Պրոֆեսոր Դավրովսկին ներկայացրեց սպառողների իրավունքների պաշտպանության ԵՄ քաղաքականությունը
Ապրիլի 4-6-ը «Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը Եվրոպական միությունում» խորագրով բաց դասախոսություններով հանդես եկավ Շչեցինի համալսարանի պրոֆեսոր Դանիել Դավրովսկին: Եռօրյա դասախոսության ընթացքում լեհ դասախոսը ներկայացրեց Եվրամիության՝ սպառողների քաղաքականության առանցքային նպատակները, վնասված և վտանգավոր ապրանքների համար նախատեսված պատասխանատվության հիմնախնդիրները՝ զուգահեռներ անցկացնելով Միացյալ Նահանգների և Եվրամիության որդեգրած քաղաքականության ու պաշտպանության մեխանիզմների միջև:
Դասախոսության առաջին օրը տեսական հատվածի ներկայացմանը հաջորդեց ԱՄՆ ներպետական օրենսդրության համար նախադեպային իրավունքի համատեքստում կարևոր նշանակություն ունեցող «Գ. Էսքոլան ընդդեմ Կոկա-Կոլա շշալցման ընկերության», «Լիբեքն ընդդեմ ՄքԴոնալդսի ռեստորանների» և շրջադարձային դատական այլ գործերի, ինչպես նաև վնասի համար պատասխանատվություն կրող կողմերի առանձնահատկությունների քննարկումը: Երկրորդ և երրորդ օրերի ընթացքում պրոֆեսոր Դավրովսկին անդրադարձավ սպառողների պաշտպանության մեխանիզմում առանցքային համարվող տեղեկացված լինելու իրավունքի, կոմերցիոն հաղորդակցության, տվյալների պաշտպանության, պայմանագրերի խզման ու անազնիվ գովազդի հիմնահարցերին՝ բերելով «Դաննոն», «Ռեդ Բուլ», «Նյու Բալանս», «Օլայ» ընկերությունների մասնավոր օրինակները:
Դասընթացի ավարտին Դ. Դավրովսկին պատասխանեց մասնակիցների հարցերին, անցկացրեց գիտելիքները ստուգող առցանց թեստավորում, իսկ հաղթողներին պարգևատրեց գրքերով:
Վ.Շերենց, արտաքին կապերի գլխավոր մասնագետ