Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Анонс
(հանդիպում Հյուսիսային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղի ուսանողների և Ալավերդիի N: 8 դպրոցի աշակերտների հետ)
Երևանի Հյուսիային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղի նախամուտքը 2016 թ. սեպտեմբերից այցելուներին ողջունում է Սանահինի վանքը պատկերող մեծաչափ խորհրդանշական պաստառով. 1050 տարի առաջ այստող հիմնվել է համալսարան՝ իբրև փայլուն վկայություն կրթությունը գերակա արժեք ընդունած հայ ժողովրդի իմաստուն, խոր և բազմադարյա արմատների, որոնք 20 տարի առաջ վերընձյուղվեցին Լոռու հայրենանվեր զավակ Բորիս Մակիչյանի՝ կրթության իմաստը արժևորողի նվիրման և լոռեցիների ուսումնատենչության շնորհիվ: Սեպտեմբերի 29-ին բարեկամական ողջագուրանքներից հետո այս պաստառի առջև իրենց հանդիպումն էին «վավերացնում» Հյուսիային համալսարանի և նրա «Թումանյան» մասնաճյուղի ուսանողները: Հանդիպումը նախաձեռնել էր համալսարանի ուսանողական խորհուրդը, իսկ այցն իրականացվում էր համալսարանի հիմնադիր ռեկտոր Բ. Մակիչյանի հովանավորությամբ ու ղեկավարությամբ: Ուսանողների և դասախոսների հանդիպումը արագ տեղափոխվեց լսարան, Սանահինի համալսարանի պատմությանն ու պատմական դերին հանգամանորեն անդրադարձավ բանախոս Բ. Մակիչյանը՝ կարևորելով, որ Սանահինի համալսարանի տարիքը հայերի գիտական ներուժի հավաստումն է և հզոր գործոն՝ արդարացիորեն վաստակելու և մշտարթուն պահելու նաև օտարների հարգանքը հայ ժողովրդի, նրա մտքի ու արարման, ավանդույթների նկատմամբ: Հանդիպման մասնակիցներին համագործակցության ծրագրեր ներկայացրեցին ուսխորհուրդները:
Այցի հաջորդ կանգառը Ալավերդիի N: 8 ավագ դպրոցն էր, որտեղ Բ. Մակիչյանը Սանահինի համալսարանի 1050-ամյակին նվիրված խոսքին հավելեց, որ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը նաև գիտական ներուժով ու արիակամությամբ կարողացավ դիմակայել ծանր հարվածին, ապրել ու յաթաղանին հակադրել նոր համալսարանների հիմնումը: Ասվածի հիմնավորումը ուղեկցող տեսաֆիլմն էր Հյուսիսային համալսարանի 20-ամյա ճանապարհի մասին, ճանապարհ, որ արյունով ու ավիշով գնում-խառնվում է Սանահինի համալսարանի արմատներին, որոնց վաղնջականությամբ համալսարանով կեցությունը հայ ժողովրդի օրորոցայինն է:
Համալսարանի ռեկտորը դպրոցի գրադարանին նվիրեց գրականություն և տեսաֆիլմ: Որոշվեց, որ համալսարանն ու դպրոցը ծառատունկ կկատարեն դպրոցամերձ տարածքում՝ ծառերով «գրելով» 1050: Դպրոցի տնօրեն Անուշ Ավագյանը խոսեց հետագա համագործակցության, մեր պատմության գնահատման, նրանից դասեր քաղելու, առաջընթացի և գիտելիքներ ձեռք բերելու, դրանք հմտորեն օգտագործելու, աշակերտի ակտիվ կենսադիրքի, երախտագիտության՝ իբրև կարևոր բարոյահոգեբանական հատկանիշի մասին: Ուսանողների հանդիպման պսակը այցն էր Սանահինի վանք, որն իր կոթողային վեհությամբ հիացրեց ուսանողներին, իսկ Բ. Մակիչյանը պահը յուրովի բովանդակավորեց՝ դարձյալ ու դարձյալ ընդգծելով, որ Սանահինի համալսարանը դարերի խորքից մեզ ավանդում է, պատգամում է Թումանյանի շրջանը դարձնել գիտակրթական կենտրոն:
...Մոմավառության ակնթարթները՝ մաքուր ու լուսավոր իղձերով ծանրաբեռ, հավաստում էին վստահություն նոր ու հզոր Հայաստան կառուցող երիտասարդ սերնդի նկատմամբ:
Արտակ Մակիչյան
Երևանի Հյուսիսային համալսարանի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն
Արդեն երկրորդ տարին է, ինչ Հյուսիսային համալսարանի աշխատակիցները՝ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի նախաձեռնությամբ, Քրիստոսի հրաշափառ Հարության օրը մեկնում են ուխտագնացության Երևանից Էջմիածին: Թվում է, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, որովհետև այդ օրը ազգովի ենք եկեղեցի հաճախում: Սակայն այս պարագայում հատկանշականն այն է, որ ուխտագնացությունը սկսվում է առավոտյան ժամը վեցին, որպեսզի ուխտավորները ոտքով 5 ժամ ճանապարհ անցնեն և հասնեն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Անշուշտ, այդ ճանապարհը շատ ավելի դժվար կլիներ, եթե հաղթահարվեր միայնակ: Սակայն համալսարանի կոլեկտիվով առավոտ կանուխ 5 ժամ ոտքով քայլելը կարծես 5 րոպե տևեց, քանի որ այն լեցուն էր բազմաթիվ հաճելի պահերով ու անակնկալներով: Ուխտագնացության մասնակիցները դատարկ ձեռքերով չէին եկել: Ոմանք ներկած ձու էին բերել, ոմանք՝ թերմոսով տաք սուրճ, քաղցրավենիք, որը ճանապարհին հաճույքով համտեսում էին ուխտավորները սուրճի կարճատև ընդմիջումների ժամանակ: Բոլորը հատկապես սրտատրոփ սպասում էին, թե ում կընկնի գաթայի այն կտորը, որի մեջ մանրադրամ կար թաքցված:
Իր հերթին համալսարանի ուսանողությունն էլ ադեն երկրորդ անգամ հաճելի անակնկալ էր մատուցում ուխտավոր աշխատակիցներին՝ Էջմիածին քաղաքի մատույցներում դիմավորելով ու հանկարծակիի բերելով պրոֆեսորադասախոսական անձնակազմին զատկական երգերով ու պարով, որից հետո բոլորը մտան եկեղեցի և մասնակցեցին կիրակնօրյա պատարագին:
Մի խոսքով, Մեծ ԶԱՏԿԻ ուխտագնացությունը աստիճանաբար ավանդույթի է վերածվում Հյուսիսային համալսարանում, որի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է:
Ուրախ ենք, որ այցելել եք Հյուսիսային համալսարանի կայքէջ:
Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բուհերի շարքում մեր համալսարանն ունի իր արժանի տեղն ու բարի անունը, ինչին արժանացել է տարիների համառ ու նպատակասլաց աշխատանքով:
Ունենալով 15 տարվա պատմություն, գործունեությունը սկսելով նվազագույն հնարավորություններով` Հյուսիսային համալսարանը համախոհների, գործին նվիրյալ աշխատակիցների հետ կրթական ոլորտում կարողացել է հաստատել իր ուրույն ձեռագիրը և այսօր ձեզ է ներկայանում միանգամայն նոր ու ժամանակակից կրթական համակարգով, առաջարկվող բարձրորակ ծառայություններով և հուսալի ապագայի երաշխիքով:
Հյուսիսային համալսարանի կայքէջը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համալսարանի գործունեությանը, առկա ֆակուլտետներին, համալսարանական անցուդարձին և դառնալու մեր բարեկամը:
Բարի գալուստ Հյուսիսային համալսարան:
Բորիս Մակիչյան
Հյուսիսային համալսարանի ռեկտոր