Հյուսիսային համալսարանի կյանքում մի կարևոր փուլ ևս ամփոփվեց հաջողությամբ։ Ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի առցանց պաշտպանությունը, կարելի է ասել, յուրօրինակ քննություն էր բուհի ղեկավարության, դասախոսական և ուսանողական կազմի համար՝ արտակարգ դրության մեջ արագորեն կողմնորոշվելու, ինքնակազմակերպվելու, բոլոր ռեսուրսները լիարժեքորեն օգտագործելու, նոր ու արդյունավետ լուծումներ գտնելու, կառավարչական բոլորովին այլ որակներ դրսևորելու առումով։ Հենց այս հատկությունների շնորհիվ հնարավոր եղավ երեք ամիս շարունակ հեռավար կրթության մի շարք տարբերակներ կիրառել՝ բուհում կրթության շարունակականությունը ապահովելու, բավարար արդյունք ստանալու համար։ Եվ եթե սկզբնական շրջանում ընդունելի էին և հաջողությամբ կիրառվեցին հաղորդակցման հասանելի տարբերակները՝ viber, messenger, zoom, էլեկտրոնային փոստ, այսօր արդեն ռեկտոր Մհեր Մակիչյանի հրամանով հեռակա ուսուցումը կազմակերպվում է բացառապես zoom հավելվածի միջոցով, որում ներգրավված են բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր ուսանողները։
Գաղտնիք չէ, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելուց հետո հատկապես կրթական համակարգում հարկ եղավ արագորեն վերակազմակերպվելու, ընդունելու առցանց կրթության մարտահրավերները, մշակելու կամ էլ յուրացնելու ուսուցման նոր մեթոդաբանություն, տիրապետելու տեղեկատվական տեխնոլոգիաների՝ հեռավար կրթության կազմակերպման անհրաժեշտ միջոցներին և այդ ամենը կյանքի կոչել համառությամբ ու ստեղծագործական մոտեցմամբ։ Իսկ այսօր, երբ համալսարանում արդեն իսկ ամփոփվել է 2020 ուսումնական տարվա առկա կրթության երկրորդ կիսամյակը, երբ բոլոր ֆակուլտետներում հաջողությամբ իրականացվել են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի պաշտպանությունները, կարող ենք փաստել, որ Հյուսիսային համալսարանը հաջողությամբ ու պատվախնդրորեն հաղթահարեց առցանց ուսուցման առաջադրած մարտահրավերները, և հիմա արդեն առավել համակարգված, միասնական, վերահսկելի ու հաշվետվողականությունն ապահովող կրթություն է իրականացնում zoom հավելվածով հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Փաստենք նաև, որ դրամաշնորհային ծրագրով բուհում ձևավորված հեռավար ուսուցման moodle համակարգով ևս ուսուցում է կազմակերպում տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար։ Բուհի տեխնիկական անձնակազմի բարեխիղճ ու սրտացած աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել դեռևս մարտի սկզբին հակերային հարձակումից վնասված moodle համակարգում ներդրված շտեմարանների հսկայական պաշարը և շարունակել կրթությունն այդ հավելվածով։ Առաջիկայում դրանում կներգրավվեն նաև համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողները։
Եվ այս ամբողջ ընթացքում անընդհատ շնորհակալական նամակներ ենք ստացել համալսարանի, բժշկական քոլեջի ուսանողներից, ավագ դպրոցի սաներից ու նրանց ծնողներից` դասախոսներին և բուհի ղեկավարությանն ուղղված ջերմ խոսքերով։ Ուստի մենք էլ մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում բարեխիղճ, սրտացավ ու հմուտ դասախոսներին՝ նոր մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու և դրանցից հաղթանակած դուրս գալու համար։ Ուսանողներին՝ պարտաճանաչության, ուսումնատենչության ու իրենց ներուժը հնարավորինս բացահայտելու համար։ Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատակիցներին (պրոռեկտորներ, դեկաններ՝ իրենց օգնականներով, ամբիոնի վարիչներ, տեխնիկական անձնակազմ, ուսումնական վարչություն, որակի ապահովման վարչություն, շրջանավարտների կարիերայի ու պրակտիկայի կենտրոն)՝ կազմակերպչական անթերի մոտեցման ու բոլոր հարցերում դասախոսների և ուսանողների կողքին լինելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև բուհի ղեկավարությանը՝ ուսանողա- և դասախոսակենտրոն մոտեցման, վարչարարական արդյունավետ լուծումների և ծագած խնդիրները շուտափույթ հարթելու համար։ Թերևս նաև սա է Հյուսիսային համալսարանի հաջողության գաղտնիքը՝ համախմբվել նպատակի շուրջ և ներդնել բոլոր ուժերը՝ հանուն այդ նպատակի իրագործման՝ ի շահ յուրաքանչյուրի։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին