Սեմինար-քննարկում՝«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» խորագրով

Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման ՀԿ-ի համահիմնադիրներ հոգեբան, քոուչ Լիանա Ստեփանյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, իրավախորհրդատու, փորձագետ Աստղիկ Մատինյանի հանդիպումը հյուսիսայինցիների հետ հագեցած էր միտք–էմոցիա–վարք շղթայի առողջ կենսագործունեության ապահովմանն առնչվող կարևոր դիտարկումներով և հետաքրքիր քննարկումներով։
«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» թեմայի վերբերյալ մասնագիտական հետաքրքիր վերլուծություններն ուղեկցվեցին մարդկային մտքի և հոգեբանության բազմաշերտ դրսևորումների վերաբերյալ հարցուպատասխանով։
Իրավունքի և հոգեբանության հատման կետում հյուսիսայինցիները քննարկեցին կոլեկտիվ տրավմայի հաղթահարման մեխանիզմները։ Մասնագետները փաստեցին, որ հոգեկան առողջությունն ուղղակիորեն առնչվում է անձի իրավաչափ վարքագծին, աշխատանքային իրավունքներին և անձնական պատասխանատվությանը։ Հատկապես հետպատերազմյան շրջանում «անվտանգ աշխատանքային պայմանները» ներառում են նաև հոգեբանական անվտանգությունը, և կազմակերպությունները, որոնք անտեսում են կոլեկտիվ տրավման, հայտնվում են իրավական ռիսկի գոտում:
Ի պատասխան «Ինչպե՞ս վերականգնել հոգեբանական կայունությունը և մոտիվացիան» հարցի, ի թիվս մի շարք գործիքների՝ մասնագետները կարևորեցին ֆիզիկական առողջության պահպանումը՝ հորդորելով պարտադիր հետևել օրգանիզմում D վիտամինի և մագնեզիումի մակարդակին։
Տագնապի և սթրեսի կառավարման համար կիրառվող գործնական և շնչառական վարժությունների միջոցով ներկայացվեցին նաև սթրեսը թոթափելու և ինքնատիրապետումը վերագտնելու հնարները։ Հանդիպման առանցքային ուղերձն էր՝ պատասխանատվությունը: Պարտությունը ոչ թե ճակատագիր է, այլ վիճակ, որը պահանջում է գիտակից և պատասխանատու մոտեցում թե՛ սեփական անձի, թե՛ հասարակության առջև:
Միջոցառումն արդյունավետ հարթակ էր «հյուսիսայինցիների» համար՝ զինվելու թե՛ հոգեբանական տոկունությամբ, թե՛ անհրաժեշտ իրավական գիտելիքներով՝ առօրյա և մասնագիտական մարտահրավերներին դիմակայելու համար:
Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպումն արդյունավետ էր ոչ միայն հիմնական ասելիքի, այլև յուրաքանչյուր պահի առօրյայում հանդիպող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների կիրառման տեսանկյունից։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
