Հանդիպում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչների հետ

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս + ազգային գրասենյակի ծրագրերի ավագ մենեջեր Զոյա Միքայելյանի հետ: Նպատակը Էրազմուս Մունդուս միջազգային մագիստրոսական կրթական ծրագրերի, դրանց առանձնահատկությունների և ընձեռած բացառիկ հնարավորությունների ներկայացումն էր: Հանդիպման ընթացքում համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվեցին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հիմնական պայմաններն ու առավելությունները, ֆինանսավորման եւ ամբողջական կրթաթոշակների հնարավորությունները, մրցունակ մոտիվացիոն նամակ կազմելու նրբությունները, նորարարական, բարձր մակարդակի և ինտեգրված կրթության պայմաններում մասնագիտական կարողությունների զարգացման առավելությունները:
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը, կարևորելով էրազմուս + ազգային գրասենյակի գործունեությունը, նշեց, որ միջազգայնացման գործընթացը Հյուսիսային համալսարանի գերակա ուղղություններից է, որին ինտեգրված են ոչ միայն արտաքին կապերի բաժինը, այլև բուհի բոլոր ստորաբաժանումները, իսկ համակարգված համագործակցությունը նորաբաց գրասենյակի հետ ուսանողներին է՛լ ավելի կմոտեցնի եվրոպական բարձրագույն կրթությանը՝ դարձնելով նրանց առավել ուժեղ, համարձակ և պահանջված:
Զոյա Միքայելյանը նշեց նաև, որ միջազգային կրթությամբ հետաքրքրված ուսանողների համար Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակի և Էրազմուս Մունդուս ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվելու է տեղեկատվական առցանց հանդիպում, որը տեղի է ունենալու մայիսի 2-ին՝ 17։00 –ին՝ Google meet հարթակում: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ գրանցման ձևը՝ նշված հղմամբ՝ https://forms.gle/yJkGqo3CPHgD61u66
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով Հյուսիսային համալսարանի ուսանողներին և դասախոսներին իրազեկել ընթացիկ հնարավորությունների մասին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
