Երևանի պետական համալսարանում կայացավ Erasmus+ KPI4HE եվրոպական միջազգային ծրագրի եզրափակիչ համաժողովը

Erasmus+ «KPI4HE» ծրագրի առանցքային նպատակն էրՀայաստանի բարձրագույն կրթության համակարգում արմատավորել որակի ապահովման, ռազմավարական պլանավորման և տվյալահենք կառավարման ժամանակակից մեխանիզմներ:
Ստեղծել բուհերի գործունեության արդյունավետության գնահատման և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովող գործիքներ:
Ծրագրի ընթացքում մշակված ազգային ցուցանիշների շրջանակը ենթադրում է որակական անցում՝ զուտ քանակական ցուցանիշների արձանագրումից դեպի չափելի արդյունքներ, որը ներառում է կրթության որակից և գիտահետազոտական գործունեությունից մինչև միջազգայնացում և կառավարման արդյունավետություն, բուհական միջավայրում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումից մինչև կայուն զարգացման առաջնահերթությունների ինտեգրում:
Որպես ծրագրի կոնսորցիումի անդամ՝ Հյուսիսային համալսարանը ևս, Դրեզդենի տեխնիկական համալսարանի, Ջենովայի համալսարանի, Օլդենբուրգի համալսարանի և հայաստանյան գործընկեր բուհերի հետ ակտիվորեն ներգրավված էր KPI-ների կիրառման մեթոդաբանության , թվային գործիքակազմի փորձարկման և որակի ապահովման ազգային չափանիշներին համահունչ ռազմավարությունների մշակման գործընթացում:
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը, ներկայացնելով ծրագրի արդյունքները և ազդեցությունը Հյուսիսային համալսարանի կրթական գործընթացների վրա, նշեց, որ ծրագիրը նոր որակ և մտածողություն է բերել բուհ՝ հնարավորություն տալով ավելի ճկուն, թափանցիկ և արդյունավետ կառավարել կրթական ռեսուրսները՝ ի նպաստ մեր ուսանողների և հասարակության։
Լուսինե Ֆլջյանն ընդգծեց նաև, որ մեզ համար KPI4HE-ն պարզապես ավարտված ծրագիր չէ, այլ երկարաժամկետ ներդրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում, փաստերի վրա հիմնված կառավարման նոր մշակույթ և ապագա վերափոխումների ամուր հիմք։
Հյուսիսային համալսարանն իր երախտագիտությունն է հայտնում ծրագրի համակարգող Երևանի պետական համալսարանին, եվրոպական և հայաստանյան գործընկեր հաստատություններին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին և Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնին արդյունավետ համագործակցության և ներդրած ավանդի համար։
Հատուկ շնորհակալություն Եվրոպական միությանը՝ Erasmus+ ծրագրի միջոցով ցուցաբերած աջակցության համար։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
