Համալսարանում կայացած առցանց նիստի ժամանակ քննարկվեցին մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնում ընթացող աշխատանքները: Ինչպես բացման խոսքում նշեց կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը՝ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս պարզելու, թե որքանով են հեռավար դասընթացները արդյունավետ, և որքանով են դրանց վերջնարդյունքները համապատասխանում ՄԿԾ-ներում սահմանված վերջնարդյունքներին:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, Հյուսիսային համալսարանում շուրջ երկու շաբաթ ուսուցումը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ օգտագործելով տարբեր հավելվածներ և հարթակներ:
Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնների դասախոսները ներկայացրեցին այդ ուղղությամբ կատարած իրենց աշխատանքները: Զեկուցումներից պարզվեց, որ ուսուցումն այդ ամբիոնում ընթանում է հիմնականում էլեկտրոնային փոստի և viber հավելվածի միջոցով, հանձնարարություններն ուսանողներին են ուղարկում ըստ էլեկտրոնային դասացուցակների և հիմնականում նույն եղանակով ստանում տնային աշխատանքները: Զեկուցողները նաև նշեցին ուսանողների թույլ մոտիվացիան՝ դա բացատրելով դասավանդվող առարկաների բարդությամբ: Նիստի ընթացքում վեր հանվեցին տվյալ ամբիոնի հետ կապված մի շարք խնդիրներ՝ հետադարձ կապի թույլ լինելը, դեկանատի աշխատակիցներին դասընթացների ոչ բավարար հասանելիությունն ու դրանց վերահսկողությունը: Նիստի ավարտին ընդունվեցին հետևյալ որոշումները՝
- Աշխատանքներ տանել մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողների շրջանում՝ հեռավար դասընթացներին ավելի շատ ուսանողներ ներգրավելու նպատակով:
- Վերանայել տվյալ ամբիոնում կիրառվող հեռավար ուսուցման գործիքները:
- Գործընթացը կազմակերպել թափանցիկ ու հասանելի՝ աշխատանքները վերահսկող մարմինների՝ ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների համար՝ նպաստելով հաշվետվողականության ապահովմանը:
Հավելենք, որ համալսարանում իրականացվող առցանց ուսուցման ընթացքը վերահսկվում է ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների կողմից: Պարբերաբար տեղի ունեցող հեռավար խորհրդակցությունների ժամանակ քննարկվում են ուսուցման որակին, ուսանողների մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանն առնչվող հարցեր: