Հայոց պատմությունը՝ Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում

Հյուսիսային համալսարանի դասախոս Արմինե Սարգսյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին գտնվում է Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում։ Արմինե Սարգսյանի՝ «Չճանաչված կամ կիսաճանաչված երկրները, նրանց իրավունքները և Հայոց ցեղասպանության ճանաչումը» թեմայով դասախոսությունը մեծ հետաքրքրության է արժանացել ուսանողների շրջանում: Արմինե Սարգսյանը նախ հետաքրքիր պատմական էքսկուրս է կատարել՝ ներկայացնելով Հայաստանի նախապատմական շրջանը, աշխարհի հնագույն մաշիկն ու գինու հնձանը, նաև՝ Երևանի հիմքը հանդիսացող Էրեբունի ամրոցը՝ ընդգծելով նաև Երևանի՝ Հռոմից 29 տարով մեծ լինելու փաստը։
Անդրադարձ է կատարվել նաև Տիգրան Մեծի դարաշրջանին, Մեծ Հայքին և հայ-իսպանական դարավոր բարեկամությանը, մասնավորապես՝ Կիլիկյան շրջանում Կաստիլիայի արքա Խուան Առաջինի կողմից Լևոն Վեցերորդին փրկագնելու և նրան Մադրիդ, Վիլյառեալ ու Անդուխար քաղաքները նվիրելու պատմական դրվագին։ Իսպանացի ուսանողները մեծ ուշադրությամբ և ակնհայտ հետաքրքրվածությամբ են հետևել դասախոսությանը։ Թեմայի շուրջ քննարկումն իր մասնագիտական դիտարկումներով ու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններով հարստացրել է նաև Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի դասախոս Միգել Խուան Տաբոադան։ Հանդիպմանն առանձնակի աշխուժություն է հաղորդել հատուկ QR կոդի միջոցով կազմակերպված թեմատիկ վիկտորինան, որի մասնակից 42 ուսանողները մեծ խանդավառությամբ պատասխանել են 14 հարցից բաղկացած քուիզին՝ արժանանալով հայկական համեղ քաղցրավենիքի և Հայաստանը խորհրդանշող հուշանվերների։ Գործընկեր համալսարանում է նաև Հյուսիսային համալսարանի դասախոս Լալա Բախշյանը, ով ուսանողներին պատմել է Հյուսիսային համալսարանի ուսանողակենտրոն կրթական գործընթացների, ծրագրերի ու հագեցած առօրյայի մասին։ մեր դասախոսները կվերադառնան Հյուսիսային համալսարան՝ Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում թողնելով Հայաստանի և հայոց պատմության դրվագների վերաբերյալ անմոռանալի տպավորություններ: «Էրազմուս+» ծրագիրը վաղուց դուրս է եկել զուտ ակադեմիական շարժունության և գիտելիքների փոխանակման շրջանակներից՝ դառնալով ինքնատիպ կրթական ու մշակութային կամուրջ և ընձեռելով աշխարհաճանաչողության բացառիկ հնարավորություն:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
