Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» խորագրով դասընթացը

Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» խորագրով դասընթաց, որը նվիրված էր իշխանության, լիդերության և խարիզմայի հարաբերակցությանը, ինչպես նաև առաջնորդ կանանց համար արդյունավետ հաղորդակցության գործնական հմտություններին։ Դասընթացը կազմակերպվել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Կանանց հզորացման ակադեմիայի» 6-րդ հոսքի շրջանակներոմ դասավանդողների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած Աստղիկ Մատինյանի կողմից՝ «Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման հասարակական կազմակերպության Նախագահ, հոգեբան, էմոցիաների քոուչ Լիանա Ստեփանյանի հետ համատեղ։
Դասընթացի առաջին մասում մասնակիցները քննարկեցին առաջնորդի և լիդերի տարբերությունը՝ դիրքից բխող իշխանության և վստահությունից ծնվող ազդեցության համեմատությամբ ։ Իշխանության էությունը դիտարկվեց Մաքս Վեբերի դասական մոտեցմամբ՝ հարկադրանք, համոզում և լեգիտիմություն։
Մասնակիցները ծանոթացան իշխանության մասին երեք հայտնի հեղինակների մոտեցումներին։
Դասընթացի կարևոր բաղադրիչը կին առաջնորդների արքետիպերի ուսումնասիրությունն էր։
Մասնակիցները քննարկեցին նաև կնոջ առաջնորդության գինը պատմության մեջ և այսօր. երկակի ստանդարտը, արտաքինի գնահատումը, խոսքի իրավունքի խնդիրները, փակ ցանցերի ազդեցությունը, աշխատանքի և ընտանիքի հավասարակշռության ճնշումը և ներքին կասկածը։ Յուրաքանչյուր խնդրի համար ներկայացվեց համապատասխան հաղորդակցական հմտություն և գործիք՝ հաստատակամ խոսք, ցանցայնացում, ճգնաժամային հաղորդակցություն, հրապարակային խոսք, բանակցություն, սեփական պատմության կառուցում։
Դասընթացի երկրորդ մասն ուղղված էր գործնական հմտությունների զարգացմանը, ինչը կատարվեց աշխատանքային տետրերի օգնությամբ։ Մասնակիցներն աշխատեցին հետևյալ թեմաներով.
• հաղորդակցության երեք մակարդակ (բառեր, ձայն, մարմնի լեզու) և չորս ոճ (պասիվ, ագրեսիվ, պասիվ-ագրեսիվ, ասերտիվ),
• «կրկնակի ծուղակ» և գիտակցված ճկունություն՝ «ջերմություն + հստակություն» բանաձևով,
• ակտիվ լսողություն և էմպաթիկ առաջնորդություն, այդ թվում՝ վերաձևակերպման, բաց հարցերի, դադարի և զգացմունքի անվանման տեխնիկաները,
• հոգեբանական անվտանգության ստեղծումը թիմում,
• ոչ բռնի հաղորդակցության (NVC) քայլերը՝ փաստ, զգացմունք, կարիք, խնդրանք։
Մասնակիցները կատարեցին մի շարք վարժանքներ։
Դասընթացն անցավ բարձր ակտիվության և բարեկամական մթնոլորտում։ Եզրափակիչ մասում յուրաքանչյուր մասնակից ձևակերպեց «Իմ առաջին քայլը վաղվանից»՝ մեկ կոնկրետ NVC կամ հաստատակամության սկզբունք, որը նախատեսում է կիրառել իր աշխատավայրում։ Մասնակիցների հետադարձ կապը դրական էր. նրանք բարձր գնահատեցին թեմայի արդիականությունը, տեսական և գործնական բաղադրիչների հավասարակշռությունը և աշխատանքային տետրերում ընդգրկված վարժանքների օգտակարությունը։
Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնը այսուհետ ևս կշարունակի կազմակերպել նմանատիպ դասընթացներ և հանդիպումներ, որոնք նպաստում են ուսանողների և դասախոսների հաղորդակցական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև գենդերային հավասարության և առաջնորդության թեմաների շուրջ բաց երկխոսությանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
