրադարձություններ, որոնց մասնակցում է ողջ բուհը՝ մեծից փոքր: Նման տոներից է «Ուսանողների միջազգային համերաշխության օրը», որը հանդիսավորությամբ նշվեց նոյեմբերի 17-ին Հյուսիսային համալսարանի Մեծ դահլիճում՝ ուսանողներով, դասախոսներով ու հյուրերով լեցուն դահլիճում: Միջոցառման կազմակերպիչը Ուսանողական խորհուրդն էր, որն ամեն ինչ արել էր օրն իսկական տոն դարձնելու համար: Միջոցառման մասնակիցներին ողջունեց բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Նա մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծագույն երջանկություն է համատեղված տեսնել այսքան խանդավառված ուսանողների, որոնց հետ շփվելիս մտածում ես, որ իսկապես էլ ուսանողությունը մեծագույն ուժ է, իսկ գիտակից ու զարգացած ուսանողությունը՝ կրկնակի մեծ ուժ: Մեր բուհում ստեղծվել են բարձրորակ կրթություն ստանալու բոլոր պայմանները, մեզ համար կարևոր է նաև, որ այս կրթօջախից հասարակության շարքերը համալրեն իսկապես բանիմաց երիտասարդներ ու աղջիկներ՝ ընդունակ պաշտպանելու իրենց իրավունքները, տեր կանգնելու իրենց ազգային արժեքներին, ինչպես դա փորձեցին անել 1939 թվականին մի խումբ չեխ ուսանողներ ու դասախոսներ, ինչն էլ հիմք դրեց այս տոնին»: Այնուհետև Բորիս Մակիչյանը ներկայացրեց միջոցառման հյուրերին՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, Երևան քաղաքի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյան, Ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյան, որը նաև Հովհաննես Թումանյանի եղբոր թոռնուհին է, Համլետ Հարությունյան՝ ԱԺ պատգամավոր և այլք: Նրանք ուսանողներին դիմեցին ողջույնի խոսքով՝ մաղթելով միշտ լինել հասարակության շարժիչ ուժը, ունենալ երազանքներն ու նպատակները իրագործելու մեծ կամք: Թ. Պողոսյանն իր խոսքում մասնավորապես նշեց. « 1939 թվականին մի խումբ չեխ ուսանողներ ու դասախոսներ դուրս եկան պաշտպանելու Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը՝ դրսևորելով ուժ, համառություն ու միասնականություն: Մեր օրերում ևս մոլորակը լի է վտանգներով, և ամենամեծ սպառնալիքը մեզ համար միջազգային ահաբեկչությունն է, որի դեմ պայքարում առաջնային է հատկապես ուսանող երիտասարդության դերը: Իմ խորին համոզմամբ, դուք, սիրելի ուսանողներ, այն կարող կարող ուժն եք, որն ի զորու է դիմակայել ամեն փորձության՝ պահպանելով ոչ միայն ազգային արժեքները, այլև դառնալու համամարդկային արժեքները կրողներ ու դրանց համար պայքարողներ»: Միջոցառման ժամանակ կարևորվեց մի կարևոր փաստ ևս. քանի որ 2015 թվականը հայտարարված է Ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարի, Հյուսիսային համալսարանը դեռևս տարեսկզբից նախաձեռնել և իրագործել է մի շարք միջոցառումներ՝ պարբերաբար հիշատակելով հայ ժողովրդի արդար պահանջատիրության մասին: Ինչպես իր ելույթում նշեց ռեկտորը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հիմնադրվել է Հյուսիսային համալսարանի և Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի “Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության” միջազգային բուհական կենտրոն, որի նպատակը բոլոր երկրների, միջազգային հանրության կողմից Հայոց մեծ եղեռնի` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, այդ գաղափարի շուրջ Ցեղասպանությունը ճանաչած երկրների հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, ցեղասպանության նկատմամբ անհանդուրժողականության և համընդհանուր դատապարտման մթնոլորտի ստեղծումը: Ինչպես նշեց Բ. Մակիչյանը, թեպետ օրը տոնական է և նշվում է Ուսանողների միջազգային համերաշխության օրը, այնուհանդերձ, 2015 թվականին կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում ուղղակի թե անուղղակի կերպով առնչվելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, քանի որ բուհի ղեկավարության համար այն առանցքային նշանակություն ունի: Միջոցառման ընթացքում Թամարա Պողոսյանը, Տիգրան Բարսեղյանն ու Կարինե Թումանյանն արժանացան «Հովհաննես Թումանյան-145» հուշամեդալին, իսկ 40 ուսանող և վարչական աշխատակից քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանը նպաստելու և ակտիվ մասնակցության համար: Դե, ավելորդ ենք համարում խոսել նաև միջոցառման «գեղարվեստական» կողմի մասին: Ուսանողների երգն ու երաժշտությունն ամբողջացրեցին տոնական տրամադրությունը:

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Նկարներն այստեղ

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: