Եռաբլուրի բարձունքում բառերը համրացան: Այս օրերի տանջալից սպասումները, հոգեկան խռովքը, տագնապները, որն ապրեց մեզանից յուրաքանչյուրը, թվում էր՝ պիտի դուրս հորդեն հայրենիքի համար նահատակված Գարուշ Համբարձումյանի շիրմաթմբի մոտ՝ թեթևություն բերելով մեզ և ուղղվելով հավերժության ճանապարհը բռնած մեր մյուս քաջորդիներին:
Բայց բառեր չկային, քանի որ դրանք անզոր էին փարատելու այն մորմոքը, որն ապրում է մայրը որդուն կորցնելիս, կինը՝ ամուսնու շիրմի մոտ ծնկաչոք հեկեկալիս, զավակը՝ հորը վերջին հրաժեշտը տալիս: Որևէ բառ չի կարող թեթևացնել նման վիշտը:
Եռաբլուրի բարձունքում՝ հայրենիքի համար նահատակված հայ քաջորդիների շիրիմների կողքով անցնելիս հասկացա մի ճշմարտություն՝ հայը զենք է վերցնում սիրուց՝ մայր հողի, հարազատի, մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, նրանց արժանապատվությունն ու կյանքը պաշտպանելու գիտակցումից դրդված: Նահանջի ճանապարհ չկա: Հայի ինքնությունից, հազարամյակների գենետիկ հիշողությունից հրաժարվելու, մկրատված հայրենիքի այս վերջին կտորը շան բերան տալու իրավունք չունենք: Խաղաղությամբ ննջեք մեր հերոսներ, ձեր չկրակած փամփուշտներով մենք՝ ողջերս, կշարունակենք պաշտպանել արյունով մյուռոնված մեր հողը:
Հյուսիսային համալսարանի պատվիրակությունն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ խոնարհեց հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի շիրիմին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին