Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ /SIN-NEC/» «Էրազմուս+» առցանց դասընթացները

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված առցանց դասընթացների մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար կազմակերպված՝
«Արհեստական բանականության գործիքների կիրառությունը մասնագիտական անգլերենի դասավանդման մեջ՝ կայուն զարգացման համատեքստում» և «Մեդիագրագիտություն և թվային քննադատական կարողություններ» թեմաներով երկամսյա դասընթացները միտված էին ՀՀ բուհերում անգլերենը որպես օտար լեզու դասավանդողներին ծանոթացնելու արհեստական բանականության տարբեր գործիքներին հետագայում դասավանդման, ուսուցման և գնահատման ընթացքում դրանք կիրառելու նպատակով, նաև՝ զարգացնելու ուսանողների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և թվային միջավայրում պատասխանատու վարքագիծը:
Բարձրագույն կրթության թվայնացման ժամանակակից միտումներին համահունչ միկրոորակավորման դասընթացը միավորել էր ՀՀ առաջատար բուհերի դասախոսներին և ոլորտի մասնագետներին։
Դասընթացը ներառում էր ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական աշխատարաններ՝ հնարավորություն ընձեռելով ձեռք բերված գիտելիքներն իրական իրավիճակներում կիրառելու հնարավորություն։
Դասընթացների նյութերը մշակվել և պատրաստվել էին Հյուսիսային համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսների կողմից:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի համակարգողներին, պատասխանատուներին, ծրագիրը կյանքի կոչողներին, միջազգային գործընկերներին և գործընկեր բուհերին՝ համոզմունք հայտնեց, որ այն կարողությունները, որոնք ձեռք են բերվել դասընթացների ընթացքում, արդյունավետորեն կկիրառվեն գործնական աշխատանքում:
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ տասնվեց բուհերի ներկայացուցիչներն՝ դասախոսներին և ուսանողներին, վերապատրաստման երկու ծրագրերին ակտիվորեն մասնակցելու համար:
Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանը ևս շնորհավորեց ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական:
Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները ՝ կարևորելով այն արժեքավոր փորձառությունը, որ մասնակիցները ձեռք են բերել երկամսյա դասընթացի ընթացքում:
Մասնակիցներին իր շնորհավորական ուղերձն էր հղել նաև ծրագրի համակարգող, պրոֆեսոր Պաոլա Պիտտան՝ հույս հայտնելով, որ դասընթացների միջոցով ձեռքբերված փորձն ու գիտելիքները կօգնեն հետագա մասնագիտական աճին:
«Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունվարին՝ 2 տարի տևողությամբ: Կոնսորցիումի ղեկավարը Իտալիայի Տերամոյի համալսարանն է։ Ի թիվս այլ ՀՀ բուհերի՝ կոնսորցիումի անդամ է նաև Հյուսիսային համալսարանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
