Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ /SIN-NEC/» «Էրազմուս+» առցանց դասընթացները

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված առցանց դասընթացների մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

🔹SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար կազմակերպված՝

«Արհեստական բանականության գործիքների կիրառությունը մասնագիտական անգլերենի դասավանդման մեջ՝ կայուն զարգացման համատեքստում» և «Մեդիագրագիտություն և թվային քննադատական կարողություններ» թեմաներով երկամսյա դասընթացները միտված էին ՀՀ բուհերում անգլերենը որպես օտար լեզու դասավանդողներին ծանոթացնելու արհեստական բանականության տարբեր գործիքներին հետագայում դասավանդման, ուսուցման և գնահատման ընթացքում դրանք կիրառելու նպատակով, նաև՝ զարգացնելու ուսանողների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և թվային միջավայրում պատասխանատու վարքագիծը:

🔹Բարձրագույն կրթության թվայնացման ժամանակակից միտումներին համահունչ միկրոորակավորման դասընթացը միավորել էր ՀՀ առաջատար բուհերի դասախոսներին և ոլորտի մասնագետներին։

Դասընթացը ներառում էր ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական աշխատարաններ՝ հնարավորություն ընձեռելով ձեռք բերված գիտելիքներն իրական իրավիճակներում կիրառելու հնարավորություն։

🔹Դասընթացների նյութերը մշակվել և պատրաստվել էին Հյուսիսային համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսների կողմից:

🔹Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի համակարգողներին, պատասխանատուներին, ծրագիրը կյանքի կոչողներին, միջազգային գործընկերներին և գործընկեր բուհերին՝ համոզմունք հայտնեց, որ այն կարողությունները, որոնք ձեռք են բերվել դասընթացների ընթացքում, արդյունավետորեն կկիրառվեն գործնական աշխատանքում:

🔹Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ տասնվեց բուհերի ներկայացուցիչներն՝ դասախոսներին և ուսանողներին, վերապատրաստման երկու ծրագրերին ակտիվորեն մասնակցելու համար:

🔹Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանը ևս շնորհավորեց ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական:

🔺Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները ՝ կարևորելով այն արժեքավոր փորձառությունը, որ մասնակիցները ձեռք են բերել երկամսյա դասընթացի ընթացքում:

🇪🇺Մասնակիցներին իր շնորհավորական ուղերձն էր հղել նաև ծրագրի համակարգող, պրոֆեսոր Պաոլա Պիտտան՝ հույս հայտնելով, որ դասընթացների միջոցով ձեռքբերված փորձն ու գիտելիքները կօգնեն հետագա մասնագիտական աճին:

📌 «Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունվարին՝ 2 տարի տևողությամբ: Կոնսորցիումի ղեկավարը Իտալիայի Տերամոյի համալսարանն է։ Ի թիվս այլ ՀՀ բուհերի՝ կոնսորցիումի անդամ է նաև Հյուսիսային համալսարանը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն