«Փախստականների իրավունքների» աշնանային 14-րդ ամենամյա դպրոց

Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողները և դասախոս Էդգար Մանուչարյանը մասնակցեցին «Փախստականների իրավունքների» աշնանային 14-րդ ամենամյա դպրոցին։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացված եռօրյա աշխատաժողովն այս տարի Աղվերանում էր: Փախստականների իրավունքի հիմնադրույթների վերաբերյալ ապագա իրավաբանների, հետազոտողների և փախստականների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված մասնագետների համար նախատեսված աշնանային դպրոցին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական կլինիկաները:

Հագեցած օրակարգով աշխատաժողովի բանախոսները ոլորտի առաջատար մասնագետներն էին, ովքեր անդրադարձան փախստականների միջազգային իրավունքին, կարգավիճակի որոշման ընթացակարգին, ապաստան հայցող անձանց և փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքներին, փախստականների պաշտպանության հիմնարար սկզբունքներին, անազատության մեջ գտնվող փախստականների և ապաստան հայցողների պաշտպանությանը, երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումներին, ապաքաղաքացիության հիմնահարցերին և ոլորտին առնչվող այլ կարևոր հիմնախնդիրների:

Հյուսիսայինցիների մասնակցությունը աշխատաժողովներին մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման լավագույն հնարավորություններից է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն