logo-en

  NORTHERN UNIVERSITY

                                                                                                                                                                       E LEARNING

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

Հյուսիսային համալսարանում ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լսարանային ուսումնական պարապմունքները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու վերաբերյալ

       19.03.2020                                                                                                                                                                                         թիվ 1

 

Պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ և դրանից բխող կրթական հաստատությունների գործունեության ժամանակավոր կասեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով հարկադրված պարապուրդի արդյունքում բաց թողնված դասընթացների վերականգնման ուղղությամբ հետագա հնարավոր բարդությունները, այդ թվում, որոշ դեպքերում նաև դրանց անհնարինությունը, Հյուսիսային համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) սովորողների համար համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության  լիարժեքությունն ապա­հովելու նպատա­կով

Հանձնարարում եմ

  1. Համալսարանի ուսումնական գործընթացի շրջանակներում համապա­տաս­խան դասընթացների գծով ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը սովորողների ու­սում­նա­ռությունը կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ առ­ցանց եղանակով, կամ դրա անհնարինության դեպքում դասավանդվող նյութերի էլեկտրոնայ­նացմամբ և ուսումնառողներին հասցեագրմամբ (այսուհետ` էլեկտրո­նային նամակագրու­թյամբ): Սույն կետով նախատեսված ուսումնառության ընթաց­քում ընդգրկել նաև  ս.թ. մարտի 2-6-ը, 13-ին պարապուրդի արդյունքում բաց թողնված ծրագրային դասընթաց­ների նյութերը:
  2. Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված ուսումնառության մեջ ներառվում են Համալսարանի ամբիոնի վարիչների, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարի  կողմից ներկայացված առարկայական դասընթացները` ելնելով ամբիոնի և կրթական ծրագրերի և դասընթացների առանձնահատկություններից:
  3. Առցանց եղանակով դասընթացների կազմակերպման նախապատ­րաս­տական և կազմակերպչական աշխատանքների, այդ թվում՝ Համալսարանի ամբիոն­ներին առցանց եղանակով դասընթացներ կազմակերպելու հնարավորությունների պար­զա­բանումը, դեկանների և Համալսարանի Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից դասապրոցեսների իրականացման գործընթացի հսկողության, համապա­տասխան հաշվետվությունների և կատարողականների ներկայացման հետ կապված մեթոդական և խորհրդատվական աշխատանքների կատարումը վերապահել Համալսարանի ուսում­նա­կան վարչության պետ Անուշ Սարգսյանին:
  4. Առցանց դասապրոցեսներ կազմակեպելու համար անհրաժեշտ է, որ ուսումնառության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ առցանց հաղորդակցվելը թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար լինի հնարավորինս պարզ, Համալսարանի, ինչպես նաև ՀՀ կրթության բնագավառում համապատաս­խան լիազորություններով օժտված այլ անձանց կողմից մշտադի­տարկելի և վերահսկելի, դասավանդման գործընթացը ունենա արխիվացման, հետևաբար նաև  բազմակի օգտագործման հնարավորություն: Որպես նախա­պատվելի հարթակ առաջարկվում է  դիտարկել Zoom առցանց հարթակը, հաշվի առնելով, որ այն հնարավորություն է տալիս ինտերնետային կապի պայմաններում  դասավանդողին և ուսումնառողին պարզ գործո­ղությունների արդյունքում միանալ  առցանց հարթակին, միաժամանակ, դասա­պրոցես­ները վերահսկելու հնարավորություն տալով համապա­տասխան լիազորություններով օժտված անձանց, ունի դասը տեսաձայնագրելու, արխիվացնելու, բազմակի օգտագործելու հնարա­վորություն: (Zoom համակարգի օգտագործման մասին հղումով՝ https://m.youtube.com/watch?v=E1Aw15D9RDU&fbclid= ):  Ի թիվս Zoom-ի, ընդունելի կլինի նաև վերոնշյալ նախապայմաններին համապա­տաս­խանող այլ հարթակներ ևս:
  5. Այն դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություն­ներին, ս.թ. մարտի 20-ին ժամը 12-ին, 14-ին և 16 կկազմակերպվեն առցանց վերապատ­րաստումներ: Վերապատրաստումները կվարեն Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. և This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը: Յուրաքանչյուր վերապատրաստվող կստանա մուտքի կոդ և կկարողանա նշված ժամերին միանալ առցանց հարթակին՝ վերապատրաստվելու նպատակով: Միա­ժամանակ, դասավանդողի մոտ տեղեկատվական սարքավորումների հասանելիության հետ կապված խնդիրների դեպքում պատասխանատուները կարող են քննարկել վերջիններիս Համալսարանի նյութատեխնիկական բազայից օգտվելու հնարա­վորու­թյունը, պահպանելով ընթացիկ արտակարգ դրության նորմերը:
  6. Եթե ամբիոնները, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը կհիմնավորեն Zoom-ով, Moodle կամ առցանց այլ հարթակներով աշխատելու անհնարինությունը կամ ոչ նպատակահարմարությունը, պայմանավորված առարկայի առանձնա­հատկությամբ և/ կամ համապատասխան դասավանդողի կողմից այդ կերպ դասավանդելու հնարա­վորությունների բացակայությամբ, այդ թվում, առցանց հարթակներին ուսանողների հասանելիության անհնարինության դեպքում ամբիոնները կարող են կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համաժամանակյա և տարժամանակյա այլ ձևեր ևս, օրինակ, էլեկտրոնային հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով, պայմանով, որ նշված մեթոդով տրամադրված նյութերը ուսանողների կողմից լիարժեք չյուրացվելու դեպքում անհրաժեշտություն կլինի առկա ուսուցմամբ իրականացնել անհրաժեշտ լրացուցիչ դասապրոցեսներ: Այն դեպքում, երբ Համալսարանի Երևանի գլխամասի և կամ Ալավերդու բաժանմունքի որևէ դասավանդողի կողմից անհնար կլինի համապատասխանաբար առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասապրոցես կազմակերպել, սակայն այդ պրոցեսը կկազմակերպվի միայն Երևանում կամ միայն Ալավերդու բաժանմունքում, ապա Համալսարանի դեկանները, ամբիոնի վարիչները,  քոլեջի ղեկավարը և Ալավերդու բաժանմունքի ղեկավարը համատեղ պետք է քննարկեն և քայլեր ձեռնարկեն առնվազն այդ գործընթացում չներառված ուսանողներին ընդգրկելու ուղղությամբ:  
  7. Սահմանել, որ ամբիոնի վարիչը, ֆակուլտետի դեկանը, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը, Ալավերդու բաժանմունքի ղեկավարը պետք է համակարգեն դասավանդողների առցանց պարապմունքները և իրականացնեն վերահսկո­ղություն: Յուրաքանչյուր շաբաթվա ավարտին ամբիոնի վարիչը դասերը պարապելու վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի ֆակուլտետի դեկանին, իսկ դեկանը հաշվետվու­թյունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ ուսումնահետազոտական և բարեփոխում­ների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին և Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին: Քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի սովորողների մասով շաբաթական հաշվետվու­թյունները շաբաթվա ավարտից հետո եռօրյա ժամկետում ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորին են ներկայացվում  վերջիններիս ղեկավարների կողմից:
  8. Սահմանել, որ ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը Համալսարանի ուսումնական վարչության և որակի ապահովման վարչությունների աշխատա­կազմերը, ինչպես նաև Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփո­խումների գծով պրոռեկտորը կկատարեն խորհրդատուների գործառույթներ՝ աջակցելով Համալսարանի դասախոսներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում:
  9. Սահմանել, որ սույն հանձնարարականում նշված ժամկետում առցանց դասընթացները կիրականացվեն առկա դասապրոցեսի համար կազմված դասացու­ցակներով, եթե չլինեն դրանց վերանայման հիմնավոր պատճառներ, օրինակ, առցանց մեթոդով չդասավանդվող առարկաները, լաբորատոր աշխատանքները տեղափոխվեն առաջիկայում հնարավոր  առկա մեթոդով դասավանդման  ժամա­նա­կա­հատված, ներկայումս դրանք փոխարինելով առցանց մեթոդով դասա­վանդման ենթակա առարկաներով:
  10. Առցանց դասավանդման ընթացքում ուսումնական պարապմունքների վարձատրությունը կատարվելու է համապատասխանաբար ֆակուլտետների դեկան­ների, քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի հաշվետ­վությունների հիման վրա, ըստ ուսումնական պլանի և դասավանդողի ծանրա­բեռնվածության, այսինքն, հիմք ընդունելով առցանց եղանակով դասավանդված նյութի ծավալը, առկա ուսուցման  ծրագրով նախատեսված նյութի դասավանդման համար նախատեսված վարձատրության վերահաշվարկով, ընդ որում, առցանց մեթոդով դասընթացների հատկացվող ժամանակը պետք  է կազմի  առկա մեթոդով առարկայական ծրագրով թեմային հատկացված ժամաքանակի առնվազն 60 տոկոսը (հաշվի է առնվել բաց թողնված երկու շաբաթների նյութերը (ընդհանուր 5 շաբաթվա նյութեր) առաջիկա 3 շաբաթվա ընթաց­քում բաշխելու հնարավորությունը, որի արդյունքում ծրագրային նյութը կհամարվի դասավանդված): Էլեկտրոնային նամակագրությամբ իրականացված աշխատանքների վարձատրության հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների և դեկանների, ինչպես նաև քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա, առկա ուսուցմամբ դասապրոցեսների վերականգնման պարագայում, հաշվի առնելով ծրագրով նախատեսված նյութը ուսումնառողների կողմից լիարժեք յուրացվելու հանգամանքը, ինչպես նաև հիմք ընդունելով ուսումնառողների կողմից դրանք յուրացնելու համար լրացուցիչ դասընթացների անհրհաժեշտությունը:
  11. Այն դասավանդողները, որոնք չեն կարողանա առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասընթացներ անցկացնել, պարտավոր են բաց թողնված պարապ­մունքները լրացնել ս.թ. ապրիլի 14-ից հետո՝ մեկ ամսվա ընթացքում և վարձատրությունը կիրականացվի բաց թողնված դասընթացները պարապելուց հետո՝ ամբիոնի վարիչի և դեկանի, քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու մասնաճյուղի  ղեկավարի զեկուցագրերի հիման վրա: Այն դեպքերում, երբ սույն հանձնարարականի 5-րդ կետով նախատեսված դեպքում Երևանի և կամ համապատասխանաբար Ալավերդու ուսանողը մասնակցել է ոչ իր հիմնական ուսումնառության վայրի դասավանդողի կազմակերպած առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ իրականացրած ուսուցմանը, այդ դեպքում լրացուցիչ դասընթացների կազմակերպման հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների,   դեկանի, քոլեջի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի համապատասխան հիմնավորումների հիման վրա:
  12. Սույն հանձնարարականի հիման վրա կազմակերպված ուսումնական գործընթացի պատասխանատուներ սահմանել ամբիոնի վարիչներին, դեկաններին, քոլեջի, Ավագ դպրոցի և Ալավերդու բաժանմունքի ղեկավարին,  իսկ այդ գործընթացի վերահսկողությունը վերապահել  ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին:

      ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՌԵԿՏՈՐ`     Մ. ՄԱԿԻՉՅԱՆ

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Main News