(«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»)
Ս.թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի ունեցավ եռօրյա միջազգային վերապատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել էին Հայաստանի Էրազմուս+Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Եռօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում Գերմանիայի Օսնաբրյուկի Կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Վոլկեր Գեհմլիհը ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ բուհերի և բարձրագույն կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստեց հետևյալ հարցերի շուրջ.
ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
Համապատասխանեցման յոթ չափանիշները,
Ուսանողակենտրոն ուսուցման հարացուցը,
Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:
Դասընթացին մասնակցում էին շուրջ 100 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Մոլդովայից: Հյուսիսային համալսարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ նույնպես ակտիվորեն մասնակցեցին վերապատրաստումներին:
Միջազգային առցանց վերապատրաստումը համակարգվել է Հյուսիսային համալսարանի կողմից և ընթացել համաժամանակյա թարգմանությամբ:
Բոլոր ակտիվ մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Լրատվության և հասարակայության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ միջազգային սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել էին Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը: Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա Գոշը անդրադարձավ մի շարք թեմաների: Մասնավորապես, ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ, աոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ, հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն, ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա, ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը: Վերապատրաստում ուղեկցվում էր սահիկահանդեսով, ինչն առավել պատկերավոր ու ընկալելի էր դարձնում ասելիքը: Քննարկումներ անցկացվեցին առանձին խմբերով, որում ներառված էին տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նրանք կիսեցին իրենց փորձը, անդրադարձան առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Հետաքրքիր, օգտակար, ուսանելի. այսպես կարելի է բնորոշել «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով վերապատրաստումը: Շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Մարտինա Գոշին, նախաձեռնող խմբին ու բոլոր մասնակիցներին, որոնք ապահովեցին ակտիվ ու անկաշկանդ քննարկումների մթնոլորտ:
Միջազգային գիտաժողով` նվիրված Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին
Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» միջազգային գիտաժողով` նվիրված Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև արտերկրի տարբեր բուհերի շուրջ 40 մասնագետներ՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, թեկնածուներ, դոցենտներ, ասպիրանտներ ու հայցորդներ, հանդես եկան հետաքրքիր ու բազմաբովանդակ ելույթներով, որոնցում արծարծվեցին կրթության ու գիտության հիմնախնդիրներին առնչվող ամենատարբեր հարցեր:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և համալսարանի բարեկամները:
Ինչպես իր ելույթում նշեց գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, բուհի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ա. Հարությունյանը , Հյուսիսային համալսարանը հայաստանյան բուհական համակարգում մշտապես աչքի է ընկել նորարարական ծրագրերով և գիտական մտքի զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնություններով, որոնք կյանքի են կոչվել բուհի հիմնադիր ռեկտոր, երջանկահիշատակ Բորիս Մակիչյանի և գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, երջանկահիշատակ Գրիգոր Ասատրյանի ջանքերով: «Համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված այս միջազգային գիտաժողովը վկայությունն է այն բանի, որ գիտության երկու նվիրյալների թողած ժառանգությունը խնամքոտ ու հոգատար ձեռքերում է»,-ամփոփեց իր խոսքը պարոն Հարությունյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հյուսիսային համալսարանի ռեկտոր, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Մհեր Մակիչյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, բարի երթ մաղթելով գիտաժողովի աշխատանքներին՝ ակնկալիքով, որ բուհի հիմնադիր ռեկտորի և համալսարանի նվիրյալների ջանքերով սկզբնավորված բարի ավանդույթները հետայսու նույնպես կշարունակվեն՝ համախմբելով ավելի շատ բարեկամների ու համակիրների՝ ի բարօրություն մեր երկրի կրթական համակարգի բարելավման:
Միջազգային գիտաժողովի պատվավոր հյուրերը՝ համալսարանի բարեկամները, նույնպես շնորհավորեցին համալսարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ՝ կարևորելով այս հիշարժան տարեթիվը միջազգային գիտաժողովով ամփոփելու բուհի նախաձեռնությունը:
«Քսանհինգ տարին բուհի կյանքում գուցեև մեծ ժամանակահատված չէ,-իր խոսքում նշեց ԳԱԱ Արվեստագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը,- սակայն այդ ընթացքում Հյուսիսային համալսարանն ապացուցել է, որ մրցունակ է մի շարք առումներով, ու թեպետ այսօր մեզ հետ չեն բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանն ու գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գրիգոր Ասատրյանը, այնուհանդերձ նրանց ոգեղեն ներկայությունը կա այս պատերի ներսում, ինչը կմղի բոլորիս աշխատելու և արարելու՝ դրանով նաև վառ պահելով նրանց հիշատակը»
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Սուվարյանը, բ.գ.դ, պրոֆեսոր Ս. Երիցյանը
, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդական, գեներալ-մայոր Աշոտ Զալինյանը :
Վերջինս, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, նշեց. «Խորագիրն արդեն իսկ հուշում է նրա արդիականության մասին: Վստահ եմ, որ զեկույցներում շոշափված հիմնախնդիրները նաև լուծումներ են թելադրելու՝ նախանշելով ապագա հայի կերտման ուղիները»:
Գիտաժողովի առցանց լիագումար նիստին զեկուցումներ կարդացին հիմնականում արտերկրի մեր գործընկերները: Ելույթներն ուղեկցվում էին համաժամանակյա թարգմանությամբ: Լիագումար նիստին Հյուսիսային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որից հետո աշխատանքները շարունակվեցին մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝ իրավագիտության, քաղաքագիտության և պատմության, բանասիրության և լրագրության, տնտեսագիտության, մանկավարժության: Բաժանմունքներում աշխատանքներն ընթացել են ակտիվ քննարկումների ու կառուցողական բանավեճի մթնոլորտում:
Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» միջազգային գիտաժողովի արդյունքների ամփոփումից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն առաջիկայում կտպագրվի և մեկական օրինակ կտրամադրվի մասնակիցներին:
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև կազմկոմիտեին՝ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն