logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

zinvor

Երեխաներիս հետ զբոսնում էի բակում։ Նրանք խաղում էին,  թռչկոտում, իսկ ես ժպտում՝ երջանկացած զավակներիս ուրախությամբ։ Մի պահ իրենցով տարված՝ մոռացել էի վերջին ամիսների դաժան պատերազմը, որը խառնել էր բոլորիս կյանքը, զրկել քնից, որը խլել էր երիտասարդ անմեղ կյանքեր, իսկ մենք անզոր էինք ինչ–որ բան փոխելու: Քայլելով հասել էինք մոտակա այգին, որտեղ այնքան հանգիստ էր, որ ակամա  կտրվել էի ծանր իրականությունից, իմ ծանրաբեռնված առօրյայից ու վայելում էի երեխաներիս ներկայության ամեն վայրկյանը։ Ժպտալով հետևում էի փոքրիկիս չարաճճիություններին, երբ հանկարծ նկատեցի նրան։  Ժպիտս սառեց ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, օդը կանգնեց․․․ Դիմացս կանգնած էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված երկու ամսվա զինծառայող Տիգրանի մայրը աղջնակի հետ։ Զբոսնում էին։ Տակնուվրա եղա, ամոթից քարացա, որ ամեն ինչ մոռացած, վայելում էի երեխաներիս խաղը։ Մի ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ էր, երբ ոչ ոք չէր մտածում պատերազմի մասին, հաճախ ենք զբոսնելիս պատահաբար հանդիպել Տիգրանի մոր հետ,  շփվել։ Բայց այդ պահին կարկամել մնացել էի, մեջս ուժ չէի գտնում նույնիսկ  բարևելու ու ցավակցելու։ Այդ պահին ինչ–որ բան կոտրեց հոգիս։ Ինձ կոտրեց Տիգրանի մայրիկի տխուր հայացքը, ուռած կոպերը, կարմրած աչքերն ու նիհարած մարմինը։ Ինձ պատեց մեղավորության զգացումը, որ ինքնամոռաց տարվել էի երեխաներով ու ժպտում էի, իսկ նա իր աղջկա հետ լուռ ու տխուր զբոսնում էր։ Ես իմ բալիկների հետ էի, իսկ նրա բալիկը՝ նրա Տիգրանը չկար․․․ Երբ նա քայլերն ուղղեց ինձ, սիրտս ավելի արագ սկսեց բաբախել, շունչս չէր հերիքում...

-Բարև, Անի ջան,– առաջինը բարևեց նա։

-Բարև Ձեզ, ցավում եմ, Աստված հոգին լուսավորի,- հավաքելով ինձ՝ հազիվ արտաբերեցի՝ ավելի մեղավոր զգալով։

Տիգրանի մայրը ոչինչ չպատասխանեց, նայեց երկնքին, հետո երեխաներիս ու, հայացքը դեպի ինձ հառելով, տխուր, բայց հպարտ ասաց.

- Շարունակի՛ր ժպտալ, վայելի՛ր երեխաներիդ հետ անցկացրած ամեն մի րոպեն, արա ամեն ինչ, որ նրանք չիմանան՝ սահմանում պատերազմ է...

Տիգրանի մայրը դանդաղ քայլերով, տխուր ու կարմած աչքերով շարունակեց զբոսնել  աղջնակի հետ։ Նրանք հեռացան, էլ չէին երևում։

Ես դեռ չեմ ժպտում..

Անի Ներկարարյան

Լրագրության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանողուհի

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...