Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Ուսուցանում և հետադարձ կապ» թեմայով արդյունավետ վերապատրաստում

Հյուսիսային համալսարանում 2025 թ․ դեկտեմբերի 11-ին կայացավ «Ուսուցանում և հետադարձ կապ» թեմայով վերապատրաստում, որին մասնակցեցին համալսարանի, քոլեջի դասախոսներն ու ավագ դպրոցի ուսուցիչները։ Վերապատրաստումը վարում էր կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության, տեսության, տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը։
Բանախոսը ներկայացրեց ժամանակակից ուսուցման առանցքային սկզբունքները՝ կարևորելով այն մոտեցումը, որ դասավանդումը ոչ թե ուսանողի վրա ազդելու մեթոդ է, այլ հանդիպում ուսանողի հետ, համատեղ գիտելիք ստեղծելու գործընթաց։ Վերապատրաստման ընթացքում շեշտվեց, որ արդյունավետ ուսուցման հիմքում գտնվում է ինչպես ուսանողի, այնպես էլ դասախոսի ակտիվ ներգրավվածությունը։ Ս. Խաչատրյանը
առանձնահատուկ կերպով ընդգծեց դասավանդման որակի ապահովմանը միտված ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությունը։ Կարևորվեց նաև դասախոսի դերը՝ որպես «ճարտարապետի», որը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև ուսումնական միջավայր կառուցող։ Դասախոսի մոտեցումները, մեթոդները և կազմակերպչական հմտությունները սահմանում են այն դաշտը, որտեղ ուսանողը կարող է լիարժեք դրսևորել իր կարողությունները։
Քննարկվեց նաև համագործակցային աշխատանքի նշանակությունը, որը կրթական գործընթացում դառնում է ուսանողների հմտությունների ձևավորման առանցքային գործիք։
Վերապատրաստման կարևոր շեշտադրումներից էր նաև սովորողների բանավոր խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացումը։ Ընդգծվեց, որ ուսումնական գործընթացում ուսանողի ակտիվ խոսքը ոչ միայն ամրապնդում է նրա գիտելիքը, այլև նպաստում մտածողության ճկունության ու ինքնարտահայտման հմտությունների զարգացմանը։ Բանավոր քննարկումները, հարցուպատասխանի ձևաչափը և հիմնավոր վերլուծությունները ձևավորում են սովորողի ինքնուրույն մտածելու ունակությունը։
Մասնագիտական վերապատրաստումները և հանդիպումները փորձագետների հետ մեծապես նպաստում են դասախոսների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նոր մեթոդների ներդրմանը և կրթական գործընթացի որակի բարձրացմանը։
Բանախոսը նաև խոսեց «հետադարձ կապի» կարևորության մասին, որը միտված է խթանել սովորողի ակտիվ ներգրավվածությունն ուսումնառության ընթացքում։
Բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և մասնագիտական դեպքերի շուրջ քննարկում ծավալելու։ Նրանք նաև իրական ժամանակում կիրառեցին ակտիվ ուսուցման, հաղորդակցական հմտությունների և քննադատական մտածողության զարգացման որոշ գործիքներ։
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։
Հանդիպումը կազմակերպել էր Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության բաժինը ՝ էլեկտրոնային կառավարման բաժնի հետ համատեղ:։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
