logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

mher

«Հյուսիսային համալսարանը համապատասխանում է լավագույն բուհի մասին իմ պատկերացումներին»

 

1․ Ինչպիսի՞ն է լավագույն բուհի մասին Ձեր պատկերացումը։

Լավագույնի ընկալումը, իմ կարծիքով, պետք է դիտարկել ըստ արժեհամակարգի, միջավայրի, իրավիճակի: Իմ ընկալման ներկայիս արժեհամակարգում, հայաստանյան միջավայրում և ներկայիս մեր երկրի համար ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում լավագույն բուհի բնորոշման համար առաջնային եմ համարում բուհի՝ ազգային կրթամշակութային ավանդույթներին ներդաշնակ, մասնագիտական բարձր որակական հատկանիշներով օժտված մասնագետների պատրաստման առաքելություն ունենալը: Միջավայրի և իրավիճակի փոփոխությունը կարող է հանգեցնել պատկերացման փոփոխմանը:

2․ Որքանո՞վ է Հյուսիսային համալսարանը համապատասխանում լավագույն բուհի մասին Ձեր պատկերացումներին։

Հաշվի առնելով իր առաքելությանը համապատասխան համալսարանի անցած ուղին, հաղթահարված խոչընդոտները, ձեռքբերումները, ընթացիկ և հեռանկարային զարգացման ներուժը, ինչպես նաև իմ «կողմնակալ» վերաբերմունքը, համոզված եմ, որ Հյուսիսային համալսարանը համապատասխանում է լավագույն բուհի մասին իմ պատկերացումներին ամբողջությամբ:

3․Ի՞նչը կփոխեիք Հյուսիսային համալսարանի ռազմավարության (ծրագրերի) մեջ և ինչո՞ւ։

Հյուսիսային համալսարանի ռազմավարական ծրագիրը ունի փոփոխման ընդունելի  պարբերականություն, այսինքն, հաճախակի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի ծրագրի փաստացի ոչ իրատեսականությամբ կամ ծրագրման պահի դրությամբ  անկանխատեսելի հետագա զարգացումներով, որի պայմաններում ծրագրի վերանայման անհրաժեշտությունը կդառնա պարտադիր, և քանի որ ներկայումս ծրագրի փոփոխման հիմքերի առկայությունը տեսանելի չէ, ի պաշտոնե հնարավորության դեպքում իմ մոտեցումները  կարտացոլվեն Հյուսիսային համալսարանի  հաջորդ՝ 5-ամյա  ռազմավարական ծրագրում:

4․ Նշեք հայկական բուհերի  առավելություններն ու թերությունները։

Հայկական ասելով ենթադրում եմ, որ նկատի ունենք ՀՀ պետության և կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց կողմից հիմնադրված բուհերը, հետևաբար  նման բուհերի առավելությունները և թերությունները ներպետական բուհական համակարգում և համաշխարհային կրթական հարթակներում կարող են տարբեր լինել: Ներպետական մակարդակում հայկական բուհերը մատուցվող կրթության որակին համարժեք ունեն հասանելի լինելու առավելություն, որով պայմանավորված, կրթական քաղաքականության բաց սահմանների պայմաններում վերջիններս կարողանում են պատվով մրցակցել օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի հետ, որոնց քանակը վերջին ժամանակահատվածում բավականաչափ շատացել է, սակայն, մյուս կողմից, հայկական բուհերում կրթության կազմակերպման մշակույթը, որը թեև մեր հանրակրթության շրջանավարտների համար առավել հոգեհարազատ է և կանխատեսելի, որոշակիորեն խոչընդոտում է միջազգային հարթակներում մեր բուհերի գրավչությանը, որի արդյունքում մեր բուհերը բազմաթիվ օտարերկրացիների ուսումնառությամբ կամ օտարերկրյա պետություններում բազմաքանակ մասնաճյուղերի տեսքով ակտիվ ներկայացված չեն համաշխարհային կրթական հարթակներում:

Այնուամենայնիվ հուսով եմ, որ բուհական համակարգի առկա ներուժի և կրթական բարեփոխումների շարունակականության պայմաններում առաջիկայում հնարավոր կլինի միջազգային կրթական հարթակներում բարձրացնել հայկական բուհերի գրավչությունը:

5․ Դասախոս-ուսանող հարաբերություններ․ ի՞նչ է սա ենթադրում։

Դասախոս-ուսանող հարաբերությունները, իմ ընկալմամբ,  մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գործընթացում որոշակի փոխհարաբերությունների ձևաչափ է, երբ դասավանդողը, իր պատասխանատու առաքելությանը համապատասխան,  ունկնդրին  հասցեագրված կրթության՝ այդ թվում ուսուցման և դաստիարակման  միջոցով  նպատակ է հետապնդում ապահովել մասնագիտական աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերջինիս մոտ համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների, ունակությունների և հմտությունների ձևավորմանը: Հետևաբար՝ դասախոս-ուսանող հարաբերությունն ընկալելի եմ համարում ըստ էության, հիմնականում վերոշարադրյալ գործակցության ձևաչափում:

6․Ինչպիսի՞ն պետք է լինի լավագույն դասախոսը։

Ով կյանքի է կոչում ուսուցանելու և դաստիարակելու իր առաքելությունը, միաժամանակ գիտակցելով կրթական գործընթացում արդիական գիտելիքներ կրելու և ունկնդիրներին դրանք մատչելի կերպով փոխանցելու իր բացառիկ պատասխանատվությունը:

 7․Ո՞վ է, ըստ Ձեզ, լավագույն ուսանողը։

Ով կյանքի է կոչում իր՝ ուսում և դաստիարակություն ստանալու առաքելությունը՝ միաժամանակ իր վարքագծով և գործելակերպով  նպաստելով կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

8․Նշեք Ձեր ուժեղ կողմերը։

Դրանք կարող են ուժեղ դիտարկվել կամ հակառակը կոնկրետ միջավայրում և իրավիճակում, հետևաբար դրանց որոշակիացման հնարավորություն չեմ տեսնում։

9․Նշեք Ձեր թույլ կողմերը։

Նախորդ պատասխանի տրամաբանությամբ։

10․Մարդու մեջ ո՞ր հատկանիշներն եք ամենից շատ գնահատում։

Առավել գնահատելի հատկանիշ նշել չեմ կարող, քանի որ որևէ հատկանիշի գերակայության գնահատման առումով հարաբերական եմ համարում վերջիններիս՝ ըստ համապատասխան  միջավայրերի և իրավիճակների կարևորությունը: Իմ կարծիքով, միջավայրերն ու իրավիճակներն են թելադրում հատկանիշների գերակայությունը, որոնց պայմաններում մեր արժեհամակարգի առաջնայնությունները առավել շահեկան ազդեցության ներքո են գտնվում, ասենք, ընթացիկ աշխատանքային միջավայրում գնահատելի են ընդունակությունները,  աշխատասիրությունը, նպատակասլացությունը և այլն։  Ընտանեկան, բարեկամական, ընկերական միջավայրում ըստ իրավիճակների՝ միմյանց ընկալելու և ընդունելու ունակությունը, նվիրվածությունը, ազնիվ և արդար հարաբերություն կառուցելու պատրաստակամությունը և այլն, արտակարգ դրություններում, խուճապի չմատնվելու, արագ կողմնորոշվելու, գործողությունները կշռադատելու հատկանիշները և այլն։

11․Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ։

Ոչ ճիշտ հարցադրումը։

12․Նշեք այն գրքերը և ֆիլմերը, որոնց շնորհիվ ձևավորվել է Ձեր արժեհամակարգը։

Ցավոք, կամ բարեբախտաբար, ժամանակի ընթացքում իրականության ընկալման մեր ունակությունների խորացմանը զուգընթաց մարդկային և համամարդկային հարաբերությունները, կարծում եմ,  առավել քան որևէ գեղարվեստական գիրք և կամ ֆիլմ հանդիսանում են մեր արժեհամակարգի ձևավորման և ամրապնդման առավել ազդեցիկ աղբյուր, հետևաբար, ժամանակի ընթացքում գեղարվեստական ստեղծագործությունները կարծես թե դառնում են մեր արժեհամակարգի առավելապես վերահաստատողը, քան դրա ձևավորողը:

13․Ձեր բարեմաղթանք-ցանկությունը արտակարգ դրության մեջ գտնվող Հյուսիսային համալսարանի աշխատակիցներին։

Միայն ու միայն լավատեսություն և համոզմունք, որ այս իրավիճակից մեք բոլորս ուժեղացած ենք դուր գալու։

Հայտարարություններ

Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

21.05.2020
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայո...

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

13.05.2020
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

  «Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխա­տանք­ն...

Գլխավոր նորություններ