Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Նոր համագործակցության սկիզբ Հյուսիսային համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի միջև
2020 թ. հուլիսին Հյուսիսային համալասարանի և Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվեց երկկողմանի համաձայանագիր: Համագործակցությունն ուղղված է խթանելու երկկողմ հարաբերությունները ակադեմիական և գիտական ոլորտներում: Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը համարվում է ՌԴ հնագույն բուհերից մեկը և հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 7-ին:
Երկու բուհերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը Հյուսիսային համալսարանի հետ իրականացնելու է կրկնակի դիպլոմով չորս բակալավրական կրթական ծրագիր:
Միջազգային գործընկերների շարքում Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը առանձնահատուկ դեր ունի և նոր հեռանկարներ է բացում Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:
Առաջիկայում նախատեսվում է առավել ընդլայնել համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ընդգրկելով:
Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը /https://www.ggtu.ru/, որը համարվում է ՌԴ հնագույն բուհերից մեկը/ հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 7-ին/, երկու բուհերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի հետ իրականացնելու է կրկնակի դիպլոմով չորս բակալավրական կրթական ծրագիր.
- 011201.01.6 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա /հեռակա/ - 2 տեղ
- 011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա /հեռակա/ - 2 տեղ
- 011401.20.6 Ռուսաց լեզու և գրականություն /առկա, հեռակա/ - 2 տեղ:
- 011401.06.6 Ինֆորմատիկա /հեռակա/ - 2 տեղ
Դիմորդները, որոնք ցանկանում են միաժամանակ սովորել Հյուսիսային համալսարանում և Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանում / Մոսկվայի մարզ, Օրեխովո-Զուևո, պետք է հանձնեն ընդունելության առցանց հատուկ քննություններ՝ ՊՀՏՀ ընդունվելու համար, որոնց կնախապատրաստեն գործընկեր համալսարանի համապատասխան մասնագետները:
Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդները կհրամանագրվեն միանգամից որպես երկու բուհի ուսանող: Ուսանողները կվճարեն միայն Հյուսիսային համալսարանի ուսման վարձավճարը, իսկ ՊՀՏՀ-ում կրթությունը կլինի անվճար՝ պետական բյուջեով ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հատկացված տեղերի հաշվին: Ուսուցումը ՌԴ բուհում կլինի հեռավար և դիմորդների համար կկազմվի անհատական պլան՝ երկու բուհերի կրթական ծրագրերի հիման վրա: Կրկնակի դիպլոմով սովորող ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկան անցնել Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանում:
Դիմումները՝ կրկնակի դիպլոմով առկա ուսուցմամբ կրթական ծրագրով սովորելու համար, ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 5-ը, իսկ հեռակա ծրագրերով՝ մինչև ս.թ. օգոստոսի 19-ը:
Մանրամասների համար դիմել՝ Հյուսիսային համալսարանի ընդհանուր բաժին ՝ 010573317 հեռախոսահամարով կամ Արտաքին կապերի բաժնի Եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով interndep@ northern.am հասցեին:
Եռաբլուրի բարձունքում բառերը համրացան: Այս օրերի տանջալից սպասումները, հոգեկան խռովքը, տագնապները, որն ապրեց մեզանից յուրաքանչյուրը, թվում էր՝ պիտի դուրս հորդեն հայրենիքի համար նահատակված Գարուշ Համբարձումյանի շիրմաթմբի մոտ՝ թեթևություն բերելով մեզ և ուղղվելով հավերժության ճանապարհը բռնած մեր մյուս քաջորդիներին:
Բայց բառեր չկային, քանի որ դրանք անզոր էին փարատելու այն մորմոքը, որն ապրում է մայրը որդուն կորցնելիս, կինը՝ ամուսնու շիրմի մոտ ծնկաչոք հեկեկալիս, զավակը՝ հորը վերջին հրաժեշտը տալիս: Որևէ բառ չի կարող թեթևացնել նման վիշտը:
Եռաբլուրի բարձունքում՝ հայրենիքի համար նահատակված հայ քաջորդիների շիրիմների կողքով անցնելիս հասկացա մի ճշմարտություն՝ հայը զենք է վերցնում սիրուց՝ մայր հողի, հարազատի, մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, նրանց արժանապատվությունն ու կյանքը պաշտպանելու գիտակցումից դրդված: Նահանջի ճանապարհ չկա: Հայի ինքնությունից, հազարամյակների գենետիկ հիշողությունից հրաժարվելու, մկրատված հայրենիքի այս վերջին կտորը շան բերան տալու իրավունք չունենք: Խաղաղությամբ ննջեք մեր հերոսներ, ձեր չկրակած փամփուշտներով մենք՝ ողջերս, կշարունակենք պաշտպանել արյունով մյուռոնված մեր հողը:
Հյուսիսային համալսարանի պատվիրակությունն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ խոնարհեց հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի շիրիմին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հյուսիսային համալսարանում արտակարգ դրության պայմաններում հեռակա ուսուցման համակարգում առցանց ուսուցման կազմակերպման արդյունավետությունը պարզելու համար որակի ապահովման վարչության ղեկավար Ն. Սիրականյանն ու մասնագետ Ա. Մուկուչյանը անցկացրել են դասալսումներ և ուսանողների հետ ֆոկուս խմբեր ըստ առանձին ֆակուլտետների:
Դասալսումների նպատակն էր դասախոսների և ուսանողների կարիքների վերհանման և խորհրդատվության ապահովման միջոցով առցանց ուսուցման արդյունավետությունը բարձրացնելը:
Դասալսումների հիմքում դրվել են հետևյալ խնդիրները՝
- վերհանել առցանց դասավանդման ընթացքում ուսուցման կազմակերպման խնդիրները 3 ուղղություններով՝ տեխնոլոգիական, մանկավարժական և կառավարման,
- բարելավել ուսուցման կազմակերպման որակը՝ նպաստելով դասախոսների միջև լավագույն փորձի փոխանակմանը:
Դասալսումներն իրականացվել են երեք ֆակուլտետներում (23 դաս` յուրաքանչյուր դասախոսի կողմից կազմակերպվող մեկ դաս):
Որակի ապահովման վարչության ղեկավարի և մասնագետի կողմից ուսանողների հետ քննարկումներն իրականացվել են ֆոկուս խմբերով՝ ըստ առանձին ֆակուլտետների (մասնակիցներ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի 41 ուսանող պատահական ընտրանքով): Ֆոկուս խմբերի մեթոդով առցանց հանդիպում-քննարկումների նպատակն էր առցանց ուսուցման ընթացքում ուսանողների կարիքների բացահայտումը՝ միտված կրթության որակի շարունակական բարելավմանն և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Հիմնական խնդիրներն էին՝
- պարզել, թե ուսանողներն ինչպես են հարմարվել առցանց ուսուցման միջավայրին, ինչ առավելություններ ունի այն լսարանային ուսուցման համեմատությամբ,
- բացահայտել առցանց ուսուցման ընթացքում առաջացած հիմնական խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ուսուցման որակի ապահովմանը,
- պարզել գործնական աշխատանքների կազմակերպման ձևերը առցանց ուսուցման միջավայրում:
Հյուսիսային համալսարանում առկա ուսուցման համակարգում առցանց ուսուցման ընթացքի ուսումնասիրությունը և արդյունքների գնահատումը որակի ապահովման վարչության աշխատակիցների կողմից հնարավորություն տվեց համալսարանին բարելավելու մի շարք գործընթացներ՝ ելնելով պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կարիքներից, որոնք նպաստել են հեռակա ուսուցման համակարգում առցանց ուսուցման իրականացմանը: Մասնավորապես, առցանց ուսուցման իրականացումը կանոնակարգված դասացուցակի միջոցով, zoom գործիքը կիրառող դասախոսների թվի մեծացումը, համալսարանի կողմից zoom-ի փաթեթներից օգտվելու հնարավորության ստեղծումը, առցանց ուսուցման վերաբերյալ դասախոսներին պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը ամբիոնների վարիչների և այլ ստորաբաժանումնների կողմից և այլն: Դասալսումների ու ֆոկուս խմբերի վերլուծության շնորհիվ պարզվել է.
- Հեռակա ուսուցման համակարգում առկա ուսուցման համեմատությամբ առցանց ուսուցումը բավականին հաջողված է, որի պատճառներից մեկը պրոֆեսորադա-սախոսական կազմի փորձի կուտակումն է առցանց միջավայրում: Դասալսումների և ֆոկուս խմբերով քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ դասերը հիմնականում կազմակերպվում են պատշաճ մակարդակով: Ուսանողներն արդեն իսկ հարմարվել են առցանց ուսուցման միջավայրին, պայմաններին, թեև փաստում են, որ այն չի կարող փոխարինել լսարանային պայմաններում ուսուցմանը: Որպես առցանց ուսուցման առավելություն՝ ուսանողները հիմնականում արձանագրեցին կրթության հասանելիությունը, ուսանողների ներգրավվածությունը այն հիմքով, որ հեռակա ձևով սովորող ուսանողների հիմնական մասն աշխատում են, իսկ առցանց ուսուցումը հնարավորություն է տալիս թե՛ հեռավոր վայրերից միանալ դասերին, թե՛աշխատանքին զուգահեռ:
Դասալսումների, քննարկումների ընթացքում, ինչպես նաև ուսուցման կազմակերպման ընթացքին հետևելիս (բոլոր կուրսերում առցանց խմբերում ներգրավված լինելու միջոցով) և դեկանատների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ առցանց ուսուցումը տեխնոլոգիական տեսանկյունից հիմնականում արդյունավետ է կազմակերպված դասախոսների կողմից, որին անհրաժեշտության դեպքում աջակցում են նաև դեկանատների և որոշ այլ ստորաբաժանումների աշխատակիցները (ուսումնական վարչության պետ, հեռավար ուսուցման համակարգող): Իսկ ուսանողների շրջանում հիմնականում չի արձանագրվել տեխնիկա չունենալու որևէ դեպք, երբեմն ինտերնետ կապի խնդիրներ են առաջացել, որը, սակայն, չի ազդել ուսուցման որակի վրա, քանզի դասախոսները հիմնականում փոխանցել են էլեկտրոնային նյութերը, մի մասն էլ՝ դասերի ձայնագրությունները: Ուսանողների հետ զրույցից պարզ դարձավ նաև, որ դասախոսները ցուցաբերում են անհատական վերաբերմունք, փորձում աջակցել ուսանողներին՝ տարբեր հարթակներում պատասխանելով նրանց հարցերին (Viber, messenger և այլն): Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ուղղությամբ հիմնականում նկատվել են հետևյալ խնդիրները, որոնք թեպետ համատարած չեն, սակայն պետք է հետագայում բացառել: Օրինակ, որոշ դասախոսների կողմից Zoom-ի գործիքների ոչ լիարժեք կիրառում, մասնավորապես՝ էկրանի ցուցադրում, գրատախտակի կիրառում և կարճաժամկետ խմբային աշխատանքների իրականացում, որոնք հնարավորություն կտան դասը կազմակերպել բազմազան ձևերով ու մեթոդներով: Այս և վեր հանած մի շարք այլ խնդիրների մասին որակի ապահովման վարչությունը իրազեկել է ամբիոններին՝ ներկայացնելով հետևյալ առաջարկները՝
- այն դասախոսներին, որոնք չեն տիրապետում zoom-ի գործիքակազմի կիրառմանը, տրամադրել աջակցություն՝ ներգրավելով համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին, պատրաստել Zoom գործիքակազմի վերաբերյալ ուղեցույց կամ տեսադաս, որը հասանելի կլինի նաև ուսանողներին՝ դասերի կազմակերպչական աշխատանքներին լիարժեք ներգրավման և գործիքների արդյունավետ կիրառման համար: Լայնորեն կիրառել նաև zoom-ի այն գործիքները (գրատախտակ, խմբային քննարկում), որոնք ավելի շատ ունեն գործնական ուղղվածություն:
- Անհրաժեշտ է տնտեսագիտության կառավարման ամբիոնի՝ Moodle համակարգին անցնելու հաջողված փորձը տարածել նաև մյուս ամբիոններում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքները տվյալ ամբիոնում կազմակերպվում են ավելի արդյունավետ: Առաջարկ է արվել նաև ձայնագրել հաջողված դասերը, ինչը փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է:
Առցանց ուսուցման միջավայրին անցումը մանկավարժական տեսանկյունից մարտահրավեր է նետում դասավանդողներին, քանի որ փոխվել է միջավայրը, ինչը ենթադրում է նոր մեթոդների, մոտեցումների փոփոխություն: Չնայած ուսանողները հիմնականում բավարարված են առցանց ուսուցման մատչելիությունից, չեն արձանագրել ուսուցման արդյունավետությանը խոչընդոտող հիմնարար խնդիրներ, այնուամենայնիվ, որակի ապահովման վարչության աշխատակիցները դասալսումների ընթացքում նկատել են որոշ խնդիրներ, որոնք ունեն բարելավման կարիք: Մանավորապես նրանք նշել են, որ առցանց դասերին կիրառվող հարց ու պատասխանի և քննարկման մեթոդները, որոնք կարևոր են ուսուցման գործընթացում՝ ուսանողներին ակտիվորեն ներգրավելու համար, ոչ բոլոր դասերին են կիրառվում: Նույն դիտարկումն արվել է նաև առցանց ուսուցման ընթացքում հաճախակի կիրառվող արդյունավետ մեկ այլ՝ շրջված դասարանի մեթոդի մասին, որը ևս համատարած չի կիրառվում: Ուստի առաջարկ է արվել ամբիոններին՝ տարածել իրենց դասավանդողների հաջողված փորձերը կամ էլ փորձի փոխանակում իրականացնել մասնավորապես կառավարման ամբիոնի դասախոսների հետ:
Որակի ապահովման վարչության աշխատակիցները դրական են համարել այն դասավանդողների փորձը, որոնք դասի թեման կապում են մասնագիտացման, գործնական դաշտի հետ՝ խթանելով ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, մասնավորապես հիշատակվել է Է. Վարդանյանի դասը: Իսկ գործնական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից հիմնականում հաջողված են համարել կառավարման ամբիոնի դասախոսների փորձը՝ Moodle համակարգի, սահիկահանդեսների նպատակային կիրառմամբ: Այլ ամբիոններում ևս կան գործնական աշխատանքների կիրառման հաջողված փորձեր, մասնավորապես դրվատանքի է արժանացել հայոց լեզվի դասախոս, դոցենտ Ծ. Ասատրյանի դասը:
Որակի ապահովման վարչության ղեկավար Ն. Սիրականյանն ու մասնագետ Ա. Մուկուչյանը մի շարք այլ առաջարկներ են ներկայացրել՝ կապված մասնավորապես կազմակերպչական խնդիրների հետ: Դրանցից շատերն արդեն իսկ քննարկվել են որոշ ամբիոններում, դասախոսներին տրվել են հանձնարարականներ:
Որակի ապահովման վարչությունը, ամփոփելով դասալսումների և ֆոկուս խմբերի վերլուծությունների արդյունքները, նշել է, որ թեպետ դրական մի շարք կողմերի, առցանց ուսուցումը հեռակա ուսուցման համակարգում դեռևս ունի բարելավման կարիք: Առաջարկ է արվել ամբիոններին՝ ուսումնասիրել նրանց ուղղված դիտարկումներն ու խորհրդատվությունները, նպաստել նույն և տարբեր ամբիոնների դասախոսների միջև հաջողված փորձի փոխանակմանը, մեթոդական աջակցություն ցուցաբերել դասախոսներին՝ բարձրացնելով առցանց ուսուցման արդյունավետությունը: