Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար:

Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 16-ին Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար:
«Արհեստական բանականության գործիքների կիրառությունը մասնագիտական անգլերենի դասավանդման մեջ՝ կայուն զարգացման համատեքստում» խորագրով դասընթացը միտված է ՀՀ բուհերում անգլերենը որպես օտար լեզու դասավանդողներին ծանոթացնելու արհեստական բանականության տարբեր գործիքներին հետագայում դասավանդման, ուսուցման և գնահատման ընթացքում դրանք կիրառելու նպատակով։
Միկրոորակավորման դասընթացը միավորում է բուհերի դասախոսներին և ոլորտի մասնագետներին։ Այն նպատակ ունի ուսումնասիրել արհեստական բանականության կիրառման հնարավորությունները մասնագիտական անգլերենի դասավանդման գործընթացում՝ հատուկ շեշտադրելով կայուն զարգացման սկզբունքները, արհեստական բանականության էթիկական կիրառությունը և կրթության համապատասխանեցումը աշխատաշուկայի արդի պահանջներին։
Ծրագրի ընթացքում մասնակիցներն ունկնդրում են ինտերակտիվ դասախոսություններ և ունենում գործնական պարապմունքներ՝ զարգացնելով հմտություններ արհեստական բանականության կիրառմամբ դասավանդման, գնահատման և մասնագիտական հաղորդակցության ոլորտներում։ Դասընթացը համահունչ է բարձրագույն կրթության թվայնացման ժամանակակից միտումներին և նպաստում է առաջադեմ մանկավարժական մոտեցումների ներդրմանը։
«Մեդիագրագիտություն և թվային քննադատական կարողություններ» թեմայով երկամսյա կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել ուսանողների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և թվային միջավայրում պատասխանատու վարքագիծը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ուսումնասիրելու տեղեկատվական էկոհամակարգերը, աղբյուրների գնահատման մեխանիզմները, ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման առանձնահատկությունները, նաև՝ համացանցում ալգորիթմների ազդեցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մեդիայի էթիկակական, թվային պատասխանատվությանը և արհեստական բանականության հնարավորություններին ու ռիսկերին։
Դասընթացը ներառում է ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական աշխատարաններ՝ հնարավորություն ընձեռելով ձեռք բերված գիտելիքներն իրական իրավիճակներում կիրառելու հնարավորություն։
Դասընթացների նյութերը մշակվել և պատրաստվել են Հյուսիսային համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսների կողմից:
Լուսինե Ֆլջյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր,
Արուսյակ Իվանյան՝ բ.գ.թ., Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, Հյուսիսային համալսարան,
Անի Թամազյան՝ բ.գ.թ., Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ, Եվրասիա միջազգային համալսարան:
Ծրագրերի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ (3 ECTS)։
«Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունվարին՝ 2 տարի տևողությամբ: Կոնսորցիումի ղեկավարը Իտալիայի Տերամոյի համալսարանն է։ Ի թիվս այլ ՀՀ բուհերի՝ կոնսորցիումի անդամ է նաև Հյուսիսային համալսարանը։
Դասընթացների մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող, պրոֆեսոր Պաոլա Պիտտան, իսկ Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը նշեց ծրագրի կարևորությունը՝ ժամանակակից կրթական համակարգի և վիրտուալ աշխարհի՝ օրեցօր փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու, տեղեկատվական համակարգերից գրագետ և անվտանգ օգտվելու հարցում:
Դասընթացներին մասնակցում են ՀՀ, ինչպես և արտասահմանյան բուհերի դասախոսներ և ուսանողներ։ Դասավանդման լեզուն անգլերենն է, որը ևս ՀՀ բուհերի միջազգայնացման արդյունավետ գործիքներից մեկն է, քանի այն խթանում է օտար լեզվի իմացությանը, նպաստում բուհերի դասախոսների և ուսանողների շարժունության ծրագրերի մեջ առավել ակտիվ և արդյունավետ մասնակցությանը։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին արդյունավետ, հետաքրքիր և ոգեշնչող ուսումնական ընթացք:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
