logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Noy 

 

Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնը՝ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ներգրավմամբ, ներկայացնում է «Հիշենք բոլորին անուն առ անուն» խորագրով ակնարկների շարքը։

 Հետայսու մեր կենտրոնի համար, ի թիվս այլ թեմաների, առանցքային ենք դարձնելու հայրենիքի համար անմահացած նորօրյա հերոսների սխրանքների մասին պատմելը, նրանց կարճ, բայց և լուսավոր կյանքի մանրամասները բոլորի սեփականությունը դարձնելը։ Մեր հերոսներն այսուհետ կշարունակեն ապրել իրենց մասին հյուսված գեղեցիկ պատմություններում՝ դառնալով ոգեշնչման և ընդօրինակման աղբյուր։

   Ներկայացնում ենք այս խորագրով առաջին հրապարակումը Մատաղիսում զոհված մերօրյա հերոս Նոյ Լյովայի Թևոնյանի մասին (19.09.2001-09.10. 2020)։

Հեղինակը լրագրության ֆակուլտետի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանող Պողոս Դարբինյանն է։

«Չվախենաք, ես բոլորիդ կպաշտպանեմ․․․»

Անունն արդեն իսկ շատ բան է պատմում մեր հերոսի մասին։ Նա ընտանիքում 4-րդ երեխան էր 3 քույրերից հետո, երկար սպասված և միակ արու զավակը:  Բոլորն ասում էին, որ Նոյը Աստծո որդին է, քանի որ դեռևս փոքր տարիքից շատ էր տարբերվում մյուսներից ոչ միայն իր անունով, այլև բարությամբ, համեստությամբ, համառությամբ։ Ամեն անգամ, երբ Նոյին շոկոլադ էին տալիս, նա այդ շոկոլադը բաժանում էր 7 հավասար մասի, քանի որ ընտանիքում 7 հոգի    էին։

 «Նոյը մեր հորը համարում էր իր իդեալը, ցանկանում էր բոլոր հարցերում նրան նմանվել։ Նույնիսկ երբ դեռ փոքր էր, գրել-կարդալ չգիտեր, մորս ստիպել էր, որ իր համար մի փոքրիկ գրքույկ պատրաստի և այնտեղ գրի, որ ինքը մայոր է և կպաշտպանի բոլորին։ Այդ ժամանակ հայրս աշխատում  էր ոստիկանությունում և նոր էր ստացել մայորի կոչում։ Ամեն անգամ,  երբ տանը հյուր էինք ունենում, Նոյն  այդ գրքույկը բերում և ցույց էր տալիս՝ ասելով, որ հանկարծ չվախենան թշնամիներից, որ ինքը կպաշտպանի մեզ։ Եվ հիմա այդ գրքույկը դրված է նրա լուսանկարի կողքին,-պատմում է  Սաթենը՝ Նոյի քույրը,-եղբայրս կատարեց իր խոստումը՝ պաշտպանեց մեզ ու հերոսացավ պարտքը կատարելիս»։

Նոյը նաև աշխատասեր էր, սովոր էր ամեն բան ձեռք բերել  տքնաջան աշխատանքի շնորհիվ: Թեպետ գիտեր, որ ծնողներն ամեն ինչ կանեն իր համար, բայց ձգտում էր իրեն անհրաժեշտը ինքնուրույն կերպով վաստակել՝ չանհանգստացնելով ոչ ոքի։ «Նաև շատ համառ ու նպատակասլաց էր,-պատմում է Նոյի քույր Լիաննա,-բազում նպատակներից բացի՝ մի երազանք ևս  փայփայում էր. ցանկանում էր մոտոցիկլետ ունենալ:  Վարորդական իրավունք ունենալու համար քննություն էր հանձնել, երկու անգամ կտրվել էր,  սակայն չէր հուսալքվել: Երրորդ քննությունը հաջողությամբ հանձնեց, երբ 17 տարեկան էր, իսկ հաջորդ տարի արդեն ստացավ  վարորդական

իրավունքի վկայականը»։

Բոլորը գիտեին, որ Նոյը սիրած աղջիկ ունի, որին այդպես էլ չհասցրեց ծանոթացնել ընտանիքի հետ. միշտ ինչ-որ բան խանգարում էր: Սակայն ամեն անգամ ընկերուհու համար նվերներ գնելիս խորհրդակցում էր քույրերի հետ՝ միշտ փորձելով որևէ հաճելի անակնկալ մատուցել սիրած աղջկան։

Լինելով ՌԴ քաղաքացի և ունենալով հնարավորություն՝ չծառայելու Հայաստանի Հանրապետության զինված  ուժերում,  Նոյը մի վայրկյան անգամ չերկմտեց և վերադարձավ  հայրենիք՝ իր պարտքը կատարելու:  Քույրը հիշում է, որ  ամեն անգամ Հայաստանից  վերադառնալիս Նոյը մեծագույն հիացմունքով էր խոսում հատկապես մեր բնության, մեր լեռների մասին և դեռ տուն չհասած՝ սկսում էր կարոտել մեր բնաշխարհը։ 

Ինչպես ընտանիքի անդամներն են վկայում՝  ծառայության մասին  միշտ գոհունակությամբ էր խոսում, իսկ   ռազմական գործողությունները սկսվելուց հետո դարձյալ ինքն էր հուսադրողը, ծնողներին ու քույրերին ուժ ու ոգի տվողը: Չափազանց ուշադիր էր նաև զինակից ընկերների հարազատների նկատմամբ՝ ամեն անգամ զանգելիս տեղեկություններ փոխանցելով  նրանց մասին, հիմնականում դարձյալ հուսադրող ու  լավատեսական: Քույրը՝ Լիաննա, մի դրվագ ևս հիշում է․ «Պատերազմի առաջին օրերին Նոյը զանգեց ու պատմեց (ակնհայտորեն շատ էր ազդվել ու խոսելու, կիսվելու կարիք էր զգում), որ ռազմամթերքով լի ավտոմեքենա է այրվել, մեջը՝ մի զինվոր, շտապել էր օգնության։ Ճիշտ է, տղան արդեն մահացած էր, բայց գոնե սփոփիչ էր այն, որ զինվորի մարմինը հանձնել էին ծնողներին։ Քույրս էլ փորձել է հանգտացնել՝ ասելով՝ դու հերոսություն ես արել: Պատասխանել էր՝ ի՞նչ հերոսություն... 18 տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ»։

Զինակից ընկերների համար Նոյի զոհվելը նույնպես մեծագույն վիշտ էր, քանի որ դա  կորուստ էր լավի, բարու, ազնվության, մարդկային բարձր հատկանիշների։ Ուստի երբ ծայրաստիճան դժվար, գրեթե անելանելի իրավիճակ էր մարտադաշտում, Նոյի ընկերներն անհնարինն արեցին՝ նրա մարմինը թշնամու  համազարկերի տակից դուրս բերելու և հարազատներին հանձնելու համար։

Հանգչիր խաղաղությամբ, հերոս։

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...