Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան ստանալու եվրոպական դիպլոմներ
Համագործակցության հեռանկարներ
Հյուսիսային համալսարանը կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, իսկ Լեհաստանի հետ սկսված գործընկերային հարաբերություններն առավել ակտիվ են ու արդյունավետ: Վերջին վեց տարվա ընթացքում ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերով Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանում ուսանել են բուհի մի շարք ուսանողներ, դասախոսություններով հանդես են եկել լավագույն մասնագետները: Միաժամանակ, Հյուսիսային համալսարանը բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառություն է իրականացրել լեհ ուսանողների համար: Այժմ էլ բուհի հերթական նախաձեռնությանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների աշխատակիցների համար կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, առաջինն արձագանքել է Լեհաստանի դեսպանատունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերից կմեկնարկի հայերենի ուսուցման առաջին փուլը:
Բոլորովին վերջերս Լեհաստանի Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ցանկություն հայտնեց համագործակցել Հյուսիսային համալսարանի հետ, և բուհի պատվիրակությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Մաչեյ Պիետշակի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին քառօրյա այցով հյուրընկալվեց Հյուսիսային համալսարանում: Ռեկտոր Բորիս Մակիչյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշեց, որ ընդհանուր շատ բան կա երկու բուհերի միջև. երկուսն էլ նորաստեղծ են և կարճ ժամանակահատվածում հասցրել են հեղինակություն վայելել ոչ միայն իրենց երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Ռեկտորը իր գոհունակությունը հայտնեց որ հայաստանյան ավանդական բազմաթիվ բուհերից Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ընտրել է հատկապես իրենց բուհը, ինչը պարտավորեցնող է: Նա նաև նշեց, որ իրենք բոլոր պայմանները կստեղծեն լեհ ուսանողների կրթության համար՝ տրամադրելով կացարաններ, ապահովելով հայկական միջավայրում արագ հարմարվելու բոլոր միջոցները:
Ռեկտոր Մաչեյ Պիետշակը կլոր սեղան-քննարկման ժամանակ նախ և առաջ ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը: Նա նշեց, որ թեպետ բուհն ունի քսան տարվա պատմություն, սակայն արդեն իսկ հասցրել է մեծ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերել և Լեհաստանում, և ողջ եվրոպական տարածաշրջանում: Դրան նպաստել է բուհի հարմար դիրքը, բոլոր ենթակառուցվածքների մեկ վայրում ներդաշնակորեն տեղակայվելը, ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ռեկտոր Մաչեյ Պիետշակը հավելեց նաև, որ համալսարանը հիմնադրելիս կարևորել են ֆինանսական քիչ հնարավորություններով ուսանողների կրթության կազմակերպումը հենց հայրենի քաղաքում, թեպետ բուհն ունի նաև տարբեր քաղաքներից ու երկրներից բազմաթիվ ուսանողներ:
Այնուհետև Մաչեյ Պիետշակը ներկայացրեց Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության չորս հիմնական ուղղությունները՝ Էրազմուս+ նոր ծրագրի շրջանակներում դասախոսների փոխանակում, կրկնակի դիպլոմների տրամադրում, տնտեսական կապերի ընդլայնում, գիտական համագործակցության ամրապնդում: Հանդիպման ժամանակ պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք բարձր են գնահատում Հյուսիսային համալսարանի՝ գոյության կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունները, ուսանողամետ ու բարձրորակ կրթությունը, եվրոպական բուհերի հետ համագործակցության ուղղությամբ տարվող լուրջ քայլերը: Լեշնոյի համալսարանի ռեկտորը հույս հայտնեց, որ երկու բուհերի միջև կնքվող համագործակցության պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկու համալսարանների համար էլ: Նա հավելեց նաև, որ այդ պայմանագրով Հյուսիսային համալսարանը Հայաստանում կդառնա այն եզակի բուհը, որի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսման ավարտին ստանալ կրկնակի՝ եվրոպական և Հյուսիսային համալսարանի դիպլոմներ:
Քառօրյա այցի ընթացքում Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը եղավ Գառնի-Գեղարդում, Սևանում, նրա անդամները հանդես եկան դասախոսություններով: Այցի ավարտին պատվիրակությունը կմեկնի Ալավերդու Թումանյան բաժանմունք՝ հանդիպելու ուսանողադասախոսական կազմին, այցելելու Սանահինի համալսարան:
Հավելենք, որ լեհ հյուրերը հիացած էին ոչ միայն Հյուսիսային համալսարանի ջերմ ընդունելությամբ ու հայկական հյուրասիրությամբ, այլև մեր ժողովրդի պարզ, բարի ու անմիջական վերաբերմունքով: