Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Հասմիկ Մանուկյանը Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ է: Մեկն այն ուսանողներից, որը բառացիորեն կերտեց ինքն իրեն՝ ուսումնառության տարիներին փայլուն սովորելով, կատարելագործվելով, դեռևս ուսանողական նստարանից թղթակցելով տարբեր ԶԼՄ-ների, օտար լեզուներ յուրացնելով, մի խոսքով, պատրաստելով ինքն իրեն ավելի գեղեցիկ ու լիարժեք կյանքի: Համարձակ երազանքները սկզբում նրան տարան Լեհաստան ու Չինաստան, իսկ այսօր Հասմիկն ապրում և աշխատում է Թայլանդում՝ կայանալով որպես մասնագետ: Ներկայացնում ենք նրա տպավորություններն այդ խորհրդավոր, հակասական ու անկանխատեսելի երկրի մասին:
Վերջին անգամ կիսել եմ իմ՝ Չինաստանում ապրելու փորձն ու չինական մշակույթի, կենսակերպի շուրջ ձևավորված տպավորությունները։ Անչափ շնորհակալ եմ իմ շատ սիրելի դասախոս Գայանե Հակոբյանին, որն ամեն անգամ ստիպում է ինձ հավաքել մտքերս և զգացողություններս՝ դրանք թղթին հանձնելու համար։ Այս անգամն էլ բացառություն չէ․ նրա հետ զրուցելուց հետո արդեն պարզ էր՝ ժամանակն է ի մի բերել ձևավորված գաղափարներն ու փորձը Թայլանդի մասին։
Թայլանդում ապրում եմ գրեթե մեկ տարի։ Մինչ տեղափոխվելս ընկերներս այնքան էին պատմել այդ երկրի ու նրա մշակույթի մասին, որ թվում էր՝ այլևս ոչինչ չկա բացահայտելու, որ ամեն ինչ գիտեմ, ու որ պետք է միայն գնել ինքնաթիռի տոմսն ու վայելել ամեն մի ակնթարթն այս հիասքանչ երկրում։ Բայց․․․հենց սկզբից հասկացա, որ Թայլանդի մասին ունեցած պատկերացումներս, որ ձևավորվել էին այլ մարդկանց կարծիքների ու փորձի հիման վրա, հակասում են այն պատկերին, որը նոր էի սկսում ձևավորել իմ փորձի հիման վրա։
Մինչ այդ հակասություններին անդրադառնալը, սակայն, կցանկանայի պատմել Թայլանդի լավագույն կողմերի մասին։
Նախ ասեմ, որ այստեղ ապրում են բուդդիստ և մուսուլման թայլանդացիներ, ինչպես նաև չինացիներ։ Թայլանդացիների շրջանում մի շատ հայտնի խոսք կա՝ «Sabai, sabai», որը բառացի թարգմանություն չունի։ «Sabai, sabai» արտահայտությունը հիմնականում կիրառվում է այն իրավիճակներում, երբ սթրեսը, անհանգստությունը կամ մտքերը այսպես ասած «որսում» են մարդուն։ Այն նշանակում է «թեթև տար», «երջանիկ եղիր», «մի մտածիր/մի անհանգստացիր»։ Թայլանդացիները գիտեն ինչպես հավասարակշռել իրենց լավ ու վատ զգացողությունները, այսպիսով նրանք փորձում են ձևավորել դրական դիրքորոշում և լավատեսություն անգամ անհույս թվացող իրավիճակներում։
Թայլանդում շատ են նաև օտարերկրացիները, որոնք հիմնականում այստեղ են անգլերեն դասավանդելու համար։ Նրանցից շատերն են մշտական բնակություն հաստատում այստեղ՝ ոմանք սիրահարվելով երկրի մշակույթին, խոհանոցին ու լողափերին, իսկ ոմանք էլ՝ գեղեցիկ թայլանդուհիներին։
Չեմ կարող չնշել այն մասին, որ այստեղ շատ են սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդները (և ոչ միայն)։ Երբ մարդկանց այս խումբը դեռ աշխարհի մի շարք երկրներում պայքարում է իրենց իրավունքների և հասարակության կողմից ընդունված լինելու համար, այստեղ դա նույնիսկ չի քննարկվում, չի քննադատվում և չի դատապարտվում հասարակության կողմից մի շատ պարզ պատճառով․ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա գոնե մեկ նման անդամ։
Թայլանդացիները հպարտանում են իրենց «Muay Thai» կամ «Thai boxing» (թայլանդական բոքս) մարզաձևով։ Ես ինքս ունեցել եմ մի քանի «Thai boxing» դասեր և պետք է խոստովանեմ, որ այն սթրեսից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել, քանի որ մարդու մեջ մշակում է ծայրահեղ ուշադրություն, կենտրոնացում, ֆիզիկական պատրաստվածություն և ոչ միայն։
Թայլանդում չորս եղանակներից միայն մեկն է վառ արտահայտված՝ ամառը։ Հյուսիսային քաղաքներում տարվա մեջ գուցե կարճ ժամանակ ավելի ցուրտ լինի, քան երկրի մնացած քաղաքներում, բայց այստեղ չկա ձյուն, չկան աշնանային գույներ ու չկա ձմեռային հագուստի անհրաժեշտություն։ Այս ամիսները համարվում են, սակայն, անձրևային ամիսներ։ Իսկ ընդհանուր առմամբ ողջ տարին տեսարանն այստեղ գրեթե չի փոխվում․ ծառերը միշտ կանաչ են, ծաղիկները միշտ ծաղկում են, մրգերն աճում են տարվա բոլոր ամիսներին, ջերմաստիճանը գրեթե միշտ նույնն է՝ ընդամենը մի քանի աստիճան տարբերությամբ ձմռան ամիսներին։
Թայլանդի գեղեցիկ լողափերը գաղտնիք չեն ոչ մեկի համար։ Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հնարավորություն ունեք հանգստյան օրերն անցկացնել ծովափին՝ տաք ավազ, թարմ օդ, ծովի անսահման թվացող ալիքներ, արև, սառը ըմպելիքներ ու արևադարձային մրգեր։
Թայլանդն ունի աննկարագրելի մեծ ու հարուստ խոհանոց, իսկ խոհանոցի թագուհին ու թագավորն, իհարկե, բրինձն ու չիլին են։ Ծովամթերքը ևս կարևոր տեղ ունի թայլանդական խոհանոցում։ Ամենահայտնի խմիչքն այստեղ ավանդական «Թայլանդական թեյն» է, իսկ ամենահայտնի աղցանը՝ «Som Tam»-ը, կամ, այլ կերպ ասած, «պապայա աղցանը», որը սովորաբար պատրաստվում է 6 չիլիով, ծովախեցգետնով, կանաչ պապայայով, լոլիկով և մի շարք համեմունքներով։ Ասեմ, որ երեքից ավելի չիլին ինձ համար անհանդուրժելի կծու է, ու իմ բոլոր գործընկերներն իմանալով այդ մասին՝ միշտ պատվիրում են երկու «Som Tam»՝ 3 և 6 չիլիով։
Մարդիկ հիմնականում սնվում են դրսում, քանի որ այդ սնունդը բավականին էժան է և համեղ։ Միակ բանը, որին հավանաբար չեմ կարողանում դեռ հարմարվել, սառը խմիչքներն են։ Դրանք շատ քաղցր են՝ պատրաստված շաքարավազով ու տարատեսակ քաղցրացնող սերուցքներով։
Հասարակական տրանսպորտից օգտվելն այստեղ բավականին պարզ է ու հարմար։ Գործում են մեզ հայտնի ու ծանոթ բոլոր տրանսպորտային միջոցները և մի շարք նորերը, որոնք բացակայում են Հայաստանում։ Այդպիսիք են, օրինակ, մոտոցիկլետները, որոնք կիրառվում են թե՛ որպես տաքսի, թե՛ որպես անհատական տրանսպորտային միջոց։ Սրանք, թերևս, ամենավտանգավոր տրանսպորտային միջոցներն են, քանի որ մոտոցիկլետների վարորդների մեծ մասը չունի վարորդական իրավունք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը Թայլանդում կատարվում են հենց մոտոցիկլետների մասնակցությամբ։
«Tuk-tuk»-ները, որոնք երեք կամ չորս անիվներով բացօթյա տրանսպորտային միջոցներ են։ Սրանք բավականին էժան և Ասիայում հաճախ հանդիպող փոքր մարդատար փոխադրամիջոցներ են։ Տարբեր երկրներում սրանք ունեն տարբեր անվանումներ, Հնդկաստանում, օրինակ, կոչվում են «Ռիկշա»։
«Skytrain»-ը՝ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Սա համեմատաբար թանկ, բայց ամենաարագ տրանսպորտային միջոցներից է։
Այժմ վերադառնանք հակասություններին, որոնց մասին որոշեցի խոսել վերջում։
Այն ամենի մասին, ինչն ինձ օգնեց տեսնել ավելին ու ձևավորել ավելի հիմնավորված ու համապարփակ կարծիք։
Առաջին հակասությունը կապված է թայլանդացիների՝ հյուրասեր ու ընկերասեր լինելու հետ։ Ես այսպես կարող եմ միանշանակ, առանց երկար-բարակ մտածելու նկարագրել մեզ՝ հայերիս, կամ չինացիներին։ Թայլանդացիների դիրքորոշումը օտարեկրացիների նկատմամբ միանգամայն տարբեր է։
Սկսեմ նրանից, որ սովորաբար այստեղ օտարերկրացիներին խմբավորում են երեք կատեգորիայի՝ սևեր, սպիտակներ և ֆիլիպինցիներ, իսկ մեզ բոլորիս կոչում են «ֆարանգներ» (օտարերկրացիներ), որը հիմնականում արտահայտում է բացասական վերաբերմունք։ Իսկ համեմատաբար դրական վերաբերմունք ցուցաբերում են այսպես կոչված «սպիտակ օտարերկրացիների» նկատմամբ։ Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ համար օտարերկրացիների նկատմամբ նման վերաբերմունքը բավականին անսպասելի էր, քանի որ ակնկալիքներս մի երկրից, որը հետևում է բուդդիզմին, մի փոքր այլ էին։ Այնուամենայնիվ, նրանց սիրտը գրավելն անհնար չէ։ Երբ թայլանդացին նկատում ու զգում է հարգանք դեպի իր մշակույթը, լեզուն, կրոնը, ավանդույթներն ու սովորույթները, նա միանշանակ առաջարկում է իր ընկերությունն ու հյուրասիրությունը։ Ես ինքս արդեն հասցրել եմ ձեռք բերել թայլանդացի ընկերներ և պետք է խոստովանեմ, որ երբ սառույցը կոտրվում է, նրանք իսկապես կարող են լինել լավ ընկեր։
Թայլանդը բավականին հոգևոր երկիր է․ սա, թերևս մյուս հակասությունն էր, որը ես նկատեցի։ Թայլանդում, այո՛, կան հոգևոր անհատներ ու մարդկանց մեծ խմբեր։ Կան նաև քաղաքներ, որոնք հայտնի են բուդդայականության մեջ մեծ ներդրում ունենալով, ինչպես օրինակ՝ Chiang Mai, Bangkok, Chiang Rai քաղաքները և ոչ միայն, բայց․․․ես հասցրեցի տեսնել նաև մետաղադրամի մյուս կողմը՝ հարբած հոգևորականների, բուդդիստական տաճարների գործունեության դեմ պայքարող մարդկանց խմբերի ու թագավորության, աշխարհում սեքս-տուրիզմով հայտնի քաղաքներ/կղզիներ (Pattaya, Phuket), որտեղ մարդիկ, մեղմ ասած, հեռու են հոգևոր լինելուց։
Ոչինչ միանշանակ չէ․ մենք չենք կարող նկարագրել մի ողջ երկիր ու հասարակություն միատեսակ, որովհետև, ինչպես բոլոր մետաղադրամներն ունեն երկու կողմ, այնպես էլ բոլոր մշակույթները, երկրները, ազգերն ու երևույթներն ունեն մեկ կամ ավելի կողմեր, ու իրական պատկերացում կազմելու համար հարկավոր է հաշվի առնել այդ բոլոր կողմերը։
Հյուսիսային համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանն այս կիսամյակում «Էրազմուս+»՝ մեկ ուսանողի փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումը շարունակել է Լեհաստանի Շեցինի համալսարանում: Մենք մշտապես կապ ենք պահպանել մեր ուսանողուհու հետ, հետաքրքրվել նրա ուսումնառությամբ: Իսկ այսօր Մագդալինան արդեն Հայաստանում է և պատմում է իր տպավորությունների մասին.
- Թեպետ ուսումնառության գերակշիռ հատվածն անցկացրեցինք կարանտինի պայմաններում, այնուհանդերձ բնավ չզգացինք ձանձրույթ կամ հուսախաբություն, քանի որ բոլոր դասերը հրաշալի կազմակերպվում էին առցանց եղանակով: Ինտերակտիվ դասերի, քննությունների շնորհիվ մշտապես գտնվում էինք ակտիվ վիճակում՝ ձեռք բերելով հիմնավոր գիտելիքներ բոլոր առարկաներից: Ես գտա հոգեհարազատ ընկերների, որոնց հետ անցկացրեցի կյանքիս լավագույն օրերը: Երբեմն հավաքվում էինք փոքր խմբերով, զրուցում, երգում մեր ազգային երգերը, պարում, պատմում մեր մշակույթների մասին: Կարանտինից հետո, երբ արդեն վերադարձանք բնականոն կյանքի, սկսվեց մեր ճանապարհորդությունը Լեհաստանում։
Եղանք ամենագեղեցիկ քաղաքներում՝ Վարշավա, Գդանսկ, Կրակով, Վրոցլավ, Զակոպանիե, Կարպաչ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան գեղեցիկ էին այդ քաղաքները, խնամված, կանաչապատ։ Այցելեցինք բազմաթիվ թանգարաններ, ծանոթացանք լեհական մշակույթին և պատմությանը։ Իհարկե, սովորելու շատ բան ունենք, բայց նաև կարող ենք մեր ազգի առանձնահատկություններով էլ հպարտանալ օտար ազգերի մոտ: Անհամբեր սպասում եմ սիրելի համալսարանի, իմ այստեղի ընկերների հետ հանդիպմանը: Փոխանցելու շատ բան ունեմ նրանց: Նաև շատ շնորհակալ եմ Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անի Թամազյանին, որը այս հեռավորության վրա միշտ կողքիս էր իր խորհուրդներով ու հոգատարությամբ»:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի և Հյուսիսային համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն այսուհետ կիրականացվի կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագիր, որի ավարտին շրջանավարտները կստանան երկու որակավորում և երկու դիպլոմ՝
- Կառավարման մագիստրոս (Master of Management) /Հյուսիսային համալսարանի դիպլոմ և որակավորում/,
- Վարչարար կառավարման մագիստրոս (Master of Business Administration) /
Վառնայի կառավարման համալսարանի դիպլոմ և որակավորում/:
Այս համագործակցությունը մեծ հեռանկարներ կարող է բացել Հյուսիսային համալսարանի ուսանողների առջև, քանի որ Վառնայի կառավարման համալսարանը (ՎՈՒՄ) բավականին հեղինակավոր միջազգային բիզնես դպրոց է, որտեղ 40-ից ավելի երկրների ուսանողներ գերազանց կրթություն են ստանում բիզնեսի և մարքեթինգի, ՏՏ, համակարգչային գիտությունների, տուրիզմի և հյուրընկալության կառավարման, ինչպես նաև գաստրոնոմիայի ոլորտում: Ուսումնառելով Վառնայի կառավարման համալսարանին՝ դուք կհամոզվեք, որ ՎՈՒՄ-ը 21-րդ դարի համալսարան է: Ունենալով բազմաբնույթ ուսանողական կառույցներ և 40-ից ավելի երկրների ուսանողներ՝ Վառնայի կառավարման համալսարանը U-Multirank- ի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բիզնես դպրոցների միջազգային վարկանիշային ցուցիչի համաձայն առաջին տեղն է զբաղեցնում: ՎՈՒՄ-ն իր գործունեությունը սկսել է 20 տարի առաջ որպես տուրիզմի քոլեջ և աստիճանաբար վերաճել է հավատարմագրված համալսարանի՝ առավելապես շեշտադրում կատարելով «Կառավարում» մասնագիտության վրա: Այսօր ՎՈՒՄ- ը առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրկնակի դիպլոմների ծրագրեր, որոնք ամբողջությամբ դասավանդվում են անգլերենով. ծրագրերն իրականցվում են համագործակցելով այնպիսի երկրների համալսարանների հետ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, իսկ այժմ նաև Հայաստանը՝ ի դեմս Հյուսիսային համալսարանի: Ուսումնական պլանները համահունչ են գործընկեր հաստատությունների ուսպլաններին: Ուսանողները ստանում են 2 դիպլոմ, ինչպես գործընկեր համալսարաններից, այնպես էլ ՎՈՒՄ-ից:
Ծրագրին դիմելու հիմնական պահաջները.
- Վառնայի համալսարանում սովորելու տևողությունը 1 կիսամյակ է (2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից):
- ՎՀ-ում սովորելու իրավունք ստանալու համար մագիստրոսն առնվազն մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի 1-ին կիսամյակում պետք է սովորի Հյուսիսային համալսարանում՝ «Կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանակում( եթե տեղափոխվում է այլ բուհից):
- Բակալավրի բազային կրթությունը պարտադիր չէ. այլ մասնագիտությամբ բակալավրի որակավորման դեպքում ուսանողը ՎՀ-ում կուսումնասիրի լրացուցիչ դասընթացներ:
- Կրկնակի դիպլոմով ծրագրի շրջանակում սովորելու համար ուսանողն առնվազն պետք է ունենա /60 /2.7/ միջին որակական գնահատական:
- Կրթական ծրագրով սովորելու նպատակով հարկավոր է անգլերենի իմացություն IELTS 6.0 մակարդակին համապատասխան: Անգլերենի ոչ բավարար գիտելիքների դեպքում Հյուսիսային համալսարանը կանցկացնի անգլերենի լրացուցիչ դասընթացներ:
- Կրկնակի դիպլոմով կրթական ծրագրի տարեկան ուսման վարձը 1-ից 3-րդ կիսամյակների համար կազմում է ՝ 400000 ՀՀ դրամ, 4-րդ կիսամյակի ուսման վճարը կազմում է 400000 ՀՀ դրամ՝ Հյուսիսային համալսարանի համար և մոտ 2000 եվրո Վառնայի կառավարման համալսարանի համար:
Ուսանողները Վառնայի կառավարման համալսարանում ուսումնառության ընթացքում ստանալու են Բուլղարիայի ուսանողի կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս բոլոր ուսանողներին առանց բացառության դիմել Էրազմուս+ ուսանողների շարժունության ծրագրին՝ 6-ամսից 1 տարի տևողությամբ և ստանալ ամսական 720 եվրոյին մոտ կրթաթոշակ:
Դիմումներն ընդունվում են ս.թ. հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը: Այլ մանրամասների համար դիմորդները կարող են զանգել 010573317՝ ընդհանուր բաժին, 010554056՝ արտաքին կապերի բաժին, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով:
https://vum.bg/about-vum/ - ՎՀ մասին
https://vum.bg/students-guide/- ուսանողի ուղեցույց
https://lic.vumk.eu/en/ - ՎՀ գրադարան