Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Այս հարցի պատասխանն այսօր հուզում է գրեթե յուրաքանչյուր հայ մարդու։ Բոլորս՝ մեծից փոքր, ունենք հոգեբանական աջակցության կարիք, քանի որ պատերազմը խոր հետք է թողել մեր հոգիներում, դրա հետևանքները հաղթահարելու, վիշտը վերապրելու, հուսադրվելու և կյանքը վերարժևորելով շարունակելու համար մեզ ամեն դեպքում հենարան է պետք նաև հոգեբանական ճիշտ մոտեցմամբ։
Ուստի միանգամայն հրատապ ու պահանջված էր համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողների բաց դաս–վեբինարը՝ դասախոս Մարինե Մամիկոնյանի հմուտ ղեկավարությամբ։
Վեբինարն անցկացվեց սահիկահանդեսի միջոցով։ Ուսանողները՝ Էմման, Նոնան, Լիլիթը, Կասանդրան, ներկայացրեցին նախ և առաջ տարբեր տարիքի երեխաների հոգեբանության վրա պատերազմի թողած հետևանքները, արտահայտված ախտանշաններն ու առաջին օգնությունը։ Չէ՞ որ պատերազմն առաջին հերթին ավիրում է երեխաների ներաշխարհը, ուստի ապագա հոգեբաններն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին այն բոլոր քայլերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են նախադպրոցական տարիքից մինչև դեռահասության շրջանում գտնվող երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
Ներկայացված թեմաները՝ «Հոգետրավմայից հետո տարբեր տարիքային երեխաների մոտ արտահայտված նախանշանները և խորհուրդներ օգնության վերաբերյալ», «Երեխան և պատերազմը», «Վիշտ և հարազատի կորուստ», «Մեծահասակների և մանկավարժների արձագանքը երեխայի կարիքներին», բաց դասի մասնակից–հյուրերին (բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ․ Այվազյան, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ն․ Սագսյան, այլք), համոզված եմ, անհրաժեշտ և կիրառելի գիտելիքներ փոխանցեցին։
Ինչպես ուսանողներին և դասախոս Մ․ Մամիկոնյանին ուղղված իր շնորհակալանքի խոսում նշեց Ն․ Սարգսյանը, այսօր յուրաքանչյուրս հոգեպես վերակազմավորվելու, գոտեպնդվելու խնդիր ունենք, իսկ վեբինարի ճիշտ ընտրված նյութն ու դրա գրագետ մատուցումը ունկնդիրներին հնարավորություն տվեց փոքր–ինչ թոթափել հոգեբանական ծանր վիճակն ու շարունակել ապրել՝ վառ պահելով հայրենիքի համար նահատակվածների լուսավոր հիշատակը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Երեխաներիս հետ զբոսնում էի բակում։ Նրանք խաղում էին, թռչկոտում, իսկ ես ժպտում՝ երջանկացած զավակներիս ուրախությամբ։ Մի պահ իրենցով տարված՝ մոռացել էի վերջին ամիսների դաժան պատերազմը, որը խառնել էր բոլորիս կյանքը, զրկել քնից, որը խլել էր երիտասարդ անմեղ կյանքեր, իսկ մենք անզոր էինք ինչ–որ բան փոխելու: Քայլելով հասել էինք մոտակա այգին, որտեղ այնքան հանգիստ էր, որ ակամա կտրվել էի ծանր իրականությունից, իմ ծանրաբեռնված առօրյայից ու վայելում էի երեխաներիս ներկայության ամեն վայրկյանը։ Ժպտալով հետևում էի փոքրիկիս չարաճճիություններին, երբ հանկարծ նկատեցի նրան։ Ժպիտս սառեց ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, օդը կանգնեց․․․ Դիմացս կանգնած էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված երկու ամսվա զինծառայող Տիգրանի մայրը աղջնակի հետ։ Զբոսնում էին։ Տակնուվրա եղա, ամոթից քարացա, որ ամեն ինչ մոռացած, վայելում էի երեխաներիս խաղը։ Մի ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ էր, երբ ոչ ոք չէր մտածում պատերազմի մասին, հաճախ ենք զբոսնելիս պատահաբար հանդիպել Տիգրանի մոր հետ, շփվել։ Բայց այդ պահին կարկամել մնացել էի, մեջս ուժ չէի գտնում նույնիսկ բարևելու ու ցավակցելու։ Այդ պահին ինչ–որ բան կոտրեց հոգիս։ Ինձ կոտրեց Տիգրանի մայրիկի տխուր հայացքը, ուռած կոպերը, կարմրած աչքերն ու նիհարած մարմինը։ Ինձ պատեց մեղավորության զգացումը, որ ինքնամոռաց տարվել էի երեխաներով ու ժպտում էի, իսկ նա իր աղջկա հետ լուռ ու տխուր զբոսնում էր։ Ես իմ բալիկների հետ էի, իսկ նրա բալիկը՝ նրա Տիգրանը չկար․․․ Երբ նա քայլերն ուղղեց ինձ, սիրտս ավելի արագ սկսեց բաբախել, շունչս չէր հերիքում...
-Բարև, Անի ջան,– առաջինը բարևեց նա։
-Բարև Ձեզ, ցավում եմ, Աստված հոգին լուսավորի,- հավաքելով ինձ՝ հազիվ արտաբերեցի՝ ավելի մեղավոր զգալով։
Տիգրանի մայրը ոչինչ չպատասխանեց, նայեց երկնքին, հետո երեխաներիս ու, հայացքը դեպի ինձ հառելով, տխուր, բայց հպարտ ասաց.
- Շարունակի՛ր ժպտալ, վայելի՛ր երեխաներիդ հետ անցկացրած ամեն մի րոպեն, արա ամեն ինչ, որ նրանք չիմանան՝ սահմանում պատերազմ է...
Տիգրանի մայրը դանդաղ քայլերով, տխուր ու կարմած աչքերով շարունակեց զբոսնել աղջնակի հետ։ Նրանք հեռացան, էլ չէին երևում։
Ես դեռ չեմ ժպտում..
Անի Ներկարարյան
Լրագրության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանողուհի