ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
(կամ ախր ես ինչպե ՜ ս վեր կենամ գնամ)
Հունիսի 28-ին համալսարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ առկա ուսուցման ֆակուլտետների շրջանավարտների գերազանցության դիպլոմների հանձնման և լավագույն աշխատակիցների և ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ամփոփվեց ուսումնական տարին, ի մի բերվեցին կատարված աշխատանքները, պարգևատրվեցին այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր իրենց աշխատանքով և ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը:
Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսական և վարչական կազմը, ինչպես նաև հարգարժան հյուրեր`
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը, այլք:
Ռեկտոր Բորիս Մակիչյանը ողջույնի խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ բուհն ավարտած ուսանողները կյանք են մտնելու գիտելիքների հարուստ պաշարով, ինչի վկայությունն էր ավարտական քննությունների հաջող ավարտը: Նա բարի երթ մաղթեց շրջանավարտներին՝ ցանկանալով կյանքում ու մասնագիտական գործունեության մեջ բազում հաջողություններ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը դասավանդել է իրավաբանության ֆակուլտետում, իր խոսքում նշեց. «Վեց տարի աշխատել եմ Հյուսիսային համալսարանում, շատ պայծառ ու լուսավոր օրեր եմ անցկացրել այստեղ: Բուհում իմ աշխատանքային գործունեությունը համընկավ հավատարմագրման գործընթացին: Հիշում եմ՝ բառացիորեն նվաճեցինք իրավաբանության ֆակուլտետի հավատարմագրումը: Որքան նվիրվածություն կար յուրաքանչյուր աշխատակցի և հատկապես ռեկտորի գործունեության մեջ: Հենց պարոն Մակիչյանի մեծ նվիրումի, ջանքերի ու հայրենասիրության շնորհիվ է 23 տարի առաջ հիմնադրված բուհը նման վերելք ապրում: Շատ բան եմ սովորել իմ ավագ ընկերներից: Ծանրաբեռնված աշխատանքը գուցեև թույլ չի տալիս ամենօրյա շփում, բայց վստահ եղեք, որ միշտ ձեր կողքին եմ»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ու համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գրիգոր Ասատրյանն արժանացան «Թումանյան-150» հուշամեդալին: Գիտխորհուրդը անակնկալ էր պատրաստել նաև բուհի ռեկտորի համար. նկատի ունենալով Բ. Մակիչյանի՝ թումանյանագիտության ոլորտում ունեցած մեծ ավանդը՝ նրան ևս շնորհվեց «Թումանյան-150» հուշամեդալ:
«Հյուսիսային համալսարանի լավագույն բարեկամ» կոչմանն արժանացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, իսկ «Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր» կոչումը շնորհվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյանին:
Միջոցառման ընթացքում հրապարակվեցին նաև բուհում սահմանված «Լավագույն վարչական աշխատող»« «Լավագույն դասախոս», «Լավագույն հետազոտող», «Լավագույն ասպիրանտ (հայցորդ)» «Լավագույն շրջանավարտ մասնագետ» մրցույթների արդյունքները:
Միջոցառումը եզրափակվեց ուսանողների ասմունքով և դասախոսների երգերով: Անջնջելի տպավորություն թողեց տնտեսագիտության մագիստրոսներ, ազգությամբ հնդիկ ուսանողների ելույթը՝ ախր ես ինչպե ՜ ս վեր կենամ գնամ...