Համագործակցություն Լեհաստանի Լեշնո քաղաքի Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի հետ
Սեպտեմբերի 20-ին ամփոփվեցին Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի կողմից կազմակերպվող IV International ERASMUS+ KA107 Staff Week-ի մրցույթի արդյունքները: Մրցույթին դիմել էին երեք դասախոս, որոնցից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ: Հաղթող ճանաչվեց տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը։ Նշենք, որ ընտրությունը կատարվել էր Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի ներկայացուցիչների կողմից։
2019թ. հոկտեմբերի 7-11–ին Erasmus+Program (Staff Mobility for Teaching Assignment) ծրագրի շրջանակներում Լեհաստանի Լեշնո քաղաքում գտնվող Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում իրականացվեց մեկ դասախոսի փոխանակում: Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, փոխանակման ծրագրի մասնակից Բ. Մարտիրոսյանը կիսեց իր տպավորությունները.
«Erasmus+Programme (Staff Mobility for Teaching assignment) ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-11 ընկած ժամանակահատվածում ինձ հնարավորություն ընձեռվեց «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով ութ- ժամյա դասընթաց կազմակերպել վերոնշյալ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների և դասախոսների հետ: Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի կողմից, այնուհետև ինքս պատրաստել եմ համապատասխան նյութերը՝ օգտագործելով այդ ոլորտում իմ կողմից կատարված հետազոտությունները և հրատարակած մասնագիտական նյութերը: Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների՝ ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում: Թեմայի ներկայացման ժամանակ նաև որոշակի զուգահեռներ անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարկային համակարգերի միջև, խոսվեց դրանց տարբերությունների և որոշ առանձնահատկությունների մասին:
Լսարանը կահավորված էր գրատախտակով, պրոյեկտորով, տրամադրվեց համակարգիչ՝ տեսանյութերի դիտումն ապահովելու համար։
Հարկ եմ համարում շեշտել, որ համալսարանի համապատասխան աշխատակիցների, դասախոսական կազմի կողմից արժանացել եմ ջերմ ընդունելության և ընկերական վերաբերմունքի, զգացել նրանց աջակցությունն ու օժանդակությունը բոլոր հարցերում:
Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա դասերն անցել են անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում, ուսանողները ցուցաբերել են ակտիվություն, հետաքրքրվածություն և կարգապահություն ողջ դասապրոցեսի ընթացքում:
Նաև կուզենայի հավելել, որ սա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները՝ որոշ առումով «մարտահրավեր» ներկայացնող պայմաններում, որը յուրաքանչյուր դասախոս պետք է հաղթահարի իր աշխատանքային գործունեության ընթացքում»: