Անցկացվեց eCAMPUS միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպումը

ԵՊՀ-ն և Հյուսիսային համալսարանը համատեղ անցկացրին eCAMPUS միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպում։
Երևանի պետական համալսարանը և Հյուսիսային համալսարանը համատեղ անցկացրին «eCAMPUS» միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ամփոփել երկամյա գործունեության հիմնական արդյունքները և քննարկել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում թվային ու ներառական կրթության զարգացման հեռանկարները։
Հանդիպումը միավորել էր բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչների, դասախոսների և կրթության կազմակերպման գործընթացում ներգրավված մասնագետների՝ հնարավորություն ընձեռելով անդրադառնալու ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման, թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների հարցերին։
Հանդիպման մեկնարկին զեկույցով հանդես եկավ eCAMPUS նախագծի համակարգող, Երևանի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը՝ ներկայացնելով «ՀՀ բուհերի դասավանդողների թվային կարողունակությունների շրջանակը» (DigiComArm), դրա նպատակները, կառուցվածքն ու կիրառման նշանակությունը։
DigiComArm շրջանակը մշակվել է որպես հայաստանյան բուհերի դասախոսների թվային կարողունակությունների գնահատման և զարգացման գործնական գործիք։ Այն ներառում է հինգ հիմնական կարողունակության ոլորտ և տասնչորս առանցքային կարողունակություն՝ ընդգրկելով ժամանակակից կրթական գործընթացում թվային տեխնոլոգիաների կիրառման կարևոր ուղղությունները։ Շրջանակի կիրառումը հնարավորություն կտա դասախոսներին գնահատել սեփական թվային կարողունակությունները, բացահայտել մասնագիտական զարգացման կարիքները և մշակել դրանց կատարելագործման նպատակային ուղիներ։
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտորը Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց «Արհեստական բանականության դարաշրջանում գնահատման նոր մշակույթը. գիտելիքի ստուգումից դեպի անհատականացված հետադարձ կապ և ուսումնառության բարելավում» թեման։ Զեկույցում կարևորվեց գնահատման ավանդական մոտեցումներից դեպի առավել ճկուն, շարունակական և ուսումնառության զարգացմանը միտված համակարգերի անցումը։
Միջոցառման հաջորդ հատվածում քննարկումների առանցքում արհեստական բանականության ազդեցությունն էր կրթական գործընթացի վրա, մասնավորապես՝ գնահատման մշակույթի վերափոխման, անհատականացված հետադարձ կապի ապահովման և ուսանողների ներգրավվածության բարձրացման տեսանկյունից։ Հանդիպման բանախոսները անդրադարձան նաև ժամանակակից թվային և արհեստական բանականության գործիքների կիրառմանը դասավանդման գործընթացում, ինչպես նաև գեներատիվ արհեստական բանականության աջակցությամբ ակտիվ ուսումնառության և ուսանողների ներգրավվածության խթանման հնարավորություններին։
Երկու բուհերի միջև այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ընդգծելու, որ բարձրագույն կրթության թվային վերափոխումը միայն տեխնոլոգիական միջոցների ներդրում չէ, այլև դասավանդման մոտեցումների, գնահատման մեթոդների և կրթական միջավայրի շարունակական կատարելագործման գործընթաց։
eCAMPUS նախագիծը շարունակելու է նպաստել հայաստանյան բուհերում ժամանակակից, որակյալ, հասանելի և ներառական կրթական միջավայրի ձևավորմանը՝ եվրոպական լավագույն փորձի տեղայնացման և միջազգային համագործակցության ընդլայնման միջոցով։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
