logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

grdzelidze

Իրմա Գրձելիձեն կիսվեց կրթության որակի ապահովման վրացական փորձով

Մայիսի 13-ին Հյուսիսային համալսարանի վարչական անձնակազմի և դասախոսների համար հիբրիդային ձևաչափով վերապատրաստում անցկացրեց Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Որակի ապահովման ծառայության պետ, դոկտոր Իրմա Գրձելիձեն: Վերջինս Հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետի դոցենտ է, Վրաստանի Որակի ապահովման աշխատանքային թեմատիկ խմբի հիմնադիր-նախագահ: 2015 թվականից ի վեր որպես Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ ներգրավված է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «SPHERE» նախաձեռնության աշխատանքներում:
Տ. Գրձելիձեն նախ ներկայացրեց Վրաստանի մայր բուհի Որակի ապահովման ծառայության կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ուղենիշները՝ նշելով, որ մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) որակի ներքին և արտաքին ապահովման, հետազոտությունների գնահատման մեխանիզմների, համալսարանի արդյունավետության գնահատմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող համակարգի ներդրման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական զարգացման աջակցության, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանման և եվրոպական կրթական ընդհանուր տարածքին համալսարանի ինտեգրումն ապահովելու ուղղություններով հետևողական քայլեր են ձեռնարկում:
Ըստ պրոֆ. Գրձելիձեի՝ չի կարելի ձեռնարկել քայլեր, որոնք չեն բխում բուհի ռազմավարական ծրագրի շրջանակից: Բացի այդ, կարևոր է որոշակի պարբերականությամբ ուշադրություն կենտրոնում պահել համալսարանի հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով տվյալ պահի գերակայություններն ու անհրաժեշտությունները: Որպես օրինակ՝ մի անգամ գերակա կարող է համարվել հետազոտությունը, մեկ ուրիշ անգամ՝ միջազգայնացումը, կամ, օրինակ, կրթական ծրագրերը, եթե բուհը պատրաստվում է ծրագրային հավատարմագրման: Ընդ որում, հիմնական բաղադրիչը, որը պետք է անմիջականորեն ի ցույց դնի բուհի որակը, մասնագիտական կրթական ծրագրերն են, քանի որ հենց այդպես է նկատելի դառնում, թե ինչպես են որակի ապահովման մյուս բաղադրիչներն ազդում ՄԿԾ-ների վրա: Այս առումով, ըստ պրոֆ. Գրձելիձեի, պետք է նախ պատասխանել հետևյալ հարցերին. ինչպե՞ս են ընտրվում առարկաները, ինչպե՞ս է կազմվում ծրագիրը, արդյո՞ք դրանք համահունչ են կրթական շուկայի պահանջներին, ինչպե՞ս է գնահատվում ծրագրի արդյունավետությունը և այլն:
Այնուհետև տ. Գրձելիձեն նշեց, որ Թբիլիսիի պետհամալսարանում ռազմավարական պլանավորման և մասնագիտական որակների զարգացման առանձին կենտրոն չկա և, ըստ էության, այդ գործառույթները ստանձնել է Որակի ապահովման ծառայությունը՝ հավելելով, որ թափանցիկ գործունեություն են իրականացնում՝ 2019 թվականից ի վեր հրապարակելով ամենամյա զեկույցներ: Խոսելով առաջատար փորձի ուսումնասիրությունից և տեղայնացումից՝ տ. Գրձելիձեն նշեց, որ յուրաքանչյուր սեմեստր իրենց Ծառայությունը 3 պասիվ կրթական ծրագիր է ուսումնասիրում, կատարում առաջարկություններ, բացի այդ, ներդրել են համալսարանի ներսում ՄԿԾ-ների վարկանիշավորման համակարգ, կազմակերպում են որակի գնահատման պարբերական սիմուլյացիաներ՝ հաշվի առնելով, որ արտաքին փորձագետների ներգրավման դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, թերությունները թաքցվում են:
Հավելենք, որ տ. Գրձելիձեն դարձել է «EUA-CDE» ղեկավար հանձնախմբի անդամ: «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակում որպես հրավիրյալ գիտնական 2021 թվականի աշնանային կիսամյակում դասախոսություններ է կարդացել Արքանզասի համալսարանում: Բացի այդ, «DAAD Bologna Peer Hub» աջակցության խմբի փորձագետ է, Վրաստանի Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) խորհրդատվական խորհրդի անդամ, համակարգել և մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են՝ «SQUARE», «INTEGRITY», «HERD», «PROFFORMANCE», «MAHATMA»: Տ. Գրձելիձեն ներգրավվել է նաև Եվրոպական համալսարանների միության (ԵՀՄ) կողմից ձևավորված աշխատանքային թեմատիկ խմբերի աշխատանքներում հետևյալ թեմաներով՝ աշխատունակություն, ուսանողների գնահատում, առաջնորդություն:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...