Շնորհավորում ենք...
Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետում այսօր ավարտական աշխատանքների պաշտպանության վերջին օրն էր: Ֆակուլտետը, որը կրթություն է իրականացնում մի շարք մասնագիտությունների գծով՝ հոգեբանություն, օտար լեզուներ և գրականություն, լրագրություն, մանկավարժություն և մեթոդիկա, հայ բանասիրություն, պատվով հաղթահարեց առցանց պաշտպանության տեխնիկական ու հոգեբանական դժվարությունները: Ավելորդ է ասելը, որ յուրաքանչյուր քննություն կամ ավարտական աշխատանքների ու թեզերի պաշտպանություն ինքնին հուզական մեծ լարում է պահանջում: Իսկ առցանց եղանակով այդ ամենը լավագույնս կազմակերպելն արդեն խոսում է համալսարանում ձևավորված թիմային, փոխկապակցված, սրտացավ աշխատանքի մասին, որտեղ բոլորը մեկ նպատակ ունեին՝ անխափան տեխնիկական ապահովմամբ նպաստել ուսանողների գիտելիքների ու հմտությունների հնարավորինս անկաշկանդ ու անթերի դրսևորմանը, ինչի մասին վկայում են և ուսանողները, և հանձնաժողովի անդամները, և ամբիոնի վարիչներն ու ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարները: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ենք մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի ուսանողներին՝ հաջող պաշտպանության առթիվ, շնորհակալություն ենք հայտնում ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանին՝ կազմակերպչական աշխատանքները անթերի կերպով իրականացնելու և որպես հանձնաժողովի անդամ դրսևորած անաչառության համար, ամբիոնի վարիչներ և գիտական ղեկավարներ Նաիրուհի Սարգսյանին ու Նունե Մկրտչյանին, մյուս բոլոր գիտական ղեկավարներին՝ դիպլոմնիկների հետ տարված ջանասեր, պարտաճանաչ ու բծախնդիր աշխատանքի և բարձր արդյունք ապահովելու համար: Ավարտական աշխատանքների հաջող ընթացքը ապահովեցին նաև ուսվարչության պետ Անուշ Սարգսյանը, դեկանի օգնական Ամալյա Այվազյանը, տեխնիկական անձնակազմի աշխատակից Արտյոմ Ազարյանը, որոնց ևս ուղղում ենք մեր շնորհակալանքի ջերմ խոսքերը: Մեկ շաբաթ շարունակ ավարտական աշխատանքների պաշտպանության առցանց հարթակը դարձավ բոլորիս տունը, ուշադրության կենտրոնը՝ արթնացնելով ամենատարբեր հույզերն ու զգացմունքները՝ հպարտություն, հրճվանք և ...ափսոսանք, որ գուցե հնարավոր էր ավելին անել:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բուհի ղեկավարությանը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանի գլխավորությամբ, որը չխնայեց ոչինչ՝ բուհի ենթակառուցվածքներն անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ ապահովելու և լավագույն արդյունք ստանալու համար:
Իսկ մեր՝ մանկավարժության ու բանասիրության ֆակուլտետի արդեն շրջանավարտ ուսանողներին մաղթում ենք հաղթական վերելքներ իրենց մասնագիտության մեջ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին