Սեմինար «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում»

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ, թուրքագետ Վանատուր Շերենցի հետ: «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում» թեմայով սեմինար–վերապատրաստման առանցքը Թուրքիայի ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քաղաքականության համակողմանի քննարկումն էր:
Վանատուր Շերենցն անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ Թուրքիայի ներպետական օրենսդրությանը: Բանախոսը նախ ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագիրը, որից հետո անդրադարձավ Լոզանի պայմանագրին, միլլեթների համակարգին, ունեցվածքի հարկին, սահմանադրական խոչընդոտներին և սահմանափակումներին՝ նշելով Թուրքիայի կողմից Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիային (1992) և Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիային չմիանալու դրդապատճառները:
Բանախոսն ընդգծեց նաև մի կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնարար օրենքներով երաշխավորված իրավունքների և ազատությունների, մյուս կողմից՝ ազգային միասնության գաղափարի գերակայության և էթնիկ, լեզվական և կրոնական փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունների միջև հակասությունները՝ որպես մասնավոր դեպքեր օրինակ բերելով ՄԻԵԴ-ում փոքրամասնություների կողմից ընդդեմ Թուրքիայի ներկայացված գանգատները:
Հայկական, հունական, հրեական և ազգային այլ փոքրամասնությունների համայնքների իրավունքների, դրանց իրացման կամ սահմանափակուներրի վերաբերյալ քննարկումն ուներ ճանաչողական կարևոր նշանակություն, ինչը մեկ անգամ ևս փաստում էր հարևան պետության քաղաքական համակարգի և արժեքային հիմքերի ճանաչողության և խորքային ուսումնասիրության անհրաժեշտության մասին:
Սեմինար-վերապատրաստումը նախատեսված էր Հյուսիսային համալսարանի վարչական աշխատակիցների, դեկանների, ամբիոնի վարիչների, դասախոսների և ուսանողների համար: Հանդիպման ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
