Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նաիրա Շաղոյանն այս նյութը լրատվության բաժին էր ուղարկել մինչև Արցախում ռազմական գործողությունների վերսկսելը: Զինվորի հանդեպ կարոտի, սպասման մասին դեռատի աղջկա խոստովանությունը այս օրերին յուրաքանչյուրիս համար նոր իմաստ ու բովանդակություն է ստացել, տասնապատկվել են բոլոր զգացողությունները, իսկ հույսն ու հավատը՝ հարյուրապատկվել: Սպասում ենք այն պահին, երբ…
«Երբ սրտիդ աշխատանքը Արցախից եկող մի զանգով չի որոշվելու»
Գիտե՞ք ամենասպասված պահը որն է… Երբ զինվորիդ վերադարձին ընդամենը երկու ժամ է մնացել։ Երբ նրա՝ մի քանի օր չզանգելն արդեն ախորժակդ փակվելու պատճառ չի դառնա: Երբ հաստատ գիտես, որ խանգարող հանգամանքերը մնացին տանջալից շաբաթների մեջ։ Երբ նրան գրկելու համար պարտադիր չի լինելու հինգ հարյուր կիլոմետր կտրել-անցնել։ Երբ ուրբաթ օրերը սահման բարձրանալու և իջնելու համար նախատեսված չեն լինելու: Երբ ժամը 6:30 զինվորդ, քունը կիսատ թողնելով, չի արթնանա... Երբ ժամը 10:30 զինվորիդ համար «ադբոյի» ժամ չի լինելու: Երբ նրան զանգելիս օպերատորի կողմից չես լսելու ներաշխարհդ խարխլող նախադասությունը. «Բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ, բաժանորդն անհասանելի է...»: Երբ մոռանալու եք այն ամենը, ինչ կարող էր բաժանել ձեզ... Երբ սրտիդ աշխատանքը Արցախից եկող մի զանգով չի որոշվելու... Երբ առավոտներդ արդեն բացվելու են նրա զվարթ «բարի լույս»-ով: Երբ օրերի դեմ ատելությամբ չես լցվելու... Երբ անհանգստությունդ՝ սիրուդ հետ խառնված, Արցախ տանող ոլորաններին չի մոլորվելու...
Նաիրա Շաղոյան
Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողուհի