logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

vvarchutyun Монтажная область 1

Հյուսիսային համալսարանում արտակարգ դրության պայմաններում   հեռակա ուսուցման համակարգում առցանց ուսուցման կազմակերպման արդյունավետությունը  պարզելու համար որակի ապահովման վարչության ղեկավար Ն. Սիրականյանն ու մասնագետ Ա. Մուկուչյանը  անցկացրել են դասալսումներ և ուսանողների հետ ֆոկուս խմբեր ըստ առանձին ֆակուլտետների:

           Դասալսումների նպատակն էր դասախոսների և ուսանողների կարիքների վերհանման և խորհրդատվության ապահովման միջոցով առցանց ուսուցման արդյունավետությունը բարձրացնելը:

      Դասալսումների հիմքում դրվել են հետևյալ խնդիրները՝

  1. վերհանել առցանց դասավանդման ընթացքում ուսուցման կազմակերպման խնդիրները 3 ուղղություններով՝ տեխնոլոգիական, մանկավարժական և կառավարման,
  2. բարելավել ուսուցման կազմակերպման որակը՝ նպաստելով դասախոսների միջև լավագույն փորձի փոխանակմանը:

Դասալսումներն իրականացվել են երեք ֆակուլտետներում (23 դաս` յուրաքանչյուր դասախոսի կողմից կազմակերպվող մեկ  դաս):

         Որակի ապահովման վարչության ղեկավարի և մասնագետի կողմից ուսանողների հետ քննարկումներն իրականացվել են ֆոկուս խմբերով՝ ըստ առանձին ֆակուլտետների (մասնակիցներ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի 41 ուսանող պատահական ընտրանքով): Ֆոկուս խմբերի մեթոդով առցանց հանդիպում-քննարկումների նպատակն էր  առցանց ուսուցման ընթացքում ուսանողների կարիքների բացահայտումը՝ միտված կրթության որակի շարունակական բարելավմանն և  ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Հիմնական խնդիրներն էին՝

  • պարզել, թե ուսանողներն ինչպես են հարմարվել առցանց ուսուցման միջավայրին, ինչ առավելություններ ունի այն լսարանային ուսուցման համեմատությամբ,
  • բացահայտել առցանց ուսուցման ընթացքում առաջացած հիմնական խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ուսուցման որակի ապահովմանը,  
  • պարզել գործնական աշխատանքների կազմակերպման ձևերը առցանց ուսուցման միջավայրում:

        

  Հյուսիսային համալսարանում առկա ուսուցման համակարգում առցանց ուսուցման ընթացքի ուսումնասիրությունը և արդյունքների գնահատումը որակի ապահովման վարչության աշխատակիցների կողմից հնարավորություն տվեց համալսարանին բարելավելու մի շարք գործընթացներ՝ ելնելով պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կարիքներից, որոնք նպաստել են հեռակա ուսուցման համակարգում առցանց ուսուցման իրականացմանը:  Մասնավորապես, առցանց ուսուցման իրականացումը կանոնակարգված դասացուցակի միջոցով, zoom գործիքը կիրառող դասախոսների թվի մեծացումը, համալսարանի կողմից zoom-ի փաթեթներից օգտվելու հնարավորության ստեղծումը, առցանց ուսուցման վերաբերյալ դասախոսներին պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը ամբիոնների վարիչների և այլ ստորաբաժանումնների կողմից և այլն:    Դասալսումների ու ֆոկուս խմբերի   վերլուծության շնորհիվ պարզվել է.

      

  1. Հեռակա ուսուցման համակարգում առկա ուսուցման համեմատությամբ առցանց ուսուցումը բավականին հաջողված է, որի պատճառներից մեկը պրոֆեսորադա-սախոսական կազմի փորձի կուտակումն է առցանց միջավայրում: Դասալսումների և ֆոկուս խմբերով քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ դասերը հիմնականում կազմակերպվում են պատշաճ մակարդակով: Ուսանողներն արդեն իսկ հարմարվել են առցանց ուսուցման միջավայրին, պայմաններին, թեև փաստում են, որ այն չի կարող փոխարինել լսարանային պայմաններում ուսուցմանը: Որպես առցանց ուսուցման առավելություն՝ ուսանողները հիմնականում արձանագրեցին կրթության հասանելիությունը, ուսանողների ներգրավվածությունը այն հիմքով, որ հեռակա ձևով սովորող ուսանողների հիմնական մասն աշխատում են, իսկ առցանց ուսուցումը հնարավորություն է տալիս թե՛ հեռավոր վայրերից միանալ դասերին, թե՛աշխատանքին զուգահեռ:

    Դասալսումների, քննարկումների ընթացքում, ինչպես նաև ուսուցման կազմակերպման ընթացքին հետևելիս (բոլոր կուրսերում առցանց խմբերում ներգրավված լինելու միջոցով) և դեկանատների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ առցանց ուսուցումը տեխնոլոգիական տեսանկյունից հիմնականում արդյունավետ է կազմակերպված դասախոսների կողմից, որին անհրաժեշտության դեպքում աջակցում են  նաև դեկանատների և որոշ այլ ստորաբաժանումների աշխատակիցները (ուսումնական վարչության պետ, հեռավար ուսուցման համակարգող): Իսկ ուսանողների շրջանում հիմնականում չի արձանագրվել տեխնիկա չունենալու որևէ դեպք, երբեմն ինտերնետ կապի խնդիրներ են առաջացել, որը, սակայն, չի ազդել ուսուցման որակի վրա, քանզի դասախոսները հիմնականում փոխանցել են էլեկտրոնային նյութերը, մի մասն էլ՝ դասերի ձայնագրությունները: Ուսանողների հետ զրույցից պարզ դարձավ նաև, որ դասախոսները ցուցաբերում են անհատական վերաբերմունք, փորձում աջակցել ուսանողներին՝ տարբեր հարթակներում պատասխանելով նրանց հարցերին (Viber, messenger և այլն):   Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ուղղությամբ հիմնականում նկատվել են հետևյալ խնդիրները, որոնք թեպետ  համատարած չեն, սակայն պետք է հետագայում բացառել: Օրինակ, որոշ դասախոսների կողմից Zoom-ի գործիքների ոչ լիարժեք կիրառում, մասնավորապես՝ էկրանի ցուցադրում, գրատախտակի կիրառում և կարճաժամկետ խմբային աշխատանքների իրականացում, որոնք հնարավորություն կտան  դասը կազմակերպել բազմազան ձևերով ու  մեթոդներով: Այս և վեր հանած մի շարք այլ խնդիրների մասին որակի ապահովման վարչությունը իրազեկել է ամբիոններին՝ ներկայացնելով հետևյալ առաջարկները՝

  1. այն դասախոսներին, որոնք չեն տիրապետում zoom-ի գործիքակազմի կիրառմանը, տրամադրել աջակցություն՝ ներգրավելով համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին, պատրաստել Zoom գործիքակազմի վերաբերյալ ուղեցույց կամ տեսադաս, որը հասանելի կլինի նաև ուսանողներին՝ դասերի կազմակերպչական աշխատանքներին լիարժեք ներգրավման և  գործիքների արդյունավետ կիրառման համար: Լայնորեն կիրառել նաև zoom-ի այն գործիքները (գրատախտակ, խմբային քննարկում), որոնք ավելի շատ ունեն գործնական ուղղվածություն:
  2. Անհրաժեշտ է տնտեսագիտության կառավարման ամբիոնի՝ Moodle համակարգին անցնելու հաջողված փորձը տարածել նաև մյուս ամբիոններում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքները տվյալ ամբիոնում կազմակերպվում են ավելի արդյունավետ: Առաջարկ է արվել նաև ձայնագրել հաջողված դասերը, ինչը փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է:

   Առցանց ուսուցման միջավայրին անցումը մանկավարժական տեսանկյունից մարտահրավեր է նետում դասավանդողներին, քանի որ  փոխվել է միջավայրը, ինչը ենթադրում է նոր մեթոդների, մոտեցումների փոփոխություն:  Չնայած ուսանողները հիմնականում բավարարված են առցանց ուսուցման մատչելիությունից, չեն արձանագրել  ուսուցման արդյունավետությանը խոչընդոտող հիմնարար խնդիրներ, այնուամենայնիվ,  որակի ապահովման վարչության աշխատակիցները դասալսումների ընթացքում նկատել են որոշ խնդիրներ, որոնք ունեն բարելավման կարիք: Մանավորապես նրանք նշել են, որ առցանց դասերին կիրառվող հարց ու պատասխանի և քննարկման մեթոդները, որոնք կարևոր են ուսուցման գործընթացում՝ ուսանողներին ակտիվորեն  ներգրավելու համար, ոչ բոլոր դասերին են կիրառվում:  Նույն դիտարկումն արվել է նաև առցանց ուսուցման ընթացքում հաճախակի կիրառվող արդյունավետ մեկ այլ՝ շրջված դասարանի մեթոդի մասին, որը ևս համատարած չի կիրառվում: Ուստի առաջարկ է արվել ամբիոններին՝ տարածել իրենց դասավանդողների հաջողված փորձերը կամ էլ փորձի փոխանակում իրականացնել մասնավորապես կառավարման ամբիոնի դասախոսների հետ:

Որակի ապահովման վարչության աշխատակիցները դրական են համարել այն դասավանդողների փորձը, որոնք դասի թեման կապում են մասնագիտացման, գործնական դաշտի հետ՝ խթանելով ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, մասնավորապես հիշատակվել է Է. Վարդանյանի դասը:  Իսկ գործնական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից հիմնականում հաջողված են համարել կառավարման ամբիոնի դասախոսների փորձը՝  Moodle համակարգի, սահիկահանդեսների նպատակային կիրառմամբ: Այլ ամբիոններում ևս կան գործնական աշխատանքների կիրառման հաջողված փորձեր, մասնավորապես դրվատանքի է արժանացել հայոց լեզվի դասախոս, դոցենտ  Ծ. Ասատրյանի դասը:

Որակի ապահովման վարչության ղեկավար Ն. Սիրականյանն ու մասնագետ Ա. Մուկուչյանը մի շարք այլ առաջարկներ են ներկայացրել՝ կապված մասնավորապես կազմակերպչական խնդիրների հետ: Դրանցից շատերն արդեն իսկ քննարկվել են որոշ ամբիոններում, դասախոսներին տրվել են հանձնարարականներ:

Որակի ապահովման վարչությունը, ամփոփելով դասալսումների և ֆոկուս խմբերի վերլուծությունների արդյունքները, նշել է, որ թեպետ դրական մի շարք կողմերի,   առցանց ուսուցումը հեռակա ուսուցման համակարգում դեռևս ունի բարելավման կարիք: Առաջարկ է արվել  ամբիոններին՝ ուսումնասիրել նրանց ուղղված դիտարկումներն ու խորհրդատվությունները, նպաստել նույն և տարբեր ամբիոնների դասախոսների միջև հաջողված փորձի փոխանակմանը, մեթոդական աջակցություն ցուցաբերել դասախոսներին՝  բարձրացնելով առցանց ուսուցման արդյունավետությունը:

 

hasmik

Հասմիկ Մանուկյանը Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ է: Մեկն այն ուսանողներից, որը բառացիորեն կերտեց ինքն իրեն՝ ուսումնառության տարիներին փայլուն սովորելով, կատարելագործվելով, դեռևս ուսանողական նստարանից թղթակցելով տարբեր ԶԼՄ-ների, օտար լեզուներ յուրացնելով, մի խոսքով, պատրաստելով ինքն իրեն ավելի գեղեցիկ ու լիարժեք կյանքի: Համարձակ երազանքները սկզբում նրան տարան Լեհաստան ու Չինաստան, իսկ այսօր Հասմիկն ապրում և աշխատում է Թայլանդում՝ կայանալով որպես մասնագետ: Ներկայացնում ենք նրա տպավորություններն այդ խորհրդավոր, հակասական ու անկանխատեսելի երկրի մասին:
Վերջին անգամ կիսել եմ իմ՝ Չինաստանում ապրելու փորձն ու չինական մշակույթի, կենսակերպի շուրջ ձևավորված տպավորությունները։ Անչափ շնորհակալ եմ իմ շատ սիրելի դասախոս Գայանե Հակոբյանին, որն ամեն անգամ ստիպում է ինձ հավաքել մտքերս և զգացողություններս՝ դրանք թղթին հանձնելու համար։ Այս անգամն էլ բացառություն չէ․ նրա հետ զրուցելուց հետո արդեն պարզ էր՝ ժամանակն է ի մի բերել ձևավորված գաղափարներն ու փորձը Թայլանդի մասին։
Թայլանդում ապրում եմ գրեթե մեկ տարի։ Մինչ տեղափոխվելս ընկերներս այնքան էին պատմել այդ երկրի ու նրա մշակույթի մասին, որ թվում էր՝ այլևս ոչինչ չկա բացահայտելու, որ ամեն ինչ գիտեմ, ու որ պետք է միայն գնել ինքնաթիռի տոմսն ու վայելել ամեն մի ակնթարթն այս հիասքանչ երկրում։ Բայց․․․հենց սկզբից հասկացա, որ Թայլանդի մասին ունեցած պատկերացումներս, որ ձևավորվել էին այլ մարդկանց կարծիքների ու փորձի հիման վրա, հակասում են այն պատկերին, որը նոր էի սկսում ձևավորել իմ փորձի հիման վրա։
Մինչ այդ հակասություններին անդրադառնալը, սակայն, կցանկանայի պատմել Թայլանդի լավագույն կողմերի մասին։
Նախ ասեմ, որ այստեղ ապրում են բուդդիստ և մուսուլման թայլանդացիներ, ինչպես նաև չինացիներ։ Թայլանդացիների շրջանում մի շատ հայտնի խոսք կա՝ «Sabai, sabai», որը բառացի թարգմանություն չունի։ «Sabai, sabai» արտահայտությունը հիմնականում կիրառվում է այն իրավիճակներում, երբ սթրեսը, անհանգստությունը կամ մտքերը այսպես ասած «որսում» են մարդուն։ Այն նշանակում է «թեթև տար», «երջանիկ եղիր», «մի մտածիր/մի անհանգստացիր»։ Թայլանդացիները գիտեն ինչպես հավասարակշռել իրենց լավ ու վատ զգացողությունները, այսպիսով նրանք փորձում են ձևավորել դրական դիրքորոշում և լավատեսություն անգամ անհույս թվացող իրավիճակներում։
Թայլանդում շատ են նաև օտարերկրացիները, որոնք հիմնականում այստեղ են անգլերեն դասավանդելու համար։ Նրանցից շատերն են մշտական բնակություն հաստատում այստեղ՝ ոմանք սիրահարվելով երկրի մշակույթին, խոհանոցին ու լողափերին, իսկ ոմանք էլ՝ գեղեցիկ թայլանդուհիներին։
Չեմ կարող չնշել այն մասին, որ այստեղ շատ են սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդները (և ոչ միայն)։ Երբ մարդկանց այս խումբը դեռ աշխարհի մի շարք երկրներում պայքարում է իրենց իրավունքների և հասարակության կողմից ընդունված լինելու համար, այստեղ դա նույնիսկ չի քննարկվում, չի քննադատվում և չի դատապարտվում հասարակության կողմից մի շատ պարզ պատճառով․ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա գոնե մեկ նման անդամ։
Թայլանդացիները հպարտանում են իրենց «Muay Thai» կամ «Thai boxing» (թայլանդական բոքս) մարզաձևով։ Ես ինքս ունեցել եմ մի քանի «Thai boxing» դասեր և պետք է խոստովանեմ, որ այն սթրեսից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել, քանի որ մարդու մեջ մշակում է ծայրահեղ ուշադրություն, կենտրոնացում, ֆիզիկական պատրաստվածություն և ոչ միայն։
Թայլանդում չորս եղանակներից միայն մեկն է վառ արտահայտված՝ ամառը։ Հյուսիսային քաղաքներում տարվա մեջ գուցե կարճ ժամանակ ավելի ցուրտ լինի, քան երկրի մնացած քաղաքներում, բայց այստեղ չկա ձյուն, չկան աշնանային գույներ ու չկա ձմեռային հագուստի անհրաժեշտություն։ Այս ամիսները համարվում են, սակայն, անձրևային ամիսներ։ Իսկ ընդհանուր առմամբ ողջ տարին տեսարանն այստեղ գրեթե չի փոխվում․ ծառերը միշտ կանաչ են, ծաղիկները միշտ ծաղկում են, մրգերն աճում են տարվա բոլոր ամիսներին, ջերմաստիճանը գրեթե միշտ նույնն է՝ ընդամենը մի քանի աստիճան տարբերությամբ ձմռան ամիսներին։
Թայլանդի գեղեցիկ լողափերը գաղտնիք չեն ոչ մեկի համար։ Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հնարավորություն ունեք հանգստյան օրերն անցկացնել ծովափին՝ տաք ավազ, թարմ օդ, ծովի անսահման թվացող ալիքներ, արև, սառը ըմպելիքներ ու արևադարձային մրգեր։
Թայլանդն ունի աննկարագրելի մեծ ու հարուստ խոհանոց, իսկ խոհանոցի թագուհին ու թագավորն, իհարկե, բրինձն ու չիլին են։ Ծովամթերքը ևս կարևոր տեղ ունի թայլանդական խոհանոցում։ Ամենահայտնի խմիչքն այստեղ ավանդական «Թայլանդական թեյն» է, իսկ ամենահայտնի աղցանը՝ «Som Tam»-ը, կամ, այլ կերպ ասած, «պապայա աղցանը», որը սովորաբար պատրաստվում է 6 չիլիով, ծովախեցգետնով, կանաչ պապայայով, լոլիկով և մի շարք համեմունքներով։ Ասեմ, որ երեքից ավելի չիլին ինձ համար անհանդուրժելի կծու է, ու իմ բոլոր գործընկերներն իմանալով այդ մասին՝ միշտ պատվիրում են երկու «Som Tam»՝ 3 և 6 չիլիով։
Մարդիկ հիմնականում սնվում են դրսում, քանի որ այդ սնունդը բավականին էժան է և համեղ։ Միակ բանը, որին հավանաբար չեմ կարողանում դեռ հարմարվել, սառը խմիչքներն են։ Դրանք շատ քաղցր են՝ պատրաստված շաքարավազով ու տարատեսակ քաղցրացնող սերուցքներով։
Հասարակական տրանսպորտից օգտվելն այստեղ բավականին պարզ է ու հարմար։ Գործում են մեզ հայտնի ու ծանոթ բոլոր տրանսպորտային միջոցները և մի շարք նորերը, որոնք բացակայում են Հայաստանում։ Այդպիսիք են, օրինակ, մոտոցիկլետները, որոնք կիրառվում են թե՛ որպես տաքսի, թե՛ որպես անհատական տրանսպորտային միջոց։ Սրանք, թերևս, ամենավտանգավոր տրանսպորտային միջոցներն են, քանի որ մոտոցիկլետների վարորդների մեծ մասը չունի վարորդական իրավունք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը Թայլանդում կատարվում են հենց մոտոցիկլետների մասնակցությամբ։
«Tuk-tuk»-ները, որոնք երեք կամ չորս անիվներով բացօթյա տրանսպորտային միջոցներ են։ Սրանք բավականին էժան և Ասիայում հաճախ հանդիպող փոքր մարդատար փոխադրամիջոցներ են։ Տարբեր երկրներում սրանք ունեն տարբեր անվանումներ, Հնդկաստանում, օրինակ, կոչվում են «Ռիկշա»։
«Skytrain»-ը՝ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Սա համեմատաբար թանկ, բայց ամենաարագ տրանսպորտային միջոցներից է։
Այժմ վերադառնանք հակասություններին, որոնց մասին որոշեցի խոսել վերջում։
Այն ամենի մասին, ինչն ինձ օգնեց տեսնել ավելին ու ձևավորել ավելի հիմնավորված ու համապարփակ կարծիք։
Առաջին հակասությունը կապված է թայլանդացիների՝ հյուրասեր ու ընկերասեր լինելու հետ։ Ես այսպես կարող եմ միանշանակ, առանց երկար-բարակ մտածելու նկարագրել մեզ՝ հայերիս, կամ չինացիներին։ Թայլանդացիների դիրքորոշումը օտարեկրացիների նկատմամբ միանգամայն տարբեր է։
Սկսեմ նրանից, որ սովորաբար այստեղ օտարերկրացիներին խմբավորում են երեք կատեգորիայի՝ սևեր, սպիտակներ և ֆիլիպինցիներ, իսկ մեզ բոլորիս կոչում են «ֆարանգներ» (օտարերկրացիներ), որը հիմնականում արտահայտում է բացասական վերաբերմունք։ Իսկ համեմատաբար դրական վերաբերմունք ցուցաբերում են այսպես կոչված «սպիտակ օտարերկրացիների» նկատմամբ։ Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ համար օտարերկրացիների նկատմամբ նման վերաբերմունքը բավականին անսպասելի էր, քանի որ ակնկալիքներս մի երկրից, որը հետևում է բուդդիզմին, մի փոքր այլ էին։ Այնուամենայնիվ, նրանց սիրտը գրավելն անհնար չէ։ Երբ թայլանդացին նկատում ու զգում է հարգանք դեպի իր մշակույթը, լեզուն, կրոնը, ավանդույթներն ու սովորույթները, նա միանշանակ առաջարկում է իր ընկերությունն ու հյուրասիրությունը։ Ես ինքս արդեն հասցրել եմ ձեռք բերել թայլանդացի ընկերներ և պետք է խոստովանեմ, որ երբ սառույցը կոտրվում է, նրանք իսկապես կարող են լինել լավ ընկեր։
Թայլանդը բավականին հոգևոր երկիր է․ սա, թերևս մյուս հակասությունն էր, որը ես նկատեցի։ Թայլանդում, այո՛, կան հոգևոր անհատներ ու մարդկանց մեծ խմբեր։ Կան նաև քաղաքներ, որոնք հայտնի են բուդդայականության մեջ մեծ ներդրում ունենալով, ինչպես օրինակ՝ Chiang Mai, Bangkok, Chiang Rai քաղաքները և ոչ միայն, բայց․․․ես հասցրեցի տեսնել նաև մետաղադրամի մյուս կողմը՝ հարբած հոգևորականների, բուդդիստական տաճարների գործունեության դեմ պայքարող մարդկանց խմբերի ու թագավորության, աշխարհում սեքս-տուրիզմով հայտնի քաղաքներ/կղզիներ (Pattaya, Phuket), որտեղ մարդիկ, մեղմ ասած, հեռու են հոգևոր լինելուց։
Ոչինչ միանշանակ չէ․ մենք չենք կարող նկարագրել մի ողջ երկիր ու հասարակություն միատեսակ, որովհետև, ինչպես բոլոր մետաղադրամներն ունեն երկու կողմ, այնպես էլ բոլոր մշակույթները, երկրները, ազգերն ու երևույթներն ունեն մեկ կամ ավելի կողմեր, ու իրական պատկերացում կազմելու համար հարկավոր է հաշվի առնել այդ բոլոր կողմերը։

magdalina

Հյուսիսային համալսարանի օտար լեզուների  ֆակուլտետի  երկրորդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանն  այս կիսամյակում «Էրազմուս+»՝ մեկ ուսանողի փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումը շարունակել է Լեհաստանի Շեցինի համալսարանում: Մենք մշտապես կապ ենք պահպանել մեր ուսանողուհու հետ, հետաքրքրվել նրա ուսումնառությամբ: Իսկ այսօր Մագդալինան արդեն Հայաստանում է և պատմում է իր տպավորությունների մասին.

  • Թեպետ ուսումնառության գերակշիռ հատվածն անցկացրեցինք կարանտինի պայմաններում, այնուհանդերձ բնավ չզգացինք ձանձրույթ կամ հուսախաբություն, քանի որ բոլոր դասերը հրաշալի կազմակերպվում էին առցանց եղանակով: Ինտերակտիվ դասերի, քննությունների շնորհիվ մշտապես գտնվում էինք ակտիվ վիճակում՝ ձեռք բերելով հիմնավոր գիտելիքներ բոլոր առարկաներից: Ես գտա հոգեհարազատ ընկերների, որոնց հետ անցկացրեցի կյանքիս լավագույն օրերը: Երբեմն հավաքվում էինք փոքր խմբերով, զրուցում, երգում մեր ազգային երգերը, պարում, պատմում մեր մշակույթների մասին: Կարանտինից հետո, երբ արդեն վերադարձանք բնականոն կյանքի, սկսվեց մեր ճանապարհորդությունը Լեհաստանում։

Եղանք ամենագեղեցիկ քաղաքներում՝ Վարշավա, Գդանսկ, Կրակով, Վրոցլավ, Զակոպանիե, Կարպաչ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան գեղեցիկ էին այդ քաղաքները, խնամված, կանաչապատ։ Այցելեցինք բազմաթիվ թանգարաններ, ծանոթացանք լեհական մշակույթին և պատմությանը։ Իհարկե, սովորելու շատ բան ունենք, բայց նաև կարող ենք մեր ազգի առանձնահատկություններով էլ հպարտանալ օտար ազգերի մոտ: Անհամբեր սպասում եմ սիրելի համալսարանի, իմ այստեղի ընկերների   հետ հանդիպմանը: Փոխանցելու շատ բան ունեմ նրանց: Նաև շատ շնորհակալ եմ Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անի Թամազյանին, որը այս հեռավորության վրա միշտ կողքիս էր իր խորհուրդներով ու հոգատարությամբ»:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...