Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Հարգելի ուսանողներ, դասախոսներ, համալսարանի վարչական աշխատակիցներ
Թույլ տվեք շնորհավորել բոլորիս սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ, ինչպես նաև առանձնահատուկ շնորհավորել 1-ին կուրսեցիների նորամուտը Հյուսիսային համալսարան, որով մեկնարկում է մեր հասարակության համար նվիրյալ մասնագետներ պատրաստելու պատասխանատու և ազգանվեր մի գործընթաց: Հարգելի 1–ին կուրսեցիներ, հավատացնում եմ ձեզ, որ Հյուսիսային համալսարանը, որի մասն եք այսուհետ կազմում նաև դուք, մեծ սիրով կներդնի բոլոր ջանքերն ու ռեսուրսները կրթությունն առավել որակյալ կազմակերպելու ուղղությամբ: Այս գործընթացում առավելագույն արդյունքի հնարավոր է հասնել, եթե ուսումնառության ողջ ընթացքում դուք քաջ գիտակցեք և կյանքի կոչեք ձեր առաքելությունը, այն է՝ լինել ուսանող, որը ջանասիրաբար կյուրացնի իրեն մատուցվող գիտելիքները, դրանց հիման վրա կձևավորի և կհղկի համապատասխան կարողություններ և հմտություններ՝ պատրաստ լինելու ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում ուսումնական տարվա հաջող մեկնարկ:
Մհեր Մակիչյան
Հյուսիսային համալսարանի ռեկտոր
Հյուսիսային համալսարանը պատրաստ է նոր ուսումնական տարվան
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հյուսիսային համալսարանում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ընդլայնված ռեկտորատի նիստ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը առանձնացրեց քննարկվող հարցերի շրջանակը՝ կոչ անելով աշխատակիցներին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և ներկայացնել իրենց առաջարկները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ռեկտորատի անդամներն անդրադարձան 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ դասացուցակները կազմելու ընթացքին, սեպտեմբերի մեկին առաջին կուրսեցիների համար նախատեսված հանդիսավոր ընդունելության կազմակերպմանն առնչվող հարցերի, դասերը համավարակի պայմաններում պատշաճ մակարդակով, անվտանգության բոլոր կանոնները պահպանելով ուսումնական գործընթացը կազմակերպելուն, Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակությանն առնչվող հարցերին:
Ֆակուլտետների դեկանները նշեցին, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել դասացուցակները կազմելուն, դասերը հիմնականում կանցկացվեն լսարանային պայմաններում, որոշ առարկաներ շաբաթվա մեկ կամ երկու օրը, պայմանավորված դասընթացի առանձնահատկություններով, կկազմակերպվեն հեռավար եղանակով: Որոշվեց նաև Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի մի շարք առարկաների դասավանդումը նույնպես իրականացնել առցանց տարբերակով: Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի ուսանողներին հնարավորություն կտրվի հեռավար եղանակով միանալ բուհում անցկացվող որոշ դասընթացների: Մ. Մակիչյանը հատկապես կարևորեց ռիսկային խմբում գտնվող՝ 65 և ավելի տարիք ունեցող դասախոսների և վարչական աշխատակիցների աշխատանքի պատշաճ կազմակերպման հարցը: Նա առաջարկեց տարիքային այդ խմբում գտնվող դասախոսների դասաժամերը կազմակերպել հեռավար եղանակով և անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել տեխնիկական աջակցություն: Ռեկտորը հնարավոր համարեց նաև առաջին կիսամյակում այդ մասնագետներին ոչ ռիսկային խմբում գտնվող դասախոսներով փոխարինելը:
Որոշվեց նաև Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին տրամադրել անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակություն:
Անդրադառնալով նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ ռեկտոր Մ. Մակիչյանը կարևորեց սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը բուհում: Նա նշեց, որ ուսումնական հաստատությունը ոչ միայն պարբերաբար կախտահանվի, այլև բոլոր ֆակուլտետներում կտեղադրվեն ախտահանիչ նյութեր, դեկանատներին, ավագ դպրոցին ու բժշկական քոլեջին մշտապես կտրամադրվեն դիմակներ, իսկ երկու բուժքույր պարբերաբար հսկողություն կիրականացնեն:
Ռեկտորը անդրադարձավ նաև աշխատակիցների՝ առաջիկայում սպասվելիք սոցիալական վիճակի բարելավմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, և դա կյանքի կկոչվի փուլային տարբերակով: Առաջիկայում կնորոգվեն նաև մի շարք ստորաբաժանումներ, բուհի լաբորատորիաները կվերազինվեն համակարգչային նոր տեխնիկայով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով:
Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանն աշխատակիցներին մաղթեց եռանդ ու լավատեսություն՝ նոր ուսումնական տարին հաջող մեկնարկելու և միասնաբար առաջ ընթանալու համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Սեպտեմբերի մեկին Հյուսիսային համալսարանը կընդունի առաջին կուրսեցիներին
Օգոստոսի 24-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ խորհրդակցություն դեկանների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշեց ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ խորհրդակցությունը շատ կարևոր է ու սպասված, քանի որ շոշափվող հարցերը հուզում են ոչ միայն բուհի աշխատակիցներին, այլև ուսանողությանը: «Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բուհի աշխատակազմը մարտ ամսից ձեռնամուխ եղավ հեռավար ուսուցման կազմակերպմանը և հաջողությամբ հաղթահարեց ընթացիկ դժվարությունները: Մենք նույնքան բարեհաջող կերպով պետք է մեկնարկենք նաև 2020-2021 ուսումնական տարին՝ պահպանելով համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները, քանի որ մեր ուսանողների ու աշխատակիցների առողջությունը վեր է ամեն ինչից»,- հավելեց ռեկտորը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և լուծումներ ստացան մի շարք հարցեր: Մասնավորապես, դասաժամերի տևողությունը սահմանվեց 60 րոպե: Դասամիջոցները կպահպանվեն նույնությամբ՝ 10-ական և 20-ական րոպեներով: Ուսանողները դասերին կմասնակցեն փոքր խմբերով և դիմակներով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այդ պատճառով մեծաթիվ ուսանողներով կուրսերը կբաժանվեն փոքր խմբերի: Համալսարանի բոլոր լսարաններն ու ստորաբաժանումները պարբերաբար կախտահանվեն, յուրաքանչյուր ուսանող անմիջապես մուտքի մոտ կջերմաչափվի, ֆակուլտետ մտնելիս նույնպես, իսկ միջանցքներում կլինեն ախտահանման անհրաժեշտ պարագաներ: Ուսանողները ողջ օրվա ընթացքում կգտնվեն բուժքրոջ հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում նրանց ցույց կտրվի բուժօգնություն: Որոշում ընդունվեց լսարանային դասերն անցկացնել շաբաթվա չորս օրը, իսկ որոշ առարկաների ուսուցումը, պայմանավորված դրանց առանձնահատկություններով, ընդամենը մեկ օր կազմակերպել հեռավար եղանակով: ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի մեկից դասի կհաճախեն միայն բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներ, սեպտեմբերի 15-ից նաև բարձր կուրսեցիներն ու մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները:
Ռեկտոր Մհեր Մակիչյանը հավելեց նաև, որ դասերի շարունակականությունը մեծապես պայմանավորված է համաճարակային իրավիճակով և հույս հայտնեց, որ առաջիկայում ստիպված չեն լինի անցում կատարել հեռավար ուսուցման: Ուստի նա հորդորեց բոլորին՝ խստորեն հետևել անվտանգության կանոններին և մաղթեց առողջ ուսումնական տարի:
Այնպես որ, առաջին կուրսի սիրելի ուսանողներ, Հյուսիսային համալսարանը սեպտեմբերի մեկին իր հյուրընկալ դռները կբացի ձեր առաջ: Վստահ եղեք, որ այդ օրը ձեր կյանքում լինելու է նորի սկիզբ, իսկ ուսումնառության հետագա տարիները՝ գիտելիքների ձեռքբերման, հաջողությունների ու վերելքի ժամանակաշրջան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին