Ամփոփվեցին Հյուսիսայի համալսարանի նախաձեռնությամբ անցկացված միջբուհական ուսանողական գիտաժողովի արդյունքները։ Բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակին նվիրված «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով գիտաժողովի մասնակիցները գրեթե չորս ժամ առցանց հարթակում ունկնդրեցին Հյուսիսային համալսարանի և հանրապետության տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 27 ուսանողի գիտական զեկուցումները։ Թեմաների ընդգրկման շրջանակը բավականին լայն էր՝ մանկավարժության, լրագրության, գրականագիտության, հոգեբանության, արվեստի տարբեր ճյուղերի հիմնախնդրային հարցեր։ Հյուսիսային համալսարանից զեկուցում կարդացին բակալավրիատի և մագիստրատուրայի տասնմեկ ուսանողներ։ Բավականին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։
Ելույթներից շատերն ուղեկցվում էին սահիկահանդեսով՝ առավել պատկերավոր ու հետաքրքիր դարձնելով ասելիքը։ Միաժամանակ ուրախալի էր մասնակիցների ոգևորությունն ու ակտիվությունը։ Յուրաքանչյուր ելույթից հետո ծավալված քննարկումներն ու մտքերի փոխանակումն ապացույցն էին այն բանի, թե որքան մեծ է հետաքրքրությունը հնչած թեմաների նկատմամբ, և որ նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում ուսանողների գիտական ներուժի բացահայտմանը։
Աշխատանքները կատարված էին բծախնդիր կերպով, ակնհայտ էր գիտական ղեկավարների հմուտ ու հոգածու մոտեցումը, ինչը կարևոր գործոն է հետազոտական ոլորտում առաջին քայլերն անող ուսանողների համար։ Ինչպես գիտաժողովի բացման խոսքում նշեց ռեկտոր Մհեր Մակիչյանը, Հյուսիսային համալսարանը պատրաստակամ է իր կազմակերպչական և նյութատեխնիկական ռեսուրսները ծառայեցնել մեր երիտասարդների գիտական ներուժը վերհանելուն։
Գիտաժողովի կազմկոմիտեն ներդրել էր բոլոր ջանքերը՝ բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակին նվիրված «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով գիտաժողովը համակարգված անցկացնելու համար։ Տեխնիկական անթերի սպասարկումն ապահովեց Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժինը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն