Ավարտվեց մասնագիտական կողմնորոշման նպատակով անցկացվող առցանց հանդիպումները հանրապետության տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ: Սա հանդիպման երկրորդ փուլն էր, որին մասնակցեցին այն աշակերտները, որոնք մարզերի դպրոցներ կատարած մեր այցի ընթացքում հետաքրքրություն դրսևորեցին Հյուսիսային համալսարանի մատուցած կրթական ծառայությունների նկատմամբ:
Zoom հարթակով կազմակերպված հանդիպումները մասնագիտական առումով ունեին առավել խորացված բնույթ, քանի որ յուրաքանչյուր ամբիոն սահիկահանդեսի միջոցով հանգամանալից ներկայացնում էր որևէ մասնագիտական կրթական ծրագրիր, դասավանդվող առարկաները, ուսումնառության վերջնարդյունքները և որակավորված մասնագետների գործունեության ոլորտները: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ինչպես ամբիոնների աշխատակիցները, այնպես էլ շրջանավարտներ և ուսանողներ: Դիմորդները ստացան հստակ պատասխաններ ինչպես իրենց նախընտրած մասնագիտությունների, այնպես էլ Հյուսիսային համալսարանի տրամադրած ուսումնական արտոնությունների, զեղչային համակարգի, արտերկրի հեղինակավոր բուհերում սովորելու հնարավորությունների մասին:
Պետք է նշել, որ այս նախաձեռնությունը՝ սկզբում այցելությունները տարբեր դպրոցներ, այնուհետև առցանց հանդիպումները աշակերտների(ապագա դիմորդների) հետ, բուհ-դպրոց բավականին արդյունավետ համագործակցության դրսևորում էր, որում ներգրավվեցին բուհի հիմնական ստորաբաժանումներն ու ղեկավար կազմը: Մասնագիտական կողմնորոշման երրորդ փուլում արդեն նախատեսվում է դասընթացներ կազմակերպել այն դիմորդների հետ, որոնք ընտրել են Հյուսիսային համալսարանը:
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության ղեկավար կազմին, աջակիցներին ու բոլոր մասնակիցներին անուն առ անուն՝ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացի այս փուլը հաջողությամբ իրականացնելու համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն