Ուսանողների պրակտիկայի կազմակերպման հարցերը մշտապես գտնվել են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Քայլեր են ձեռնարկվել ուսումնագործնական պրակտիկաներն առավել արդյունավետ դարձնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, արտաքին շահակիցների հետ համագործակցության առավել նպաստավոր պայմանագրեր կնքելու։ Այս առումով գործուն քայլեր է ձեռնարկել նաև պրակտիկայի և կարիերայի կենտրոնը՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները, մշտապես հետևողական լինելով պրակտիկաների ընթացին և ուսանողների ակտիվ մասնակցությանը։
Ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումը օրակարգային կարևոր հարցերից է, որին մեկ անգամ ևս անդրադարձան ռեկտորատի նիստի ընթացքում, քննարկեցին տարբեր մասնագիտությունների շրջանակներում անցկացվող պրակտիկաները, առաջացած խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման քայլերը։ Ռեկտոր Մհեր Մակիչյանը կարևորեց նաև բուհից կցված պրակտիկայի ղեկավարի դերը՝ նշելով նրա գործառույթների կարևորությունը։
Պրակտիկայի գործընթացի բարելավման համար որոշվեց, որ ամբիոնի կողմից կցված ներբուհական ղեկավարները մինչև պրակտիկայի ավարտը հանդիպումներ կկազմակերպեն ուսանողների հետ՝ վերհանելով առկա խնդիրները, ինչպես նաև մշտական կապի մեջ կգտնվեն պրակտիկայի վայրում ուսանողներին կցված ղեկավարների հետ՝ ուղիներ գտնելով ծագած խնդիրները կարգավորելու, պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն