Թումանյանի ծննդյան օրը Թումանյանական բուհում

Թումանյանական բուհում Թումանյանի ծննդյան օրն ամեն տարի նշվում է որպես սիրո խոստովանություն՝ ուղղված հանճարեղ բանաստեղծին ու «գրքերի անեզր տիեզերքին»:

Հյուսիսային համալսարանի գրադարանում տոն է: Հյուսիսայինցիների մեծ ընտանիքը կրկին հավաքվել է՝ նշելու ավանդական դարձած կրկնատոնը:

Համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Ռայա Ջանինյանն իր ողջույնի խոսքն սկսում է Պարույր Սևակի տողով՝ Թումանյանը մեր լավաշ հացն է…Ու լավաշ հացի օրհնված պատառները նշխարի նման տարածվում են քոլեջի և ավագ դպրոցի սաների շուրթերին, դառնում խոսք ու տող և «ղոչաղ կենալու» հավերժական պատգամ:

Գիրք նվիրելու օրվա խորհրդին հավատարիմ՝ հյուսիսայինցիները գրքեր են նվիրում գրադարանին՝ համալրելով գրքացանկը ժամանակակից գեղարվեստական գրականությամբ:

Համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, կարևորելով մասնագիտական գիտելիքը, ուսանողների սեղանին է դնում գեղարվեստական և մասնագիտական արժեքավոր գրքեր՝ շնորհակալություն հայտնելով գրադարանավարուհի Աննա Սահակյանին յուրաքանչյուր տարի այս օրը գրադարանին իրական տոն պարգևելու համար:

Աննա Սահակյանն իր հերթին համալսարանի անունից գրքեր է նվիրում տարվա ամենաակտիվ և ամենագրքասեր ուսանողներին՝ ուրախությամբ նշելով, որ գրադարանը տաքուկ անկյուն է, որտեղ յուրաքանչյուր ուսանող գալիս է գտնելու «գրքերի անեզր տիեզերքի» իր բաժինը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն