Հյուսիսային համալսարանը՝ Կենսաբազմազանության COP17 գլոբալ համաժողովում

Հյուսիսային համալսարանը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ձևավորված բուհական կոալիցիան առաջին մասշտաբային նախաձեռնությունն է, որը համախմբել է հայաստանյան բուհերը կենսաբազմազանության պահպանման գաղափարի շուրջ։
Համալսարանների կոալիցիայի անդամ Հյուսիսային համալսարանը հոկտեմբերի 23-ին Կանաչ գոտում հանդես եկավ էկոլոգիական կրթության կազմակերպմանն ու կանաչ նորարարություններին նվիրված հատուկ դասախոսությունների շարքով։
Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյան
«Կանաչ կրթության կազմակերպման նշանակությունը և միջազգային պահանջները»
Հյուսիսային համալսարանի ուսանողական բիզնես ինկուբատորի ղեկավար, տ․գ․թ Նարեկ Սարատիկյան
«Ուսանողական կանաչ ինկուբատորների նպատակադրումները և գործունեության առանձնահատկությունները»
Հյուսիսային համալսարանի ասպիրանտ Հասմիկ Սահակյան
«Ոչ ֆորմալ կանաչ կրթության կազմակերպման առանձնահատկությունները»
Դասախոսությունների առանցքային թեմաներն առնչվում էին նոր կանաչ գաղափարների իրականացմանը, Հայաստանի էկոլոգիական մարտահրավերներին ու հնարավորություններին, կենսաբազմազանության պահպանման գործում միջազգային փորձի կիրառելի սկզբունքներին, Էկոհամակարգերի ընդլայնմանը և ամենակարևորը՝ գրագետ կանաչ քաղաքականություն իրականացնելու համար համապատասխան կադրերի կրթությանն ու հմտությունների ձևավորմանը։ Բանախոսներն ընդգծեցին նաև կանաչ կրթության առանցքային սկզբունքների մշակումն ու գաղափարների շարունակական հոսքը ծրագրային գործընթաց դարձնելու կարևորությունը։
Դասախոսություններին հաջորդած ինտերակտիվ քննարկումները ևս աչքի ընկան հարցադրումների խորությամբ և մասնագիտական շեշտադրումներով։ Ներկաները, ուսանողներն ու ոլորտի մասնագետները ծավալեցին ակտիվ երկխոսություն բանախոսների հետ՝ անդրադառնալով բուհերում կանաչ տեխնոլոգիաների գործնական ներդրման հնարավորություններին,ուսանողական նախաձեռնությունների ֆինանսավորման և ինկուբացիոն աջակցության մեխանիզմներին, հասարակության լայն շերտերում էկոլոգիական մշակույթի ձևավորման արդյունավետ ուղիներին։
Հնչած հարցերն ու դրանց շուրջ ծավալված գիտականորեն հիմնավորված քննարկումները մեկ անգամ ևս փաստեցին, որ երիտասարդությունն ու ակադեմիական համայնքը պատրաստակամ են դառնալ կանաչ փոփոխությունների առաջամարտիկը։
Հավատարիմ մնալով էկոլոգիական մտածողության ձևավորման, կանաչ կրթության խթանման և նորարարական մեթոդների ներդրման իր առաքելությանը՝ Հյուսիսային համալսարանը շարունակելու է իրականացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական նախագծեր՝ ընդլայնելով միջբուհական ու միջազգային համագործակցության շրջանակները և իր ծանրակշիռ նպաստը բերելով կանաչ ապագայի կերտմանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
