Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՃԵԼ Է
2019թ. մայիսի 10-ին տեղի ունեցավ հանդիպում հայ և ռուս տնտեսագետների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, դոցենտ Հրայր Հանիսյանը, այլ աշխատակիցներ, իսկ ռուսական կողմից՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի տնտեսագետներ Արտակ Գրիգորյանը և Գրիգոր Գրիգորյանը: Հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրային ծավալների աճի բարձր տեմպերը: Մասնավորապես, դոցենտ Ա. Գրիգորյանի խոսքերով՝ 2018թ. արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 689 մլն, իսկ ներկրումը՝ 1 մլրդ 438 մլն դոլար: Առևտրային բալանսը եղել է բացասական՝ 749,2 մլն դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է 12,8 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է ավելի շատ, քան ներկրումը, համապատասխանաբար 20,7 և 9,4 տոկոսով: Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 1,1 տոկոսը:
Հյուսիսային համալսարանում անցկացվեց Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը հանրապետությունում
Հյուսիային համալսարանում մայիսի 15-ին անցկացվեց «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ի դեպ, սա այդ առիթով կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովն էր հանրապետությունում, որի նախաձեռնող Հյուսիսային համալսարանը թումանյանագիտության ոլորտում առաջատարներից մեկն է: Բուհում 2009 թվականին ստեղծված «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնի ակտիվ գործունեության շնորհիվ նոր թափ ստացավ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանն ուղղված աշխատանքները, որոնցում ներգրավվեցին ոչ միայն բուհի դասախոսական կազմը, այլև հանրապետության լավագույն մասնագետներն ու արտերկրի հեղինակավոր բուհերի հետազոտողները: Ինչ որ առումով, թող հավակնոտ չթվա, Հյուսիսային համալսարանի շնորհիվ նաև թումանյանագետ ու թումանյանասեր դարձան լեհն ու արաբը, ռուսն ու հրեան: Դրա ապացույցը բուհում անցկացված միջազգային գիտաժողովն էր, որի մասնակից մի քանի տասնյակ գիտնականների թվում զեկուցումներով հանդես եկան նաև գիտնականներ Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից:
Դեռևս ամիսներ առաջ բուհում հաստատված «Թումանյան 150» ծրագրի շրջանակներում նախատեսված միջազգային գիտաժողովը աննախադեպ մեծ ընդգրկում ունեցավ. ոլորտի լավագույն մասնագետները՝ դոկտոր- պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, լավագույն թումանյանագետները, արտերկրի հեղինակավոր բուհերի ներկայացուցիչները իրենց ողջույնի խոսքն ուղղեցին գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ հանրապետությունում առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին, անցկացվում է հենց Հյուսիսային համալսարանում՝ միավորելով տարբեր բուհերի ու տարբեր երկրների ներկայացուցիչների Թումանյանի ոգով համակված մեկ տանիքի տակ՝ վկայելով այն մասին, որ մեծ գրողի պատգամները՝ սիրո, համերաշխության, ժողովուրդների բարեկամության մասին, երբեք չեն կորցնում իրենց նշանակությունը:
Մինչ գիտաժողովը համալսարանի ուսանողադասախոսական կազմն ու հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արմեն Տիգրանյանի հուշարձանին՝ կարևորելով այն հանգամանքը, որ Թումանյան-Տիգրանյան համագործակցության շնորհիվ հայ մշակույթը հարստացել է անմահ գործերով: «Թումանյանը երաժշտության մեջ» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, հնչեցին երգեր արվեստի վաստակավոր գործիչների կատարմամբ: Այնուհետև ներկաները բուհում մասնակիցը եղան Թ. Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսի բացմանը:
Լիագումար նիստին ռեկտոր Բորիս Մակիչյանը խոսեց միջոցառումների մասին, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել «Թումանյան 150» ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, ծաղկեպսակ է դրվել գրողի հուշարձանին, «Թումանյանի պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսավոր նիստ է գումարվել Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում, հիմնադրվել է «Թումանյան 150» հուշամեդալը, որը շնորհվում է թումանյանագիտության ոլորտում զգալի ավանդ ունեցող անձանց և այլն: Իսկ բուհի կազմակերպած համադպրոցական մրցույթին՝ դարձյալ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին, մասնակցել են հանրապետության շուրջ 30 կրթօջախներից 150 աշակերտներ: Ամփոփվել են ասմունքի մրցույթի արդյունքները, իսկ շարադրությունների և Թումանյանին նվիրված բանաստեղծությունների մրցույթների արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ: Առաջին մրցանակի արժանացած աշակերտները հնարավորություն կունենան ուսումնառության առաջին տարում բուհում անվճար սովորելու, երկրորդ կարգի մրցանակակիրները կարժանանան 30 տոկոս զեղչի, իսկ երրորդ մրցանակի արժանացած դպրոցականները կմեկնեն Թբիլիսիի Թումանյանի տուն-թանգարան:
Հավելենք նաև, որ «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը վերջին տասը տարիներին բուհում կազմակերպված չորրորդ նմանատիպ նախաձեռնությունն է: Միջազգային և հանրապետական երեք գիտաժողովների նյութերի ժողովածուներին շուտով կավելանա ևս մեկը՝ շքեղ տպագրությամբ՝ առաքվելով նաև արտասահմանյան գործընկերներին: Իսկ մայիսի 16-ին միջազգային գիտաժողովը կշարունակվի տարբեր սեկցիաներում, թեմատիկ զեկուցումներ կկարդան ոլորտի առաջատար մասնագետները:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համադպրոցական մրցույթի
«Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող» անվանակարգում հաղթել են՝
Առաջին մրցանակ
- Գալստյան Էդիտա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Աթաբեկյան Կարինե, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Պեպանյան Արևիկ, Օձունի թիվ 2 միջն. դպրոց
Երկրորդ մրցանակ
- Բետլեմյան Թամարա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Եսայան Վահե, Երևանի թիվ 46 ավագ դպրոց
- Բեգյան Մարիա, Նոր Հաճնի ավագ դպրոց
- Ալիխանյան Եվգինե, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց
Երրորդ մրցանակ
- Ավետիսյան Տաթևիկ, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Հովհաննիսյան Մարիաննա, Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց
- Գալոյան Շողիկ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
- Խաչատրյան Անգելինա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց
- Հովսեփյան Սեդա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց