Հյուսիսային համալսարանում շարունակվում է ավարտական աշխատանքների պաշտպանությունը առցանց եղանակով: Այսօր քննասենյակում են իրավագիտության ֆակուլտետի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողները, որոնք ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրական թեզերը: Իհարկե, առկա է քննություններին բնորոշ լարվածությունը, չէ՞ որ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար վճռորոշ պահ է. նրանք պետք է ներկայացնեն ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ապացուցեն, որ հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ են զարգացրել և, վերջիվերջո, արդեն պատրաստ են հասուն ու պրակտիկ գործունեության: Պաշտպանությանը մասնակցում են նաև ուսանողներ Մոսկվայից, Վորոնեժից, Անապայից, Արցախից՝ հաջողությամբ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
Պետք է նշել նաև, որ ավարտական աշխատանքների՝ արդեն չորս օր տևող պաշտպանություններն աչքի են ընկնում կազմակերպչական բարձր մակարդակով և անթերի տեխնիկական սպասարկմամբ: Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի մասնագիտական հանձնաժողովի անդամները դրական են գնահատել նախորդ՝ համանուն ֆակուլտետում երեք օր տևած պաշտպանությունների ընթացքում ուսանողների ցուցաբերած գիտելիքներն ու ներկայացված աշխատանքների բարձր որակը:
Հավելենք նաև, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը ուղերձ է հղել ավարտական աշխատանքների պաշտպանության մեկնարկի առթիվ՝ շնորհավորելով դրա հաջող սկիզբն ու կարևորելով անթերի տեխնիկական սպասարկումը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին